Հայաստան

Հայաստանն Ուժեղացնում Է Իր Ինքնուրույնությունը

2025 թվականի առանցքային հարցը Հայաստանի անցումն է «իշխանություն չունեցող» կարգավիճակից դեպի իրական իշխանություն և հեղինակություն  ունեցող պետության վիճակ։ Պատմականորեն Հայաստանը հաճախ գործել է այլ կենտրոնների ազդեցության ներքո, մինչդեռ այսօր փորձում է դուրս գալ այդ կախվածությունից և ձևավորել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

Կայծ Մինասյան

1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության վերափոխումը և երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես օրինակ «միջին միջանցքի» նախագծում Հայաստանի ռազմավարական դերի և Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ խորացող համագործակցության հարցում։ Քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը և Հայաստանի ձգտումը՝ հանդես գալ որպես անկախ սուբյեկտ, այլ ոչ թե կախյալ միավոր։ Անդրադարձ է կատարվել ներքաղաքական բևեռացմանը։

Կայծ Մինասյանն ասաց, որ փորձում են հասկանալ՝ որտեղ է հասել Հայաստանը արտաքին քաղաքականության համատեքստում և ուր է շարժվում։ Հետաքրքիր զարգացումներ են նկատվում հատկապես «օգոստոսի 8-ի» գործընթացի և 2026 թվականի հեռանկարների հետ կապված։

Մինասյանը դիտարկում է, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ փետրվարին  սպասվում է  ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեվիդ  Վենսի այցը  Հայաստան։ Նրա խոսքով՝ եթե նման մասշտաբի քաղաքական գործիչ է այցելում Հայաստան, դա նշանակում է, որ Հայաստանը այս գործընթացում, որը հաճախ անվանվում է «միջին միջանցք», կարևոր դերակատարում ունի։ Նա ընդգծեց, որ այստեղ կարևոր չէ միայն միջանցքի կիլոմետրային չափը, այլ այն, որ տվյալ հատվածի վերահսկողության առանցքային դերակատարն ԱՄՆ-ն է։ «Միջին միջանցք» նախագիծը աշխարհաքաղաքական առումով վերահսկվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինչը Հայաստանի համար ստեղծում է հավելյալ արտաքին քաղաքական հնարավորություններ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը մտնում է մի նոր փուլ, որը առաջին անգամ է իրական անկախության տրամաբանությամբ ձևավորվում։

Մինասյանը նշեց, որ այս շրջափուլը ոչ միայն տնտեսական, այլ առավելապես դիվանագիտական և ռազմաքաղաքական նշանակություն ունի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը տարբեր պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ ռազմավարական բնույթի համաձայնագրեր ստորագերոլու փուլում է գտնվում։ Սա որակական փոփոխություն է խաղաղության և անվտանգության քաղաքականության մեջ։

Մինասյանը դիտարկում է, որ 2024-2025 թվականներին ներքին քաղաքական կյանքը համեմատաբար կայուն է եղել, լայնածավալ շարժումներ չեն ձևավորվել, ինչպես նախորդ տարիներին։ Նա նշեց, որ ներքին կայունությունը կարևոր նախապայման է արտաքին քաղաքական ինքնուրույնության համար։ 2025 թվականի առանցքային հարցը Հայաստանի անցումն է «իշխանություն չունեցող» կարգավիճակից դեպի իրական իշխանություն և հեղինակություն  ունեցող պետության վիճակ։ Նրա խոսքով՝ պատմականորեն Հայաստանը հաճախ գործել է այլ կենտրոնների ազդեցության ներքո, մինչդեռ այսօր փորձում է դուրս գալ այդ կախվածությունից և ձևավորել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

Այս գործընթացում հիմնական բևեռացումը և վտանգները կենտրոնացել են եկեղեցու շուրջ։ Նրա գնահատմամբ՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների շուրջ ընթացող քննարկումները պատահական չեն և կապված են այն հիմնարար հարցի հետ, թե ինչ տեսակի պետություն է ցանկանում կառուցել Հայաստանը՝ աշխարհիկ իրավական, թե այլ մոդելով։

Քաղաքագետը կարծում է, որ ներկայումս ուժերի հարաբերակցությունում առավելություն ունի քաղաքական իշխանությունը, քանի որ պետությունը զարգանում է քաղաքացիական և իրավական սկզբունքներով, որտեղ գերակայություն ունեն մարդկային օրենքները։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է գործի իր հոգևոր առաքելության շրջանակում և չդառնա քաղաքական պայքարի գործիք։

Կայծ Մինասյանը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթնաժողովին և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նա նշեց, որ հետաքրքիր հակասություն կա այն ուժերի մոտ, որոնք մի կողմից պաշտպանում են Ռուսաստանի շահերը Հայաստանում, իսկ մյուս կողմից քննադատում են վարչապետին Ռուսաստան գնալու համար։Փաշինյանի այցը անհրաժեշտ էր, քանի որ Հայաստանը չի հայտարարում հակառուսական քաղաքականություն, այլ փորձում է շտկել հարաբերությունները՝ ինքնիշխանության հստակ գիտակցմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը իրավունք ունի պահանջելու, որ իրեն վերաբերվեն որպես ինքնիշխան պետության, ինչպես մյուս բոլոր պետություններին։

Մինասյանը նշեց, որ Ռուսաստանը երկար ժամանակ Հայաստանին չի վերաբերվել այդ տրամաբանությամբ, ինչի ապացույցն է նաև ՀԱՊԿ-ի անտարբերությունը Հայաստանի անվտանգության հարցերում։ Նա կարծում է, որ Հայաստանը ճիշտ է անում՝ բացելով իր շուկաները ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ հարևանների և գործընկերների համար։ Որքան Հայաստանը փոխվում է և ուժեղացնում իր ինքնիշխանությունը, այնքան հին կախվածությունների կողմնակից ուժերը դիմադրում են այդ փոփոխություններին։ Նրա գնահատմամբ՝ այս դիմադրությունը հենց այն հիմնական ներքին խնդիրն է, որի հետ Հայաստանը բախվում է այսօր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *