ՄԵՐ ՈՒՂԻՆ

ԱՄՆ-ն Չափավորում Է Ալիևի Ախորժակը

Եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները, Հայաստանը կարող է դրանք իրականացնել սեփական կամ արտաքին ներդրումների հաշվին, և դա այլևս չի լինի Ռուսաստանի կամ Ադրբեջանի խնդիրը։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներն ու ԱՄՆ-ի կոշտ ուղերձները Բաքվին։ Հիմնական շեշտադրումը կատարվում է «Միջին միջանցքի» նախագծի վրա, որը ներկայացվում է որպես միջազգային հաղորդակցության ուղի, այլ ոչ թե Ադրբեջանի բացառիկ սեփականություն։ Անդրադարձ է կատարվել նաև Իլհամ Ալիևի երկերեսանի քաղաքականությունը, որը փորձում է հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ միաժամանակ խուսափելով միջազգային պարտավորություններից։

Վահրամ Աթանեսյանն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությանը, նշեց, որ դրա ուղիղ հասցեատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ ԱՄՆ վարչակազմը Ալիևին տեղորոշում է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններով գծված շրջանակներում և հստակ ազդակ է փոխանցում, որ վերադարձ դեպի ռուսական միջավայր Ալիևի համար այլևս չկա։ Աթանեսյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովին նախորդել էր Ղազախստանի նախագահի փորձը՝ այդ ձևաչափում ներգրավել նաև Ադրբեջանին, սակայն ամերիկյան կողմը դա չէր ընդունել։ Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ սա վկայում է, որ այն մեծ տարածաշրջանը, որը ԱՄՆ-ն և եվրաատլանտյան աշխարհը փորձում են ներառել իրենց անվտանգային, տնտեսական և հաղորդակցային քաղաքականության մեջ, չի ներառում Ադրբեջանը։ Ալիևի հիմնական ձգտումն է ինտեգրվել այդ տարածաշրջանին և հանդես գալ որպես առաջատար երկիր, սակայն փաստացի Ադրբեջանը դուրս է մնում Եվրամիություն-Կենտրոնական Ասիա, ԱՄՆ-Կենտրոնական Ասիա և Ճապոնիա-Կենտրոնական Ասիա ձևաչափերից։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ պատերազմի հավանականության և դրա կանխման մասին խոսքը քաղաքական ուղերձ է Ալիևին, որ նա չփորձի դուրս գալ սահմանված խաղի կանոններից։

Վերլուծաբանը նշեց, որ Ալիևը, ըստ ամենայնի, Վաշինգտոնին հավելյալ պահանջներ է ներկայացրել «Թրամփի երթուղու» գործարկման ռեժիմի շուրջ և դժգոհ է, որ այդ հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի հետ։ Այդ համատեքստում նա ուշադրություն դարձրեց ԱՄՆ նախագահի ջերմ հանդիպմանը Հայաստանի դեսպանի հետ՝ շեշտելով, որ դա ևս քաղաքական ազդակ է։ ԱՄՆ-ն փաստացի պարզորոշ հասկացնում է Ալիևին՝ «Թրամփի ուղին» Զանգեզուրի միջանցք չէ և ոչ էլ Ադրբեջան-Նախիջևան բացառիկ երթուղի, այլ միջազգային նշանակության տրանսպորտային հաղորդուղի, որը սպասարկելու է նաև Ադրբեջանի շահերը՝ Նախիջևանի հետ երկաթուղային կապ ապահովելով, սակայն Հայաստանի իրավազորության ներքո։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները երկաթուղային հաղորդակցությունների վերականգնման անհրաժեշտության մասին ունեն նուրբ քաղաքական ենթատեքստ․ եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները, Հայաստանը կարող է դրանք իրականացնել սեփական կամ արտաքին ներդրումների հաշվին, և դա այլևս չի լինի Ռուսաստանի կամ Ադրբեջանի խնդիրը։

Վահրամ Աթանեսյանը կարևորեց նաև Թուրքիայի կողմից հնարավոր հաղորդակցությունների բացումը՝ նշելով, որ այդ դեպքում Հայաստանի համար բացվում է եվրոպական ուղղությունը, այդ թվում՝ էներգակիրների և այլ ապրանքների ներմուծման հարցում։ Նա կասկածի տակ դրեց ադրբեջանական բենզինի եվրոստանդարտներին համապատասխան լինելը և նշեց, որ Հայաստանը կարող է անմիջապես եվրոպական շուկաներից ձեռքբերել անհրաժեշտ վառելիքը։

