Աշակերտահեն մոդելից անցում է կատարվել դասարանահեն ֆինանսավորման, ինչի արդյունքում փոքր և մեծ դպրոցների միջև անհամաչափությունը զգալիորեն նվազել է։ Այժմ խնդիրը ոչ թե անհամաչափությունն է, այլ որակի համաչափ ապահովումը։
Ժաննա Անդրեասյան
FreeNews Armenia-ն զրուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Զրույցի ընթացքում ամփոփվում են գերատեսչության ձեռքբերումներն ու իրականացվող բովանդակային բարեփոխումները: Հիմնական շեշտադրումը կատարված է կրթության նոր չափորոշիչների, ուսուցիչների կամավոր ատեստավորման և կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի վրա: Նախարարը մանրամասնում է բարձրագույն կրթության ոլորտի արդիականացումը, մասնավորապես՝ բուհերի խոշորացման և «Ակադեմիական քաղաք» նախագծի կարևորությունը միջազգային մրցունակության համատեքստում:
Ժաննա Անդրեասյանը ասաց, որ 2025 թվականը նախարարության համար եղել է «ամեն ինչի տարի»․միաժամանակ և բարեփոխումների, և դիմադրությունների, և այդ դիմադրությունները հաղթահարելու փուլ։ Նրա խոսքով՝ ցանկացած բարեփոխում ենթադրում է փոփոխություն, իսկ փոփոխությունը միշտ ունի ինչպես խոչընդոտներ, այնպես էլ աջակցող գործոններ, ինչը հատկապես բնական է մեծ համակարգերի դեպքում։ Տարվա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի ընդունումն էր, որի շուրջ տարիներ շարունակ կուտակված էր թերահավատություն։ Նրա գնահատմամբ՝ երկարատև, մասնակցային և ներառական քննարկումները հանգեցրին նրան, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համակարգում լուրջ դիմադրություն չձևավորվեց։ Նախարարը կարծում է, որ դիմադրությունները հիմնականում ծագում են այնտեղ, որտեղ կա շտապողականություն և ոչ բավարար քննարկում, իսկ իրենց մոտեցումը եղել է որակյալ գործընթացի ապահովումը։
Խոսելով դպրոցական կրթության մասին՝ նախարարն ընդգծեց, որ կրթությունը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություն։ Նա փաստեց, որ 2026 թվականին նախարարության բյուջեն կազմելու է 421 միլիարդ դրամ, մինչդեռ մի քանի տարի առաջ ամբողջ ոլորտին հատկացվում էր մոտ 175 միլիարդ դրամ։ Ըստ նրա՝ սա հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ։
Նախարարը դիտարկեց, որ տարածված թյուր ըմբռնում կա դասարանների խտության վերաբերյալ․ իրականում 30-35 աշակերտ ունեցող դասարանները առկա են դպրոցների մոտ 23 տոկոսում, իսկ դպրոցների մեծ մասն աշխատում է ավելի համաչափ պայմաններում։ Նա նշեց, որ դասարանների կազմավորման նոր կարգով նախատեսվում է աստիճանական անցում 20-25 հոգանոց դասարանների։
Ֆինանսավորման մասով Անդրեասյանը նշեց, որ աշակերտահեն մոդելից անցում է կատարվել դասարանահեն ֆինանսավորման, ինչի արդյունքում փոքր և մեծ դպրոցների միջև անհամաչափությունը զգալիորեն նվազել է։ Նրա խոսքով՝ այժմ խնդիրը ոչ թե անհամաչափությունն է, այլ որակի համաչափ ապահովումը։
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ նախարարն ասաց, որ համակարգը կայացած է։ Նա նշեց, որ ավելի քան 9100 ուսուցիչ հաջողությամբ անցել է ատեստավորումը, ինչը նշանակում է՝ համակարգի յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ատեստավորված է։ Անդրեասյանը ընդգծեց, որ սա ուղեկցվել է ոչ թե 10-20 տոկոս, այլ հաճախ աշխատավարձի կրկնապատկմամբ, ինչը կյանքի որակ փոխող գործոն է։
300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի վերաբերյալ կԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասաց, որ նպատակն է մինչև 2026 թվականի սեպտեմբեր ունենալ 260 դպրոց, իսկ տարվա ավարտին՝ 308։ Նա նշեց, որ գործընթացում ներգրավված են մեծ թիմեր՝ նախարարությունը, Տարածքային զարգացման հիմնադրամը, Քաղաքաշինության կոմիտեն և համայնքները, և խոստումները պետք է իրականություն դառնան։
Այբենարանի և պատմության դասագրքերի շուրջ աղմուկների մասին Անդրեասյանը նշեց, որ Այբբենարանում Մաշտոցի վերաբերյալ քննադատությունը տեղին էր, և 2026-ի սեպտեմբերից տեղեկատվությունը կլինի նաև տպագիր տարբերակով։ Պատմության դասագրքերի դեպքում նա ընդգծեց, որ նպատակը ոչ թե փաստերի անգիրն է, այլ պատմական մտածողության ձևավորումը՝ տարբեր աղբյուրների համադրում, պատճառահետևանքային վերլուծություն և անցյալի գնահատում ներկայիս Հայաստանի Հանրապետության դիրքից։
Ուսուցիչների պակասի վերաբերյալ նախարարն ասաց, որ խնդիր կա, բայց այն մեղմվում է։ Նա նշեց գյուղական դպրոցների հավելավճարների, հեռավար դասավանդման, վերջին կուրսի ուսանողների ներգրավման և ոչ մանկավարժ մասնագետների վերապատրաստման մեխանիզմների մասին։ Նրա խոսքով՝ միայն նախորդ տարում համակարգը համալրվել է ավելի քան 3300 նոր ուսուցչով։
Դպրոցների կառավարման փոփոխությունների մասին Անդրեասյանը նշեց, որ Համաշխարհային բանկի արտաքին հետազոտությունը ցույց է տվել՝ նոր կարգով նշանակված տնօրենների ղեկավարած դպրոցներում արդյունավետությունը բարձր է։ Նա հավելեց, որ վարչատնտեսական գործառույթների պատվիրակումը նույնպես կնպաստի ծախսարդյունավետությանն ու միասնական ստանդարտների ապահովմանը։
Բարձրագույն կրթության մասին խոսելիս կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը ասաց, որ նոր օրենքը միտված է համակարգային խնդիրների լուծմանը։ Նա նշեց, որ ուսանողների թիվը վերջին տարիներին կրճատվել է մոտ 32 տոկոսով, իսկ ավելի քան 60 բուհ ունենալը իրատեսական չէ։ Նրա խոսքով՝ բարձրագույն կրթությունը պետք է լինի միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը ենթադրում է նոր լիցենզավորում, հավատարմագրում և օպտիմալացում։
Ակադեմիական քաղաքի ծրագրի վերաբերյալ Անդրեասյանը նշեց, որ մշակվել է գլխավոր հատակագիծը, և հաստատումից հետո կմեկնարկեն նախագծման ու շինարարության աշխատանքները։ Նա ասաց, որ գործընթացը զուգընթաց է ընթանալու բովանդակային փոփոխություններին և իրականացվում է աշխարհի առաջատար բուհերի հետ համագործակցությամբ։
Մարզային բուհերի վերաբերյալ նախարարն ընդգծեց, որ իրականացվել է մանրամասն վերլուծություն, և մարզերում առկա իրական կարիքները հաշվի են առնվելու։ Նա նշեց, որ միջին մասնագիտական կրթության և ուսուցիչների պատրաստման ուղղությունները կմնան առաջնահերթ, և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը չի խախտվելու։
Մանկավարժական համալսարանի շուրջ աղմկահարույց գործի մասին Ժաննա Անդրեասյանը ասաց, որ տեղի ունեցածը գնահատական կստանա նախաքննության ավարտից հետո։ Նա նշեց, որ պաշտոնավարումները կասեցված են, նշանակված է ժամանակավոր ղեկավարություն, և բուհի բնականոն գործունեությունը շարունակվում է։ Նախարարը հավելեց, որ բուհում աճել է ուսանողների ընդունելությունը և գիտական հրապարակումների թիվը։ Մշակույթը և արժեք է, և միջոց։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակույթը նաև ինքնաբավ տնտեսության ճյուղ է, և պետական քաղաքականությունը միտված է ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը։ Նա օրինակ բերեց օպերայի ֆինանսավորման նորմոդելը, որտեղ սեփական եկամուտներիկր կնապատկումը խթանեց մշակութային արտադրանքի աճը։
Ստեղծագործական ազատության վերաբերյալ նախարարն ասաց, որ այն արվեստի զարգացման հիմքն է և չի կարող հակադրվել պետական քաղաքականությանը, բացի օրենքով սահմանված հատուկ դեպքերից։ Նա նշեց, որ աղմկահարույց դեպքերից մի քանիսը կապված են եղել կառավարման մոդելների, ոչ թե ստեղծագործական բովանդակության հետ։
Սպորտի ոլորտում կԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պետությունը հիմնականում ունի աջակցող և համակարգող դեր։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը սպորտային ենթակառուցվածքների զարգացումն է․ ներկայումսավելի քան 100 վայրում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ։Նա նաև ընդգծեց երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման ծրագրերը, այդ թվում՝վարչապետի գավաթի մրցաշարերը։
Եզրափակելով՝ Անդրեասյանը ասաց, որ 2025 թվականը վճռորոշ էր, հատկապես խաղաղության օրակարգի տեսանկյունից, և համոզմունք հայտնեց, որ 2026 թվականը լինելու է նոր ձեռքբերումների տարի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
