Հայաստան

Աշխարհն Անորոշ Ու Բարդ Փուլում Է

Վերջին տարիներին աշխարհում ռազմական բյուջեները կտրուկ աճել են՝ հասնելով տրիլիոնների, ինչը ևս մեկ անգամ վկայում է գլոբալ լարվածության խորացման մասին։ 

Ստեփան Ասդուրեան

1inTV-ն զրուցել է ԱՄՆ Բերկլիի համալսարանի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ստեփան Ասդուրեանի հետ։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել քննարկում անցնող տարվա փոփոխությունների և դրանց հնարավոր շարունակականության վերաբերյալ։

Ստեփան Ասդուրեանը նշեց, որ աշխարհը մտել է խորքային ու արագացող փոփոխությունների փուլ, որտեղ դասական կանխատեսումները գրեթե անկարելի են դարձել։ Նրա խոսքով՝ այսօր մասնագետները այլևս չեն կարող վստահ սցենարներ առաջարկել, քանի որ միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ մեծ ու փոխկապակցված փոփոխություններ։ Այս շրջանը կարելի է բնութագրել որպես «պատմության արագացում», որտեղ աշխարհաքաղաքական գործընթացները զարգանում են կարճ ժամանակահատվածում և հաճախ անսպասելի ուղղություններով։ Նա դիտարկում է, որ այդ փոփոխությունների մի մասը բացահայտ է, մյուսը՝ ոչ այնքան տեսանելի, սակայն բոլորն էլ ունեն երկարաժամկետ հետևանքներ։

Ստեփան Ասդուրեանը առանձնահատուկ կարևորություն տվեց արհեստական բանականության շուրջ գլոբալ մրցակցությանը՝ նշելով, որ այն հիմնականում ծավալվում է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև։ Նրա համոզմամբ՝ սա միայն տեխնոլոգիական պայքար չէ, այլ համաշխարհային ազդեցության և իշխանության հարց։

Ասդուրեանը ընդգծեց նաև բնապահպանական ճգնաժամի, հատկապես ջրի պակասի խնդիրը, որը հաճախ մնում է երկրորդ պլանում, բայց ունի զանգվածային հետևանքներ։ Նա նշեց, որ որոշ տարածաշրջաններ արդեն իսկ կանգնած են բնակչության ապահովման լուրջ դժվարությունների առաջ, ինչը կարող է հանգեցնել մեծածավալ միգրացիայի և նոր հակամարտությունների։

Պրոֆեսորը դիտարկում է, որ Հյուսիսային բևեռի սառույցների հալումը աշխարհաքաղաքական նոր ճակատ է բացում՝ հսկայական բնական պաշարների պատճառով։ Նրա խոսքով՝ այս գործընթացում ներգրավված են մեծ տերությունները, այդ թվում՝ Չինաստանը և Ռուսաստանը, և սա արդեն իսկ նոր մրցակցության դաշտ է Հազվագյուտ մետաղների ու ռազմավարական հանքային պաշարների շուրջ պայքարը գնալով սրվում է, քանի որ դրանք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության համար։ Նա ընդգծեց, որ այդ ոլորտում Չինաստանն ունի զգալի առավելություն։

Անդրադառնալով ռազմական ծախսերին՝ Ասդուրեանը նշեց, որ վերջին տարիներին աշխարհում ռազմական բյուջեները կտրուկ աճել են՝ հասնելով տրիլիոնների, ինչը ևս մեկ անգամ վկայում է գլոբալ լարվածության խորացման մասին։

Պրոֆեսորը կարևորեց ռազմավարական անցումների և նեղուցների նշանակությունը՝ հիշատակելով Թայվանը, Սև ծովը, Մերձավոր Արևելքը, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Նրա կարծիքով՝ նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող իրադարձությունները իրականում ունեն լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Ստեփան Ասդուրեանը դիտարկում է, որ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի աճող հետաքրքրությունը պայմանավորված է տարածաշրջանի ռազմավարական դիրքով, մասնավորապես Սյունիքի նշանակությամբ՝ որպես կապող ուղի Չինաստանից դեպի Արևմուտք։ Նա ընդգծեց, որ սա էական գործոն է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներում։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ պրոֆեսորը նշեց, որ ներկայումս ստորագրվող փաստաթղթերը դեռևս ուղղություններ են, ոչ թե վերջնական լուծումներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այդ համաձայնություններին իրական բովանդակություն հաղորդել, ինչը դեռևս բաց հարց է ։

Ստեփան Ասդուրեանը կարծում է, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Թուրքիայի հետ սահմանների բացումը՝ անկախ քաղաքական ու զգացմունքային դժվարություններից։ Նա նշեց, որ դա կարող է լինել շահավետ նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար, սակայն գործընթացը դեռ լի է անորոշություններով։ Տարածաշրջանում շարունակում են պահպանվել անվտանգության լուրջ ռիսկեր, այդ թվում՝ Իրանի շուրջ հնարավոր զարգացումները, որոնք կարող են անուղղակիորեն ազդել նաև Հայաստանի վրա։

Խոսելով Եվրոպայի մասին՝ Ասդուրեանը նշեց, որ Եվրոպան ներկայումս գտնվում է տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակում, և նրա միասնականությունը լուրջ փորձությունների է ենթարկվում։ Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե Եվրոպան չի կարող դեր ունենալ մեր տարածաշրջանում, սակայն նրա հնարավորությունները սահմանափակվում են։

Ստեփան Ասդուրեանը դիտարկում է, որ Ռուսաստանի դիրքերը Արևմուտքի աչքում զգալիորեն արժեզրկվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով, սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ խաղացող՝ հատկապես իր միջուկային ներուժի պատճառով։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը ավելի է խորացրել Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից։

Պրոֆեսորը նշեց, որ Հայաստանը փորձում է վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ միաժամանակ խորացնելով կապերը Արևմուտքի հետ և հաշվի առնելով իր կախվածությունները։ Նա կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում դա հասկանալի մոտեցում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ստիպված է լինելու ավելի հստակ ռազմավարական ընտրություն կատարել։

Ստեփան Ասդուրեանը եզրափակեց՝ նշելով, որ առաջիկա տարիները լի են անորոշություններով, և Հայաստանի ղեկավարության համար առանցքային է զգուշավոր, բայց հետևողական քաղաքականությունը՝ հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային բոլոր փոփոխությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *