Հայաստան

Լյուստրացիայի Կենսական Անհրաժեշտությունը


Ժամանակակից ընկալմամբ ՊԱԿ-ը կարելի է համեմատել այն կառույցների հետ, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչվում են որպես հանցավոր կամ տեռորիստական։

Արտաշես Խալաթյան

1inTV-ն զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում լյուստրացիայի և դեսովետիզացիայի խիստ անհրաժեշտությունը՝ կապված ԿԳԲ-ի նախկին գործակալների բացահայտման հետ: Զրույցի առանցքում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործակալական անցյալի հրապարակայնացումն է և դրա հնարավոր իրավական հետևանքները: Զրուցակիցները շեշտում են, որ առանց համակարգային մաքրագործման, օտարերկրյա հատուկ ծառայությունները շարունակում են իրենց ազդեցությունը պահպանել քաղաքական, կրթական և հոգևոր ոլորտներում:

Արտաշես Խալաթյանը նշեց, որ եթե խոսքը միայն խորհրդային ՊԱԿ-ի գործակալ լինելու փաստի մասին է, ապա գործող օրենսդրությամբ դա գործնականում որևէ իրավական հետևանք չի առաջացնում։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ կրկին պետք է անդրադառնալ անցումային արդարադատության գործիքակազմին և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող լյուստրացիայի՝ մաքրագործման օրենքին։

Խալաթյանը բացատրեց, որ անցումային արդարադատության առանձնահատկությունն այն է, որ այստեղ հաճախ կիրառվում են հանրային պատասխանատվության մեխանիզմներ, որտեղ անհատական մեղքի, կոնկրետ հանցակազմի ապացուցման պահանջը կարող է երկրորդ պլան մղվել։ Նրա դիտարկմամբ՝ որոշ դեպքերում արդեն իսկ բավարար է խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցության փաստը, որպեսզի տվյալ անձի նկատմամբ կիրառվեն իրավական սահմանափակումներ, որոնք, սակայն, չեն վերաբերում քրեական պատասխանատվությանը։

Իրավաբանը հիշեցրեց Եվրոպական մարդու իրավունքների դատարանի՝ Լիտվայի վերաբերյալ վճիռը, որով հստակ արձանագրվել է, որ խորհրդային ՊԱԿ-ը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ անհամատեղելի կառույց է։ Նա ընդգծեց, որ դատարանը նաև նշել է այդ կառույցի հակասահմանադրական բնույթը՝ կապված ռեպրեսիաների, բռնի տեղահանությունների և այլ գործողությունների հետ։ Խալաթյանի գնահատմամբ՝ ժամանակակից եզրաբանությամբ ՊԱԿ-ը կարելի է համեմատել այնկառույցների հետ, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչվում են որպես հանցավոր կամ տեռորիստական։

Արտաշես Խալաթյանը նշեց, որ լյուստրացիայի տրամաբանությամբ՝ այդպիսի կառույցին որևէ ձևով առնչված լինելը արդեն իսկ կարող է հիմք հանդիսանալ որոշակի ժամանակահատվածով պետական և հանրային կարևոր պաշտոններ զբաղեցնելու արգելքի համար։ Նա օրինակներ բերեց Արևելյան Գերմանիայից, Բալթյան երկրներից և Լեհաստանից, որտեղ նման սահմանափակումներ են կիրառվել ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև ուսուցիչների, մշակույթի գործիչների, եկեղեցականների և խոշոր կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ։ Առանց լյուստրացիայի կիրառման՝ պետությունը ռիսկի է դիմում խրվել քրեական իրավունքի շրջանակներում, որտեղ գործում են անմեղության կանխավարկածը, վաղեմության ժամկետները և խիստ ապացուցողական պահանջները։ Նրա խոսքով՝ լյուստրացիան համակարգային բարեփոխում է անցումային արդարադատության շրջանակում և ենթադրում է այլ մեթոդաբանություն։

Խալաթյանը քննադատեց այն տեսակետը, թե խորհրդային ՊԱԿ-ը այլևս գոյություն չունի և թեման ժամանակավրեպ է։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը, ինչը նշանակում է, որ խորհրդային հատուկ ծառայությունների գործակալական ցանցի բացահայտումը շարունակում է մնալ արդիական։ Նրա համոզմամբ՝ շատ հետխորհրդային երկրներում լյուստրացիայի նպատակն էր կանխել այդ ցանցերի վերագործարկումը։

Իրավագետը նշեց, որ Հայաստանում դեսովետիզացիան երբեք չի իրականացվել որպես պետական քաղաքականություն, և ՊԱԿ-ը չի ստացել քաղաքական ու իրավական գնահատական՝ ի տարբերություն նացիստական Գերմանիայի փորձի։ Նրա կարծիքով՝ այսօր հաճախ հնչող արդարացումները, թե խորհրդային շրջանում այդ համագործակցությունը «ծառայություն էր երկրին», անտեսում են խորհրդային համակարգի՝ որպես պետական տեռորի մեքենայի էությունը։ ՊԱԿ-ի գործակալական ցանցի չբացահայտումը պարարտ հող է ստեղծում դրա վերարտադրության համար նաև մեր օրերում։ Առանց հատուկ իրավական գործիքակազմի պետությունը փաստացի անզոր է նման ազդեցությունների դեմ պայքարում, քանի որ գործող իրավակարգը պաշտպանում է անձանց աշխատանքի, խղճի և գործունեության ազատությունը։

Խալաթյանը օրինակ բերեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ ընդգծելով, որ հասարակության համար սկզբում անսովոր և վիճահարույց գործիքները ժամանակի ընթացքում կարող են դառնալ իրավական իրականության ընդունված մաս։ Նրա խոսքով՝ նույնը կարող է տեղի ունենալ նաև լյուստրացիայի դեպքում, քանի որ միջազգային փորձը՝ Էստոնիայից մինչև Գերմանիա, արդեն իսկ գոյություն ունի։Իրավաբանը նաև կարևորեց, որ որոշ երկրներում հրապարակվել են ՊԱԿ-ի գործակալների անունները՝ նրանց պաշտպանելու համար արտաքին շանտաժից։ Նրա դիտարկմամբ՝ սա ոչ թե պատժի, այլ անվտանգության և հասարակության առողջացման մեխանիզմ է։

Խալաթյանը մտահոգիչ համարեց հասարակության իներտ արձագանքը այն փաստին, որ բարձր պաշտոն զբաղեցնող կամ հանրային մեծ ազդեցություն ունեցող անձինք կարող են կապված լինել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Նա նշեց, որ նման անտարբերությունը վկայում է պետական մտածողության թուլության մասին։Լյուստրացիան միայն անցյալի դատապարտում չէ, այլ ապագայի համար ճանապարհի մաքրում։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն օրենքներին, այլև կրթամշակութային միջավայրին՝ փողոցների, դպրոցների, հաստատությունների անվանումներին, պատմական կերպարների հանրային արժևորմանը։

Արտաշես Խալաթյանը եզրափակեց, որ լյուստրացիան համակարգային գործընթաց է, որը նպաստում է պետական ինքնապահպանմանը։ Նրա համոզմամբ՝ առանց այդ գործընթացի Հայաստանը մշտապես ենթակա կմնա անցյալի ազդեցություններին, որոնք կարող են վերածվել հիբրիդային սպառնալիքների ներկայում և ապագայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *