Խոսքը պարզապես սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այլ ամբողջական և ներքին հակասություններից զերծ սահմանադրության մշակման, որը հիմնված կլինի եվրոպական ժողովրդավարական ավանդույթների վրա և վիճահարույց չի լինի։
Վլադիմիր Վարդանյան
1inTV-ն զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,Վլադիմիր Վարդանյանի հետ ով մանրամասնում է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու «նոր սերնդի» մայր օրենք ունենալու տեսլականը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվության դեմ պայքարին՝ շեշտելով Մոլդովայի փորձը հաշվի առնելու և ներքին կայունությունը պահպանելու կարևորությունը։
Վլադիմիր Վարդանյանն, ասաց, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում աշխատանքներն ուղղված են նոր սերնդի սահմանադրության մշակմանը։ Նրա խոսքով՝ նպատակն է ունենալ մի սահմանադրություն, որը կարտացոլի թե՛ աշխարհաքաղաքական զարգացումները, թե՛ Հայաստանի իրական սահմանադրաիրավական հարաբերությունները, քանի որ հաճախ տեքստային սահմանադրությունը և իրական հարաբերությունները չեն համընկնում, ինչը քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամերի պատճառ է դառնում։ Նոր սահմանադրության առանցքային խնդիրն է իշխանությունների տարանջատման և փոխզսպման ավելի հավասարակշռված մոդելի ձևավորումը, ինչպես նաև գործող սահմանադրության մեջ առկա խրթին ու հակասական հարցերի շտկումը։ Նրա դիտարկմամբ՝ սահմանադրության տեքստը պետք է լինի ոչ միայն իրավականորեն ճշգրիտ, այլև հասկանալի ու ընդունելի քաղաքացիների համար, որպեսզի քաղաքացին այն ընկալի որպես պետության հետ իր կնքած պայմանագիր։ժամանակակից սահմանադրությունները դարձել են ավելի ծավալուն և բարդ, մինչդեռ քաղաքացու համար կարևոր է ունենալ մատչելի լեզվով գրված տեքստ։ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նոր սերնդի սահմանադրությունը պետք է հաշվի առնի թվային հասարակության ձևավորումը, արհեստական բանականության գործիքների տարածումը, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների զարգացումը և պետական կառավարման համակարգի բարելավման անհրաժեշտությունը։
Խոսքը պարզապես սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այլ ամբողջական և ներքին հակասություններից զերծ սահմանադրության մշակման, որը հիմնված կլինի եվրոպական ժողովրդավարական ավանդույթների վրա և վիճահարույց չի լինի։ Նրա խոսքով՝ աշխատանքները ինտենսիվ են, և նպատակ կա առնվազն հայեցակարգի մակարդակով ձևավորել մի փաստաթուղթ, որը հանրության համար ըմբռնելի կլինի։
Անդրադառնալով հանրաքվեների նկատմամբ հասարակության հնարավոր պասիվությանը՝ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հանրաքվեն պատմականորեն արդյունավետ գործիք է եղել, սակայն ժամանակակից պայմաններում պահանջում է մեծ բացատրական աշխատանք։ Նա ընդգծեց, որ եթե քաղաքացին հասկանա, թե ինչի մասին է սահմանադրությունը և ինչ փոփոխություններ է այն բերելու իր կյանքում, ապա ակտիվ մասնակցություն կցուցաբերի հանրաքվեին։Հնարավոր է որոշ հարցեր տեղափոխել սահմանադրական օրենսդրության մակարդակ, իսկ որոշ կարևոր հարաբերություններ՝ ամրագրել հենց սահմանադրության մեջ, սակայն կրկին շեշտեց՝ տեքստը պետք է լինի հնարավորինս պարզ և վիճահարույց կետերից զերծ։
Խոսելով հիբրիդային գրոհների և ապատեղեկատվության մասին՝ Վլադիմիր Վարդանյանը ասաց, որ դրանց բովանդակությունը գրեթե չի փոխվել վերջին տասնամյակներում, սակայն կտրուկ աճել է տեղեկատվության տարածման արագությունն ու աղբյուրների քանակը։ Նա նշեց «դիփ ֆեյք» տեխնոլոգիաների վտանգը և ընդգծեց, որ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր գործոններից է պետական և հասարակության բաց և թափանցիկ լինելը։
Վարդանյանը կարծում է, որ որքան բաց և թափանցիկ լինեն կառավարությունն ու հասարակությունը, այնքան հեշտ կլինի հակազդել ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով՝ մեդիագրագիտության բարձրացումը և քաղաքացիների կրթվածությունը կարևոր նախապայման են տեղեկատվական անվտանգության համար։
Անդրադառնալով Մոլդովայի փորձին՝ Վարդանյանը նշեց, որ այն պետք է մանրակրկիտ վերլուծել և չկրկնել այնտեղ թույլ տրված սխալները։ Նա կարևորեց ֆինանսական հոսքերի վերահսկողությունը, քաղաքական գործընթացների թափանցիկությունը և բոլոր քաղաքական ուժերի պատասխանատու մոտեցումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերից խուսափելու համար։
Տնտեսական թեմաների շրջանակում Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց էներգակիրների դիվերսիֆիկացիայի կարևորությունը՝ հիշեցնելով 1990-ականների փորձը, երբ մեկ աղբյուրից կախվածությունը լուրջ վտանգներ էր ստեղծում։ Նրա խոսքով՝ տնտեսական կապերի բազմազանությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության կարևոր երաշխիք է։Մենաշնորհներից մրցակցային տնտեսության անցումը չափազանց կարևոր է պետության զարգացման համար և ողջունելի է ցանկացած ճանապարհ, որով Հայաստան է մտնում կամ երկրից դուրս է գալիս ապրանք ու ծառայություն։ Նա կարծում է, որ տնտեսության զարգացումն ուղղակիորեն կապված է պետականության կայացման հետ։
Խոսելով իրավապահ համակարգի գործունեության մասին՝ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն չպետք է առաջնորդվի հանրային պահանջների բավարարման տրամաբանությամբ, այլ բացառապես օրենքի գերակայությամբ։ Նրա խոսքով՝ ժողովրդավար պետության հիմքում երեք հենասյուն կա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և իրավունքի գերակայություն։ Ցանկացած անձի մեղքը պետք է ապացուցվի օրենքով սահմանված կարգով, և միայն դրանից հետո կարող է կիրառվել պատիժ։ Նա նշեց իր իրավաբանական մոտեցումը՝ ավելի լավ է որոշ հանցագործներ մնան ազատության մեջ, քան մեկ անմեղ մարդ հայտնվի բանտում։
Նա կոչ արեց իրավապահ և դատաիրավական մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում և քաղաքական գործընթացները հստակ տարանջատել իրավականից։ Վլադիմիր Վարդանյանը դիտարկում է, որ հասարակության մեջ դեռևս առկա է պետականության ոչ ամբողջական ընկալում, ինչը պայմանավորված է երկարատև պետականության բացակայությամբ։Հայաստանը ունի հազարամյակների պատմություն ունեցող հասարակություն, սակայն ժամանակակից պետական ինստիտուտները դեռևս ձևավորման փուլում են, և այդ ճանապարհը պետք է հաղթահարվի համատեղ ջանքերով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
