Փորձագետների մեծ մասը հակված է այն տեսակետին, որ նա Դոնալդ Թրամփից Իրանին նոր հարվածներ հասցնելու, Լիբանանի հարավում եւ Բեյրութում «Հըզբալա»-ի ռազմապահեստները եւ ենթակառուցվածքները ոչնչացնելու գործողությունների համար «կանաչ լույս» է ակնկալում:
Վահրամ Աթանեսյան
Դեկտեմբերի 22-ին անոնսավորված է Իսրայելի, Հունաստանի վարչապետների եւ Կիպրոսի նախագահի հանդիպում, որ նախատեսված է անցկացնել Բենիամին Նաթանյահուի Երուսաղեմի նստավայրում:
Նախօրեին Նաթանյահուի գրասենյակը հերքել է հունական մամուլի տեղեկությունը, ըստ որի երեք երկրները «ծրագրում են Միջերկրականի արեւելյան հատվածում ստեղծել միասնական արագ արձագանքման ուժեր» եւ մեկնաբանել, որ հանդիպմանը կքննարկվեն էներգետիկ համագործակցության եւ Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:
Իսրայելական yenet կայքի ռազմական հարցերով մեկնաբանն, այդուհանդերձ, գրել է, որ «կառավարությունը Պաշտպանության բանակին հանձնարարել է Միջերկրականի արեւելյան հատվածում եւ Էգեյան ծովում հնարավոր արտակարգ իրավիճակին հակազդելու մշակումներ անել եւ գործընկերների հետ խորհրդատվություններ սկսել»: Ըստ էության, խոսքը Թուրքիայի հավանական միջամտությունը կանխարգելելու կամ ճգնաժամի դեպքում արդյունավետ հակահարված հասցնելու ծրագրի մասին է, իսկ Հունաստանի վարչապետի եւ Կիպրոսի նախագահի Երուսաղեմ այցը վկայում է, որ Աթենքը եւ Նիկոսիան են Իսրայելի գործընկերը:
Այդ վճռորոշ հանդիպման նախօրեին Թուրքիան Էգեյան ծովի «վիճելի հատվածի» օդային տարածքում երեք F-16 կործանիչներով «գրոհի նմանակում է իրականացրել», ինչին ի պատասխան Հունաստանը գործի է դրել ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Իսրայելական մամուլը գրել է, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ «լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ չէ, բայց բախումներ կարող են լինել»:
Թուրքական կողմը վերջին երկու-երեք տարիներին բազմիցս դժգոհել է Հունաստանին Միացյալ Նահանգների ցուցաբերած «ռազմական աննախադեպ աջակցությունից»:
Հունաստանի վարչապետի եւ Կիպրոսի նախագահի հետ բանակցություններից հետո Նաթանյահուն կմեկնի Միացյալ Նահանգներ: Փորձագետների մեծ մասը հակված է այն տեսակետին, որ նա Դոնալդ Թրամփից Իրանին նոր հարվածներ հասցնելու, Լիբանանի հարավում եւ Բեյրութում «Հըզբալա»-ի ռազմապահեստները եւ ենթակառուցվածքները ոչնչացնելու գործողությունների համար «կանաչ լույս» է ակնկալում: Ամենայն հավանականությամբ, Նաթանյահուն եւ Թրամփը քննարկելու են նաեւ Մերձավոր Արեեւլքում Թուրքիային «զսպելու» հարցը:
Հնարավոր է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտնվի երկու՝ իսրայելա-իրանական եւ թուրք-հունա-իսրայելական «պատերազմի միջակայքում»: Առաջին դեպքում Ալիեւը պարտավորություն ունի Իսրայելի, երկրորդում՝ Թուրքիայի առջեւ: Ընդսմին, գոնե այս փուլում Թուրքիան Իրանի հարցում ակնհայտորեն դեմ է իսրայելական հարվածներին, միաժամանակ հանդես է գալիս որպես Լիբանանի «անվտանգության հովանավոր»:
Աշնանը Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության զորախումբն Էգեյան ծովի թուրքական հատվածում մասնակցել է Թուրքիայի զորավարժություններին:
Դրանք ընթացել են «ծովային հետեւակը պայմանական հակառակորդի տարածք ափհանելու» սցենարով: Տվյալ դեպքում «պայմանական հակառակորդը» Հունաստանն է:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին վերջերս Բաքվում ունեցած հանդիպումներից հետո բացառիկ հարցազրույց է տվել Irna պաշտոնական գործակալությանը եւ հավաստիացրել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կհասնեն «ռազմավարական գործընկերության մակարդակի»: Ալիեւը կարողանում է խուսանավել «երկու պատերազմի միջակայքում», քանի դեռ դրանք «տեսական են»: Ի՞նչ դիրքորոշում կունենա նա, եթե վրա հասնի «գործնական պատերազմների» փուլը:
Վահրամ Աթանեսյան
