Հայաստան

ԱՄՆ-ն «Մեծ Եղբայր Չէ», Այլ Կանխատեսելի Գործընկեր

Հայաստանը չպետք է Ամերիկային ընկալի որպես «նոր մեծ եղբայր»։ ԱՄՆ-ը ավելի կանխատեսելի գործընկեր է, քան Ռուսաստանը, սակայն որևէ գերտերություն «Ձմեռ պապիկ» կամ «Սանտա Կլաուս» չէ, և Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով՝ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չդնելով։

Միքայել Զոլյան 

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի դերի փոփոխությունը, որն աստիճանաբար հրաժարվում է «գլոբալ ոստիկանի» գործառույթից՝ նախապատվությունը տալով տնտեսական շահերին և բիզնես գործընկերությանը: Հարավային Կովկասը դիտարկվում է որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, որտեղ Հայաստանը փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը և իրականացնել «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հատուկ անդրադարձ է կատարվում Ռուսաստանից կախվածության թուլացմանը և Արևմուտքի ու Ասիայի հետ հարաբերությունների բազմազանեցման անհրաժեշտությանը։

Քաղաքագետ Միքայել Զոլյանը նշեց, որ եթե խոսում ենք գլոբալ միտումների մասին, ապա այսօր հիմնական միտումը միջազգային հարաբերությունների համակարգի խորքային տրանսֆորմացիան է։ Նրա խոսքով՝ սա դեռևս ամբողջական փլուզում չէ, բայց հին համակարգն ակնհայտորեն խաթարված է և չի կարող շարունակել գործել նախկին ձևով։ Նա ընդգծեց, որ դեռևս կան գործող կանոններ, ինստիտուտներ և կազմակերպություններ, որոնք շարունակում են իրենց ֆունկցիաները, թեև ավելի մեծ դժվարությամբ, և իրավիճակը քաոսի չի վերածվել։Միացյալ Նահանգները, որը երկար տարիներ ընկալվում էր որպես «գլոբալ ոստիկան», այսօր կամ չի ցանկանում, կամ չի կարող այդ դերը կատարել նույն ձևով։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը փորձում է փոխել այդ դերը՝ այն կապելով շահերի, գործընկերության և «վճարովի» մասնակցության տրամաբանության հետ, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը ժամանակավոր դժվարություն չէ, այլ համակարգային ճգնաժամ։

Անդրադառնալով տարածաշրջանին՝ Զոլյանը նշեց, որ Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում գործ ունենք ռուսական նեոգաղութային կայսրության փլուզման գործընթացի հետ։ Նրա կարծիքով՝ այստեղ հակասություն չկա այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը հրաժարվում է համաշխարհային գերիշխող դերից, քանի որ Ռուսաստանը, նրա ձևակերպմամբ, հանդես եկավ «ինքնասպան ահաբեկչի» նման՝ փորձելով խարխլել գործող աշխարհակարգը, սակայն արդյունքում ինքն է առավել մեծ վնաս կրել։ Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներն այսօր արմատապես վերանայում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա նշեց, որ անգամ Բելառուսը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարությամբ, փորձում է որոշ չափով ազատվել այդ կախվածությունից, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան արդեն գործում են այլ տրամաբանությամբ։ Վրաստանի դեպքում, նրա խոսքով, իրավիճակը բարդ է, քանի որ երկիրը հայտնվել է որոշակի մեկուսացման մեջ՝ հեռանալով Եվրոպայից, բայց առանց Ռուսաստանի ուղղությամբ իրական ինտեգրման։

Անդրադառնալով Հայաստանին՝ Միքայել Զոլյանընշեց, որ ներկայումս ձևավորվել են երկու հիմնական միտումներ։ Առաջինը խաղաղության օրակարգն է՝ սահմանների բացումը, կոմունիկացիաների ապաշրջափակումը և «խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ Նա ընդգծեց, որ գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն դա բնական և նույնիսկ ցանկալի է, քանի որ արագ փոփոխությունները կարող են հասարակական լուրջ դիմադրություն առաջացնել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և Թուրքիայում։