Վերադառնալով ԱՄՆ պետքարտուղարիպհայտարարությանը՝ Աթանեսյանը նշեց, որ այնպնախազգուշացում է Ադրբեջանին՝ «խաղեր չտալու» և համաձայնեցված շրջանակներից դուրս չգալու համար։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները հստակ են, ստորագրված են, և դրանց իրավական վերջնականացումը փակելու է Մեղրիի հատվածի շուրջ Ադրբեջանի հավակնությունների թեման։Վերլուծաբանը չբացառեց, որ Ալիևին ոչ հրապարակային խողովակներով ավելի կոշտ ուղերձներ են փոխանցվում՝ ընդգծելով, որ նա այն գործիչների շարքում չէ, որոնց հետ Դոնալդ Թրամփը ուղիղ պայմանավորվածությունների է գնում։ Աթանեսյանը նշեց, որ Ալիևի համար լուրջ իմիջային կորուստ է, երբ տարածաշրջանի այլ նախագահներ հրավիրվում են միջազգային գագաթաժողովների, իսկ ինքը՝ ոչ։

Նա դիտարկեց նաև Ալիևի ցուցադրական քայլերը՝ Ստեփանակերտ այցը, ներքին քարոզչությունը, և հիշեցրեց Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ հաղթանակը Թուրքիայինն է, ինչը սահմանափակում է Ադրբեջանի ինքնուրույն հավակնությունները։

Վահրամ Աթանեսյանը անդրադարձավ նաև Իրանի գործոնին՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունը չի կարող աննկատ մնալ ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի բանակի նատոյականացումն ու ԱՄՆ-Իսրայել ռազմական աջակցությունը։ Նա դա ևս համարեց ամերիկյան զգուշացման պատճառներից մեկը։

Քաղաքական վերլուծաբանը ուշադրություն դարձրեց նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների նրբություններին, Գազայի շուրջ Ադրբեջանի դիրքորոշմանը և այն փաստին, որ Բաքուն հրաժարվել է զորք ուղարկել միջազգայինկայունացնող ուժերին, ինչը ևս լարվածություն է առաջացրել ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերություններում։ Աթանեսյանի գնահատմամբ՝ Ալիևը ներկայումս երկակի իրավիճակում է․ մի կողմից՝ հրապարակային հակառուսական հռետորաբանություն, մյուս կողմից՝դիվանագիտական խողովակներով Մոսկվայի հետ շփումների որոնում։ Նա վտանգավոր համարեց այն սցենարը, եթե Ռուսաստանը փորձի աջակցել Ադրբեջանի հավակնություններին։

Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Մոսկվայի լռությունը ադրբեջանական հակառուսական քարոզչության նկատմամբ, ինչպես նաև վերջին բարձր մակարդակի խորհրդատվությունները Բաքվում, վկայում են լուրջ դիվանագիտական գործընթացների մասին, որոնք չի կարելի անտեսել։ Նրա խոսքով՝ հնարավոր են անսպասելի փաստաթղթեր, ինչպես դա եղավ օգոստոսի 8-ին։Աթանասյանը հիշեցրեց նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ բազմաթիվ նախկին ադրբեջանցի զինծառայողներ այսօր կռվում են ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ, ինչը, նրա համոզմամբ, առանց Բաքվի իշխանությունների գիտության անհնար է։Ալիևի ցուցադրական հակառուսական քայլերի և իրական քաղաքական պայմանավորվածությունների միջև առկա է խոր հակասություն։ Վերլուծաբանը ծիծաղելի համարեց Ադրբեջանում «պետական հեղաշրջման փորձերի» մասին պաշտոնական վարկածները՝ շեշտելով, որ իշխանությունը լիովին կենտրոնացված է Ալիևի ձեռքում։ Իլհամ Ալիևի իշխանության հիմքերը սերտորեն կապված են Մոսկվայի հետ, և այդ կապերը անտեսելը լուրջ վերլուծական սխալ կլինի։ Նա եզրափակեց, որ տարածաշրջանում ընթացող գործընթացները պահանջում են առավել ուշադիր, խորքային և սառնասիրտ գնահատում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *