Հայաստան

Խաղաղությունը Որոշ Մարդկանց Ձեռնտու Չէ․ Պարապ Կմնան

Եթե գործող կառավարությունից հետո իշխանության գան այն ուժերը, որոնք խուսափում են հստակ ասել՝ պատրաստ են արդյոք ստորագրել խաղաղության պայմանագիր առանց «եթե»-ների, ապա խաղաղություն չի լինի։  

Գեղամ Նազարյան

Factor TV-ն զրուցել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ադրբեջանական վառելիքի հնարավոր վաճառքի շուրջ առաջացած հանրային դժգոհությունն ու էմոցիոնալ արձագանքները։ Պատգամավորը քննադատում է տնտեսական հարաբերությունները բոյկոտելու կոչերը՝ պնդելով, որ պրագմատիզմն ու ռացիոնալիզմը պետականության պահպանման միակ հուսալի ուղիներն են։

Գեղամ Նազարյանն ասաց, որ ադրբեջանական բենզինի թեմայում էմոցիան շատ է, իսկ ռացիոնալ մոտեցումը՝ գրեթե զրո։ Խնդիրը բենզինի մեջ չէ, այլ՝ այն հարցում, թե Հայաստանը ցանկանում է լինել պետություն, թե պարզապես տարածք, որտեղ թույլատրվում է հայհոյել թուրքերին ու ադրբեջանցիներին։ Նրա խոսքով՝ եթե բոյկոտի կոչ է արվում ադրբեջանական բենզինի դեպքում, նույն տրամաբանությամբ պետք է հրաժարվել նաև թուրքական ապրանքներից՝ սննդից մինչև հագուստ։

Ազգային ժողովի պատգամավորը կարծում է, որ եթե չափազանց խիստ «պատվախնդիր» լինենք, ապա պետք է ընդհանրապես որևէ երկրից ոչինչ չգնենք։ Նա դիտարկում է, որ նման մոտեցումը կարող է բերել ոչ թե արժանապատվության պահպանման, այլ՝ պետականության կորստի։ Նրա համոզմամբ՝ պետությունը չի կարող գոյատևել բացառապես էմոցիաներով առաջնորդվելով, քանի որ տարածաշրջանը չի հանդուրժի մշտապես էմոցիոնալ որոշումներ ընդունող երկիր։

Ամենահեշտ կառավարելի մարդը էմոցիայի մեջ հայտնված մարդն է, և այդ գործոնը հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Նա նշեց, որ եթե առաջնորդվենք միայն վիրավորվածության տրամաբանությամբ, ապա պետք է խզենք հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի հետ՝ հիշելով պատմական ցավալի էջերը։ Պատգամավորը կարծում է, որ հայ-ադրբեջանական թշնամանքի մշտական պահպանությունը ձեռնտու է որոշ ուժերի, քանի որ հակամարտությունը թույլ է տալիս վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը։ Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, երեք երկրները կարող են դառնալ լուրջ գործոն, ինչը շատերին ձեռնտու չէ։ Հասարակության մեջ խաղաղության նկատմամբ կա անվստահություն, քանի որ քաղաքական և մեդիա դաշտում կան մարդիկ, որոնց գործունեությունը խաղաղ պայմաններում կդառնա անիմաստ։ Նա կարծում է, որ խաղաղությունը անշնորհակալ թեմա է, քանի որ շատերը այն ընդունում են որպես ինքնին հասկանալի բան։ Ընտրություններում խաղաղության գործոնը որոշիչ կլինի միայն սահմանափակ հատվածի համար, մինչդեռ մարդկանց մեծ մասը առաջնորդվում է կենցաղային հարցերով՝ ճանապարհների, սոցիալական պայմանների, անմիջական օգուտի տեսանկյունից։ Նրա դիտարկմամբ՝ փողը և նյութական գործոնները աղքատություն ունեցող երկրներում միշտ մեծ դեր են խաղում ընտրությունների ժամանակ։

Եթե գործող կառավարությունից հետո իշխանության գան այն ուժերը, որոնք խուսափում են հստակ ասել՝ պատրաստ են արդյոք ստորագրել խաղաղության պայմանագիր առանց «եթե»-ների, ապա խաղաղություն չի լինի։ Նրա խոսքով՝ «պարտված արդարություն» չի լինում, և անընդհատ հետաձգվող խոստումները հասարակությանը նոր վտանգների են տանում։

Անդրադառնալով քաղաքական դաշտում իր ապագա ծրագրերին՝ նա ասաց, որ իր հիմնական նպատակը քաղաքական դաշտի առողջացումն է և շառլատանության բացառումը։ Նա նշեց, որ որևէ ցուցակում լինելու հարցը այս պահին իր համար փակ թեմա է։

Գեղամ Նազարյանը կարծիքով Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը ներքին ատելությունն է, որը սնուցվում է քաղաքական ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ քաղաքական հակասությունները չպետք է վերածվեն հասարակական թշնամանքի, քանի որ բոլորն ապրում են նույն նավում։ Խաղաղության դեպքում տնտեսական և մարդկային շփումները անխուսափելի են, և նոր սերունդը հարց կտա, թե ինչու էին երկու ժողովուրդները իրար սպանում։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների գլխավոր խնդիրն է զսպել արկածախնդիր ուժերին, որոնք մշտապես ձգտում են նոր հակամարտությունների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *