ԱՄՆ-ի ներգրավվածությունը գործընթացին հաղորդել է որոշակի կայունություն և կանխատեսելիություն՝ հաշվի առնելով այն ուժերը, որոնք շահագրգռված էին խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
Միքայել Զոլյան
Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա դինամիկան և դրանում ԱՄՆ-ի աճող դերակատարությունը։ Անդրադարձ կա «Թրամփի ուղի» նախագծին՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և ինքնիշխանության ամրապնդման միջոց, որը պետք է զերծ մնա ռուսական վերահսկողությունից։
Զոլյանը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր 2025 թվականի առաջին ամիսներին դիվանագիտական խողովակներով ընթացող քննարկումներին, երբ Ադրբեջանը տարբեր ձևաչափերով սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի հասցեին՝ խոսելով ուժով «միջանցք» վերցնելու մասին։ Քաղաքագետ Միքայել Զոլյանը կարծում է, որ այդ սպառնալիքները պարտադիր չէ, որ լիովին իրական լինեին․ հնարավոր է՝ դրանք ուղղված էին ամերիկյան վարչակազմի ուշադրությունը գրավելուն։ Սակայն, նրա խոսքով, որոշակի իրական վտանգ, այնուամենայնիվ, գոյություն ուներ՝ հատկապես Իրանի շուրջ զարգացումների և տարածաշրջանային լարվածության ֆոնին։ Տվյալ փուլում Ադրբեջանը կարող էր փորձել օգտվել միջազգային իրավիճակից, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, հավանաբար զգուշացրել է Բաքվին զերծ մնալ նման քայլերից և միաժամանակ ներկայացրել որոշ առաջարկներ։ Նրա գնահատմամբ՝ օգոստոսի 8-ի համաձայնությունը միայն արտաքին ճնշման արդյունք չէր․ դա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընթացի հետևանք էր, որտեղ Հայաստանի քայլերն առանցքային դեր էին խաղում։Մասնավորապես, նա կարևոր է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հայտարարեց խաղաղության պայմանագրի տեքստի ընդունման մասին՝ նույնիսկ վերջին չհամաձայնեցված կետերի պարագայում։
Քաղաքագետը նշեց, որ այդ քայլը էապես նեղացրեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դաշտը․երբ կա համաձայնեցված տեքստ, ռազմական սրացումների հավանականությունն այլ տրամաբանության մեջ է ընկնում։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում լիովին հաստատուն բաներ չկան, առավել ևս՝ գլոբալ քաոսի պայմաններում, սակայն տարածաշրջանում ակնհայտ է դինամիկ փոփոխությունը․ ռազմական բախումների մասին խոսակցությունները փոխարինվել են խաղաղ գործընթացի արագության քննարկումներով։ Այս փոփոխությունը միայն Վաշինգտոնի դերակատարության արդյունք չէ։ Նա հիշատակեց նաև նախորդ հանդիպումները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա և տարբեր ձևաչափերով շփումները, որոնք միասին փոխել են ընդհանուր մթնոլորտը։ Միաժամանակ, քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը գործընթացին հաղորդել է որոշակի կայունություն և կանխատեսելիություն՝ հաշվի առնելով այն ուժերը, որոնք շահագրգռված էին խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
Խոսելով անվտանգության երաշխիքների մասին՝ Զոլյանը շեշտեց, որ Ռուսաստանը նախկինում արդեն ունեցել է պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, սակայն դրանք չի կատարել՝ ո՛չ որպես ՀԱՊԿ դաշնակից, ո՛չ երկկողմ ձևաչափում։ Նրա խոսքով՝ հենց այդ փորձն է, որ հանգեցրեց Հայաստանի մասնակցության սառեցմանը ՀԱՊԿ-ում։ Քաղաքագետը կարծում է, որ այն երկիրը, որը չի կատարում իր պարտավորությունները, չի կարող դիտարկվել որպես իրական անվտանգության երաշխավոր։
ԱՄՆ-ի դերի մասին խոսելիս Միքայել Զոլյանը նշեց, որ Վաշինգտոնը տարածաշրջանում առաջնորդվում է սեփական շահերով։ Նրա գնահատմամբ՝ այդ շահերից մեկն է Չինաստանը և Եվրոպան կապող հաղորդակցային ուղիների վերահսկումը, որտեղ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես կարևոր օղակ։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր ներգրավվածությունը Եվրոպայում, բայց միաժամանակ ուժեղացնում է ներկայությունը Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, ինչի շրջանակում Կովկասն էլ է ընդգրկվել այդ ռազմավարական դիտակետում։
Խաղաղության գործընթացում երրորդ կողմերին ամբողջությամբ բացառելը գործնականում դժվար է, և դիվանագիտության տրամաբանությունը պահանջում է նաև այդ կողմերի համար «դեմքը փրկելու» որոշ հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք չխոչընդոտեն գործընթացին։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում իրական վերահսկողություն կամ որոշիչ դեր տալ, այլ՝ նվազեցնել դիմադրությունը։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Հայաստանի սահմանների վերահսկողությունը երկարաժամկետ առումով պետք է ամբողջությամբ իրականացնի Հայաստանը։ Նրա գնահատմամբ՝ օտար սահմանապահների ներկայությունը երկրի սահմաններին վկայում է ոչ լիարժեք ինքնիշխանության մասին, թեև ընդունում է, որ այդ կախվածությունները հաղթահարվելու են տարիների ընթացքում և պահանջում են աստիճանական մոտեցում։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Միքայել Զոլյանը նշեց, որ դիվանագիտությունը ենթադրում է ոչ թե հռետորական կոշտություն, այլ շփում, շնորհակալություն, երբ անհրաժեշտ է՝ նաև ձևական ժեստեր։ Նա կարծում է, որ խաղաղության բանակցությունները չեն նշանակում զինաթափում կամ անվտանգության անտեսում, այլ՝ այլընտրանքային ճանապարհ ընտրել այն պայմաններում, երբ հակառակորդը օբյեկտիվորենմուժեղ է։
Զոլյանը դիտարկում է, որ հայ հասարակության պատկերացումները վերջին տարիներին զգալիորեն փոխվել են․ «Բաքուն հետ բերելու» հռետորաբանությունը աստիճանաբար զիջել է խաղաղության որոնմանը։ Նրա կարծիքով՝խաղաղությանը չգնալը փաստացի նշանակում է պատերազմ ընտրել, իսկ 2020 թվականի փորձը ցույց տվեց, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել իրականության սխալ գնահատումը։
Ամփոփելով՝ քաղաքագետը, որ Հայաստանը փաստացի ընդունում է անցյալ փուլում կրած պարտությունը, բայց դա չի նշանակում վերջ։ Նրա խոսքով՝ սկսվում է նոր գործընթաց, որը զրոյական գումարի խաղ չէ․ դրանից կարող են շահել տարածաշրջանի բոլոր երկրները։ Նա համոզված է, որ ճիշտ կողմնորոշման դեպքում Հայաստանը կարող է այս նոր փուլում դուրս գալ ավելի կայուն և մրցունակ դիրքերով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