Երկրորդ միտումը, ըստ Զոլյանի, Հայաստանի ապագաղութացման գործընթացն է՝ ինքնիշխանության վերականգնումը և ռուսական կախվածության նվազեցումը։ Նա նշեց, որ Հայաստանը թեև պաշտոնապես անկախ պետություն է 1991 թվականից, սակայն երկարժ ամանակ գտնվել է հետգաղութային կամ նեոգաղութային կախվածության մեջ, երբ առանցքային արտաքին քաղաքական որոշումները կայացվել են Մոսկվայում։ Քաղաքագետը հիշեցրեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ը՝ որպես այդ կախվածության վիզուալ արտահայտություն։Հայաստանն այժմ դուրս է գալիս այդ վիճակից, թեև գործընթացը ցավոտ, երկարատև և բարդ է։ Նրա խոսքով՝ արդեն կան տեսանելի արդյունքներ, և երկիրը աստիճանաբար սկսում է ինքնուրույն ձևակերպել իր շահերը։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը և հետագա համաձայնությունները ձևավորել են կայուն միտում, որը լայն կոնսենսուս ունի ամերիկյան քաղաքական դաշտում։ Նա ընդգծեց, որ այս հարցում դեմոկրատական և հանրապետական վարչակազմերի միջև տարբերությունները նվազագույն են, և գործընթացը շարունակվելու է անկախ քաղաքական փոփոխություններից։

Միքայել Զոլյանը բացատրեց, որ ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում չի հակասում նրա՝ «գլոբալ ոստիկանի» դերից հրաժարվելու գաղափարին, քանի որ ԱՄՆ-ը այսօր իր արտաքին քաղաքականությունը կառուցում է բիզնեսի, շուկաների և ռազմավարական հաղորդուղիների տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը կարևոր հանգույց է, որը կապում է Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը և Եվրոպան, իսկ Հայաստանը կարող է դառնալ այդ կապի առանցքային օղակներից մեկը։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Եվրոպան, չնայած ներքին խնդիրներին, մնում է աշխարհի խոշորագույն շուկաներից մեկը, և ցամաքային հաղորդուղիների անհրաժեշտությունը մեծանում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը և Իրանի շուրջ առկա սահմանափակումները։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Զոլյանը նշեց, որ Հայաստանը չպետք է Ամերիկային ընկալի որպես «նոր մեծ եղբայր»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ավելի կանխատեսելի գործընկեր է, քան Ռուսաստանը, սակայն որևէ գերտերություն «Ձմեռ պապիկ» կամ «Սանտա Կլաուս» չէ, և Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով՝ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չդնելով։

Նա անդրադարձավ նաև երկաթուղիների հարցին՝ նշելով, որ եթե ռուսական կողմը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները, ապա Հայաստանը լիովին իրավասու է համագործակցել այլ գործընկերների հետ։ Զոլյանը ընդգծեց, որ սա թշնամական քայլ չէ, այլ ռացիոնալ քաղաքականություն, որը թույլ է տալիս պահպանել դեմքը և միաժամանակ առաջ շարժվել։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ վերջին տարվա ընթացքում տեղի են ունեցել պատմական փոփոխություններ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, առևտրային շփումների և ոչ պատերազմական իրավիճակի պահպանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն, ինչ մեկ տարի առաջ աներևակայելի էր, այսօր դարձել է իրականություն։

2025 թվականը ապագայում պատմության դասագրքերում կդիտարկվի որպես Հայաստանի դիվանագիտական ձեռքբերումների տարի։ Նա ընդգծեց, որ ծանր պարտություններից հետո երկիրը կարողացել է դուրս գալ օրհասական վիճակից և անցնել մի փուլ, որտեղ քննարկվում են ոչ թե պատերազմի հավանականությունները, այլ տնտեսական և հաղորդակցային հարցերը։Առաջիկա ընտրությունները անձերի մասին չեն լինելու, այլ երկու հիմնարար հարցի շուրջ՝ խաղաղության օրակարգի և Ռուսաստանի հետ կախվածության հաղթահարման։ Նրա կարծիքով՝ ընդդիմադիր ճամբարը չի առաջարկում հստակ այլընտրանքային տեսլական, իսկ նախկին մոդելի վերադարձը պարզապես անհնար է, քանի որ հենց Ռուսաստանն է խախտել նախկին պայմանավորվածությունները։ Հայաստանը իր ինքնիշխանությունը ժամանակին զոհաբերել էր մեկ հիմնական ակնկալիքով՝ Արցախի անվտանգության ապահովմամբ, սակայն այդ պայմանը չի կատարվել։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրի խախտումից հետո Հայաստանը չունի ոչ բարոյական, ոչ քաղաքական պարտավորություն շարունակելու նույն կախվածությունը։

Ամփոփելով՝ Միքայել Զոլյանը նշեց, որ պետք է լինել «կամքի առումով լավատես և ինտելեկտի առումով կասկածամիտ»։ Նա կարծում է, որ Հայաստանը ծանր փորձությունների միջով անցնելով՝ արդեն սովորել է իր դասերը և ունի զգուշավոր լավատես լինելու լիարժեք իրավունք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *