Հայաստան

Հայաստանը Պատրա՞ստ Է Նոր Ճգնաժամերի

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում արձանագրված լճացումը մասնակիորեն պայմանավորված է միջազգային կազմակերպությունների հետ ոչ բավարար արդյունավետ կոմունիկացիայով։ Համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իսկ առանձին դրսևորումները արձանագրվում են և դրանց վերաբերյալ քայլեր ձեռնարկվում են։ 

Արայիկ Հարությունյան

Civilnet-ը զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են մի շարք տեսակետներ պետական կառավարման համակարգի բարեփոխումների և երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ Ա․ Հարությունյանը կարծում է, որ չնայած պատերազմի և համաճարակի հետևանքներին, պետական համակարգն այսօր գործում է ավելի օպերատիվ ու ինստիտուցիոնալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում կադրային խնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարին և առողջապահական ապահովագրության ներդրմանը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հետպատերազմական, հետհամաճարակային և հետհեղափոխական շրջանը պետական համակարգից պահանջել է առավելագույն դիմակայունություն։ Նրա խոսքով՝ եթե դիտարկենք պատերազմը, համաճարակը և հեղափոխությունից հետո առաջացած ցնցումները, ապա կարելի է արձանագրել, որ պետական համակարգըհիմնականում կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները։ Նա ասաց, որ հատկապես ֆինանսական կայունության տեսանկյունից Հայաստանը կարողացել է պահպանել հարաբերական հավասարակշռություն, և պետական կառույցները մեծ մասամբ ճիշտ են արձագանքել մարտահրավերներին։Երկարաժամկետ դիտարկման դեպքում տեսանելի է որոշակի արդյունավետություն և ինստիտուցիոնալ կայունություն։ Նա հավելեց, որ որպես պատմաբան և արաբագետ կարող է ասել՝ հեղափոխություն, համաճարակ կամ պատերազմ անցած երկրներում հետցնցումները տևում են տասնամյակներ, մինչդեռ Հայաստանը այդ երեք փորձությունները հաղթահարել է ընդամենը ութ տարվա ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ պետական համակարգը, մի քանի բացառությամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ ամենալուրջ ճգնաժամերը եղել են պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում։ Նա նշեց, որ պատերազմից առաջ և անմիջապես հետո ձևավորված արտաքին քաղաքական դոկտրինը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Միաժամանակ Հարությունյանը պնդեց, որ ներկայում արտաքին քաղաքական և անվտանգային քաղաքական բաղադրիչները զգալիորեն ավելի ամուր են, իսկ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները ժամանակ են պահանջում, սակայն արդեն փոխել են բանակի որակը, պատրաստվածության և համալրման համակարգերը։

Նա ասաց, որ պետական համակարգը ներկայում ավելի օպերատիվ է աշխատում, միջգերատեսչական համագործակցությունն ուժեղացել է, և խնդիրների լուծումն ավելի արագ է ընթանում։ Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը ընդունեց, որ կան կադրային վակումներ որոշ ոլորտներում՝ նշելով, որ վատ պաշտոնյայի հեռացումը նույնիսկ առանց անմիջական փոխարինման երբեմն ավելի արդյունավետ է, քան անարդյունավետ պաշտոնյայի պահպանումը։ Նրա խոսքով՝ կադրերի պակասը պայմանավորված է երկար տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական և կառավարչական բացերով։

Կառավարության ներսում որոշումների կայացմանմասին խոսելով՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշումների մեծ մասը երկար քննարկումների և կոլեգիալ գործընթացների արդյունք է։ Նա ասաց, որ երբ կոնսենսուս չի ձևավորվում, վարչապետը, իր լիազորությունների շրջանակում, ստանձնում է պատասխանատվությունը և կայացնում վերջնականորոշում, ինչը բնական գործընթաց է պետական կառավարման համակարգում։

Պատասխանատվության ինստիտուտի վերաբերյալ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում առկա է պատասխանատվությունների հստակեցման խնդիր, որը մասնակիորեն պայմանավորված է ռազմավարությունների մեծ քանակով և դրանց միջև կապի բացակայությամբ։ Նա ասաց, որ կառավարությունը որոշում է կայացրել ռազմավարությունների մի մասը միավորելու կամ վերացնելու՝ պատասխանատվության մեխանիզմները ավելի հստակ դարձնելու համար։ Նրա կարծիքով՝ պատասխանատվության ինստիտուտը գործում է, և անհրաժեշտության դեպքում լինում են նաև քաղաքական հետևանքներ։

Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով Արայիկ Հարությունյանը դիտարկեց, որ վերջին տարիներին գործադրվել են կրկնակի և եռակի ջանքեր, և կան ակնհայտ արդյունքներ՝ բազմաթիվ քրեական գործերի տեսքով։ Նա նշեց, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում արձանագրված լճացումը մասնակիորեն պայմանավորված է միջազգային կազմակերպությունների հետ ոչ բավարար արդյունավետ կոմունիկացիայով։ Նրա խոսքով՝ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իսկ առանձին դրսևորումները արձանագրվում են և դրանց վերաբերյալ քայլեր ձեռնարկվում են։

Քաղաքական ֆինանսավորման վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կուսակցությունների ֆինանսավորումը Հայաստանում թափանցիկ է, հրապարակային և օրենքով կարգավորվող։ Նա ասաց, որ բիզնեսի և քաղաքականության կապը ինքնին կոռուպցիա չէ, եթե գործընթացները բաց են և վերահսկելի։ Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը սկզբունքորեն ձգտում է ֆինանսավորման լայն բազայի՝ խուսափելով մեկ կենտրոնից կախվածությունից։

Հիբրիդային սպառնալիքների թեմայով Հարությունյանը նշեց, որ կառավարությունը պայքարում է ոչ թե քաղաքական դաշտը սահմանափակելու, այլ պետական ինստիտուտների դիմակայունությունը բարձրացնելու միջոցով։ Նա ասաց, որ հիբրիդային սպառնալիքները ներառումեն ոչ միայն ապա տեղեկատվությունը, այլ նաև կիբերանվտանգությունը, ֆինանսական հոսքերը և նոր տեխնոլոգիական ոլորտները։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը 2020-2021 թվականներին ոչ պակաս արդյունավետությամբ է դիմակայել նման սպառնալիքներին, քան մի շարք այլ երկրներ։Սպառնալիքների աղբյուրները բազմազան են և հաճախ քողարկված, երբեմն հատվում են տարբեր երկրների տեղեկատվական դաշտերում։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է կիրառի խիստ գործիքներ նման սպառնալիքներին դիմակայելու համար, սակայն առանց ներքին խոսքը լռեցնելու։

Գաղտնալսումների և տեսաձայնագրությունների վերաբերյալ Հարությունյանը նշեց, որ դրանք համարում է անընդունելի, և տեխնոլոգիական զարգացումները կարող են ցանկացած քաղաքացու դարձնել նման գործողությունների զոհ։ Նա ասաց, որ իրավապահ մարմինների կողմից վերահսկողական միջոցառումների աճը բացատրվում է տեխնոլոգիաների զարգացմամբ, ոչ թե ներքաղաքական նպատակներով։

2026 թվականի ընտրություններին իր դերակատարության մասին Արայիկ Հարությունյանը նշեց, որ կուսակցական աշխատանքը իրականացվում է ոչ աշխատանքային ժամերին և չի խանգարում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականություններին։ Նա պնդեց, որ պետական և կուսակցական ռեսուրսների տարանջատումը պահպանվելու է։

Սոցիոլոգիական հարցումների և դժգոհությունների վերաբերյալ Հարությունյանը ասաց, որ ութ տարի իշխանություն եղած ուժի նկատմամբ դժգոհությունը բնական է։ Նրա խոսքով՝ իրականացված բարդ բարեփոխումները ժամանակի ընթացքում են տալիս իրենց արդյունքները, իսկ վերջին շրջանում ուժեղացված հանրային կոմունիկացիան պետք է նպաստի վստահության աճին։

Եկեղեցում ձևավորված իրավիճակը չի կարող չազդել ազգային անվտանգության վրա, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի հիմնական կրոնական կառույցն է։ Նա ասաց, որ գործընթացները նպատակ ունեն վերականգնելու աշխարհիկ պետության սկզբունքը և հստակեցնելու հարաբերությունները, այլ ոչ թե խորացնելու բաժանումները։

Վերջում Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկա ընտրություններին իրենց քաղաքական ուժը գնում է հաղթելու նպատակով, սակայն պատրաստ է ընդունել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ցանկացած արդյունք՝ որպես ժողովրդի կամքի արտահայտություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *