Ենթակառուցվածքների ապաշրջափակումը մտահոգություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի համար։ Իրանում ծրագրերը դիտարկվում են որպես հնարավորություն, իսկ Ռուսաստանն էլ պաշտոնապես հայտնել է մասնակցության և աջակցության պատրաստակամություն։
Արարատ Միրզոյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Արարատ Միրզոյաննամփոփում է 2025 թվականի արտաքին քաղաքական ձեռքբերումները՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ տարվա գլխավոր արտաքին քաղաքական իրադարձությունը օգոստոսի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովն էր, որտեղ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթը ամրագրում է խաղաղության կառուցման հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ։
Արտաքին գործերի նախարարն ասաց, որ այդ շրջանակում արձանագրվել է նաև TRIPP նախաձեռնությունը՝ որպես հայ-ամերիկյան ենթակառուցվածքային ծրագիր, որը աստիճանաբար կյանքի է կոչվելու։ Նրա խոսքով՝ նախկինում տարածված խոսակցությունները «միջանցքի» կամ Հայաստանի ինքնիշխանության զիջման մասին մանիպուլյացիաներ էին, ինչը պարզ դարձավ բոլոր հրապարակված փաստաթղթերից հետո։ Նա նշեց, որ ո՛չ պայմանագրերում, ո՛չ հուշագրերում նման դրույթներ գոյություն չունեն։
Միրզոյանը կարծում է, որ Հայաստանը շահագրգռված է հնարավորինս արագ գործարկել ապաշրջափակման ենթակառուցվածքները, առաջին հերթին՝ երկաթուղին։ Նրա դիտարկմամբ՝ դա Հայաստանին հնարավորություն կտա կապվել արտաքին շուկաների հետ, զարգացնել արտահանումն ու ներմուծումը, իսկ տարածաշրջանային և երրորդ երկրների միջև ստեղծել նոր լոգիստիկ կապեր՝ Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։ ԱՄՆ-ի հետ ընթանում է ինտենսիվ աշխատանք՝ սկզբունքներից անցնելով արդեն կոնկրետ իրավական ու գործառնական պայմանների հստակեցման փուլ։ Առաջիկա շաբաթներին հնարավոր է ունենալ առաջին փաստաթուղթը, իսկ տարվա երկրորդ կեսին՝ արդեն շինարարական աշխատանքներ գետնի վրա։
Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ նա նշեց, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը մտահոգություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ Իրանում ծրագրերը դիտարկվում են որպես հնարավորություն, իսկ Ռուսաստանն էլ պաշտոնապես հայտնել է մասնակցության և աջակցության պատրաստակամություն։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը ռուսական կողմին առաջարկել է ներգրավվել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման գործընթացում։
Արտաքին գործերի նախարարը դիտարկում է, որ տարածաշրջանում շահերի մրցակցությունը հնարավոր է համադրել փոխշահավետ նախագծերի միջոցով։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ բոլոր ծրագրերը նախ և առաջ բխեն Հայաստանի շահերից, բայց միաժամանակ շահավետ լինեն նաև հարևանների և այլ գործընկերների համար՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Իրան և այլ երկրներ։
Տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ վառելիքի և ապրանքների շրջանառությունը, խաղաղության հաստատման արդյունք և ամրապնդող գործոն է։ Նրա գնահատմամբ՝ առանց խաղաղության անհնար կլիներ տասնամյակներ չգործած երթուղիների վերագործարկումը կամ անգամ սահմանափակ առևտուրը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանում պահվող անձանց, «արևմտյան Ադրբեջանի» խոսույթի և այլ խնդիրներ շարունակում են մնալ օրակարգում։ Նա ընդգծեց, որ խաղաղության հաստատումը չի նշանակում բոլոր խնդիրներիլուծում, սակայն դրանց լուծման միակ ճանապարհը գործընթացը շարունակելն է։ Նրա համոզմամբ՝ եթե չարվեն քայլեր մթնոլորտի բարելավման և փոխվստահության ձևավորման ուղղությամբ, այդ խնդիրները երբեք չեն լուծվի։
Խաղաղությունը այլընտրանք չունի, և Հայաստանը կառուցում է խաղաղ միջավայր իր շուրջ։ Միրզոյանի խոսքով՝ հասարակության ակնկալիքներն այսօր էականորեն փոխվել են՝ համեմատած մեկ-երկու տարի առաջ եղած պատերազմի սպասման մթնոլորտի հետ։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ արտաքին գործերի նախարարը նշեց, որ առանց դրանց կարգավորման,տարածաշրջանային ապաշրջափակման գաղափարը կիսատ կլինի։ Նա ասաց, որ Թուրքիայի հետ կա ինտենսիվ և դրական երկխոսություն, արդեն իրականացվում են կոնկրետ աշխատանքներ, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու հատվածի գնահատման շուրջ, սակայն ժամանակն է, որ լինեն ավելի շոշափելի արդյունքներ։
Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին նա ասաց, որ դրանք խորանում են և դեռ չեն հասել իրենց ավարտին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ունի օրենք, որը պարտավորեցնում է գործադիր իշխանությանը առաջ տանել ԵՄ անդամակցության գործընթացը։ Միաժամանակ նա շեշտեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը նպատակ չունի խզելու կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, և նման օրակարգ Հայաստանի կառավարությունը չունի։
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է շահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, և եթե երբևէ առաջանա ԵՄ անդամակցության հարցը, այն անխուսափելիորեն կդառնա լայն հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Հայաստանը օգտվել է ԵՄ աջակցությունից՝ սահմանային կայունության, անվտանգության, դիմակայունության և պաշտպանության ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ այդ աջակցությունը նպաստել է երկրի անվտանգությանը և զարգացմանը։
Խոսելով հիբրիդային սպառնալիքների մասին՝ Միրզոյանը ասաց, որ դրանք կարող են գալ տարբեր աղբյուրներից, և Հայաստանը շահագրգռված է գործընկերների փորձից օգտվելու հարցում։ Նանշեց, որ Հայաստանը ինքն էլ ունի նման սպառնալիքներին դիմակայելու փորձ։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ նրանից, սրբազան են, մշակույթի գործիչ, թե պետական պաշտոնյա։ Նրա խոսքով՝ քրեական գործերը քաղաքական հայացքներով քողարկելն անընդունելի է, և քաղբանտարկյալներՀայաստանում չկան։ «Ժողովրդավարության բաստիոն» ձևակերպումը նշանակում է առաջնագիծ, որտեղ ժողովրդավարության համար պայքար է ընթանում, ոչ թե իդեալական վիճակ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդ պայքարը շարունակվում է ինչպես ներսում, այնպես էլ արտաքին միջավայրում։
Վերջում Արարատ Միրզոյանը ասաց, որ Հայաստանը հաստատել է և շարունակելու է հաստատել ռազմավարական գործընկերություններ տարբեր երկրների հետ՝ ԱՄՆ, ԵՄ անդամներ, Ղազախստան, Իրան, ինչպես նաև նորդիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները արդեն տալիս են կոնկրետ արդյունքներ և կշարունակեն զարգանալ։Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ և վավերացմամբ, սակայն կան հարցեր, որտեղ կողմերը դեռ չունեն համաձայնություն, և աշխատանքը շարունակվում է։ Հայաստանը գնում է զարգացման օրակարգով, կոչ արեց չտրվել մանիպուլյացիաներին և վստահեցրեց, որ թեև խնդիրներ կան, դրանք լուծելի են, և երկիրը արդեն մտել է զարգացման նոր փուլ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
