Հայաստան

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի Հետ

Հատկապես պատերազմի ընթացքում, բացի անվտանգային ոլորտից, խոշոր համակարգային փլուզումներ չեն եղել։ Ֆինանսական համակարգում, դրամավարկային ոլորտում կամ բանկային համակարգում ճգնաժամ չի արձանագրվել, մինչդեռ նման իրավիճակներում այլ երկրներում արժեզրկում և ֆինանսական ցնցումներ են լինում։  

Արայիկ Հարությունյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Այս հարցազրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ամփոփում է վերջին ութ տարիների պետական կառավարման մարտահրավերները, այդ թվում՝ համաճարակը, պատերազմը և ներքաղաքական ճգնաժամերը: Նա պնդում է, որ պետական համակարգը դրսևորել է դիմակայունություն, և հատկապես կարևորում է արտաքին գործերի ու պաշտպանության նախարարություններում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ անհրաժեշտ է ամփոփել ոչ միայն մեկ տարին, այլ ամբողջ ութամյա փուլը։ Արայիկ Հարությունյանը դիտարկում է, որ այդ ընթացքում Հայաստանը անցել է երեք խոշոր սթրեսի միջով՝ հեղափոխություն, համաճարակ և պատերազմ, որոնք նույնիսկ առանձին-առանձին ցանկացած պետության համար ծանր փորձություն կլինեին։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակահատվածում, և, այնուամենայնիվ, պետական համակարգը հիմնականում կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասաց, որ հատկապես պատերազմի ընթացքում, բացի անվտանգային ոլորտից, խոշոր համակարգային փլուզումներ չեն եղել։ Նա նշեց, որ ֆինանսական համակարգում, դրամավարկային ոլորտում կամ բանկային համակարգում ճգնաժամ չի արձանագրվել, մինչդեռ նման իրավիճակներում այլ երկրներում արժեզրկում և ֆինանսական ցնցումներ են լինում։ Հարությունյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում ևս անկում չի եղել, ինչը խոսում է համակարգի կայունության մասին, թեև նա կարծում է, որ գների կարգավորման այլ գործիքներ կարելի էր կիրառել։ Այսօր պետական ապարատը գտնվում է ավելի լավ վիճակում, տարբեր օղակների միջև համագործակցությունն էապես բարելավվել է, և համակարգը դարձել է ավելի դիմակայուն։ Նրա խոսքով՝ ցավոք, այդ դիմակայունությունը ձևավորվել է մեծ սթրեսների միջով անցնելու արդյունքում։

Նա անդրադարձավ պատերազմի օրերին պետական համակարգի աշխատանքի վերաբերյալ քննադատություններին՝ ընդգծելով, որ նման գնահատականները հիմնականում մակերեսային են։ Հարությունյանը նշեց, որ պատերազմի ընթացքում երկիրը միաժամանակ բախվել է նաև կորոնավիրուսի ճգնաժամին, որը հատկապես սրվել էր ռազմական գործողությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը կարողացել է համարժեք արձագանքել այդ իրավիճակին, ինչը վկայում է համակարգի գործունակության մասին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ առարկայական քննադատությունը միշտ ընդունելի է, սակայն ընդհանուր գնահատմամբ՝ պետական ծառայողները վերջին ութ տարիներին կարողացել են պաշտպանել պետության և պետականության շահերը։ Նա հիշեցրեց վարչապետի խոսքը պետական ծառայողների ժողովում, որտեղ ընդգծվել էր այդ նույն միտքը։

Անդրադառնալով արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախկինում այդ ոլորտներում առկա էին խորքային հայեցակարգային սխալներ։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության հիմքում երկարժամանակ եղել է սպասողական մոտեցումը՝ գործել միայն արտաքին կենտրոններից թույլտվություն ստանալուց հետո, իսկ անվտանգության համակարգում գերիշխող էր այն համոզմունքը, որ վտանգի դեպքում «ինչ-որ մեկը կգա ու կփրկի»։ Նա կարծում է, որ հենց այդ «դոկտրիններն» են ծանր հետևանքներ ունեցել պատերազմի ժամանակ։

Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին այդ երկու ուղղություններում իրականացվել են լուրջ բարեփոխումներ։ Նա ընդգծեց բանակի կերպափոխման հայեցակարգը, ատեստավորման համակարգը, կրթական ծրագրերը և որակյալ կադրերի ներգրավումը՝ նշելով, որ այդ ամենը բարձրացնում է բանակի մարտունակությունը։

Անդրադառնալով վարչապետի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության շուրջ քննադատություններին՝ նա նշեց, որ այդ միտքը վերաբերում է պատասխանատվության տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ կառավարության թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է, և ճգնաժամային իրավիճակներում նրա դերը և որոշումները կարող են լինել վճռական։ Հարությունյանը նշեց, որ նման հայտարարություններ նախկինում էլ են հնչել Հայաստանի ղեկավարների կողմից, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի։ Ընդդիմության քննադատությունների մեծ մասը բովանդակային չէ և կառուցվում է կոնտեքստից կտրված բառերի ու ձևակերպումների վրա։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նման մոտեցումը չի նպաստում պետության ուժեղացմանը և ավելի շատ ծառայում է «ինչքան վատ, այնքան լավ» տրամաբանությանը։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ նա նշեց, որ ընդդիմության ներկայացրած «արժանապատիվ խաղաղության» պատկերացումը իրականության հետ կապ չունի։ Նրա գնահատմամբ՝ Ղարաբաղի հարցի հանգուցալուծումը տեղի է ունեցել ոչ թե 2018-2020 թվականներին, այլ 1988-2020 ամբողջ ժամանակահատվածում, և այդ ընթացքում հանրությանը հաճախ ներկայացվել է իրականությունից տարբեր պատկեր։ Նա նշեց, որ այսօր գոյություն ունեցող իրողությունները պետք է ընդունել, իսկ խաղաղության գործընթացը փաստ է, որն անհրաժեշտ է պաշտպանել։ Խաղաղությունը երկարատև գործընթաց է և պահանջում է խնամք։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները կարևոր են հենց այդ պատճառով, քանի որ խաղաղությանը «այո» ասելը նշանակում է նաև առաջիկա տարիներին դրա ամրապնդում։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից հնչողագրեսիվ հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ֆանտոմային ցավերի արտահայտություն են, որոնք ձևավորվել են երկարատև պատերազմի պայմաններում։ Հարությունյանը կարծում է, որ նման խոսույթը ժամանակի ընթացքում կարող է նահանջել, եթե կողմերը հետևողական քայլեր ձեռնարկեն և հասարակություններին նախապատրաստեն խաղաղությանը։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական հավասարակշռությանը՝ նա նշեց, որ Հայաստանի վարած բալանսավորված քաղաքականությունը թույլ է տալիս պահպանել հավասար մոտիկություն և հավասար հեռավորություն տարբեր կենտրոններից։ Նրա կարծիքով՝ հենց այդ քաղաքականության արդյունքն է, որ այսօր Հայաստանում և տարածաշրջանում կա խաղաղություն։

Տնտեսական հարաբերությունների թեմայով Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոքր խնդիրների լուծումը կարող է նպաստել մեծ խնդիրների հաղթահարմանը։ Նա օրինակ բերեց պատմական և տարածաշրջանային դեպքեր՝ ընդգծելով, որ երկկողմ առևտրի զարգացումը նվազեցնում է լարվածությունը և ստեղծում է միջավայր ավելի բարդ հարցերի լուծման համար։ Նրա խոսքով՝ բենզինի շուրջ բարձրացված աղմուկը նաև կապված է նախկին տնտեսական սխեմաների քայքայման հետ, քանի որ այժմ ձևավորվում են ավելի էժան և մրցակցային այլընտրանքներ։

Խոսելով ընդդիմության մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ իրենց գործողություններով են ապացուցում իրենց կապը նախկին համակարգի և արտաքին ազդեցությունների հետ։ Նա կարծում է, որ ներկայումս Հայաստանը գործ ունի ընդդիմության հետ, որի հիմնական նպատակը պետականության ամրապնդումը չէ, այլ ծայրագավառական մտածողության պահպանումը, որը, նրա խոսքով, հանրության կողմից արդեն մերժվում է։

Եկեղեցու թեմային անդրադառնալով՝ նա նշեց, որ կեղծիք է այն պնդումը, թե իշխանությունը փորձում է մի խմբի փոխարինել մյուսով։ Հարությունյանը նշեց, որ եկեղեցու ներսում խնդիրների բարձրաձայնումը կարևոր քայլ է, հատկապես հաշվի առնելով, որեկեղեցին երկար ժամանակ գործել է տոտալիտար համակարգի տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ ներքին գնահատականներն ու որոշումները պետք է կայացվեն հենց եկեղեցու ներսում։

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախկին ղեկավարներն ունեցել են բոլոր հնարավորությունները դրա դեմ պայքարելու համար, սակայն այդ հնարավորությունները չեն օգտագործել, ինչի պատճառով այսօր նրանց խոսքը վստահություն չի ներշնչում։

Խոսելով հիբրիդային սպառնալիքների մասին՝ նա նշեց, որ դրանք միայն ապատեղեկատվությամբ չեն սահմանափակվում և պահանջում են ինստիտուցիոնալ պատասխան։ Նրա խոսքով՝ արտաքին ֆինանսական աջակցությունը ուղղված է հենց այդ ինստիտուտների զարգացմանը, ոչ թե ներքաղաքական գործընթացներին միջամտելուն։ Միաժամանակ նա ընդգծեց, որ խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից է, և ցանկացած կարգավորում պետք է արվի չափազանց զգուշորեն։

Արայիկ Հարությունյանը եզրափակեց՝ նշելով, որ նույնիսկ օտար շահեր սպասարկող լրատվամիջոցների գոյության պայմաններում Հայաստանում հնարավոր են եղել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, ինչպես նաև ներքին ապակայունացման փորձերի կանխում։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է զարգացնել ժողովրդավարությունը՝ պահպանելով խոսքի ազատությունը և միաժամանակ պաշտպանվելով հիբրիդային սպառնալիքներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *