Սփիւռք

Ուժերի Լարում

Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Ամերիկայի հասարակական գործիչ՝ Դոկտոր Վիգեն Հովսեփյանի հարցազրույցը։

Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի նախագահ, ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեծ հավանականությամբ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի և Արցախյան հիմնահարցի նկատմամբ, քան նախորդ վարչակազմը: Բայց նա նկատում է, որ, այնուամենայնիվ, հայ-ամերիկյան հարաբերությունները մեծ չափերով կրում են ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ եղած հարաբերությունների ազդեցությունը:

«Այստեղ տակավին շատ լուրջ հարցականներ կան, և իրոք դեռ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա երկկողմանի հարաբերութուններում շատ բան պիտի ճշտվի: Պետք է հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ԱՄՆ-ն կազմում է նախևառաջ տարածաշրջանի թելադրանքով և հետո հատուկ ՀՀ-ի հանդեպ ունեցած իր շահերով, որը, ի դեպ, աննշան է»,- ասում է նա:

-Պարո՛ն Հովսեփյան, դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ կարծես նախանշվում էին ԱՄՆ այսօրվա նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հիմա արդեն, երբ վարչակազմն անցել է աշխատանքի, Դուք նկատու՞մ եք, թե նրա վարչակազմի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ինչպիսին է:

-Այն, որ Բայդենի վարչակազմն արդեն ունի Հարավային Կովկասի գծով քաղաքականության հիմնական կամ առանցքային կետեր, անվիճելի է: Բայց դա հաստատելուց հետո պետք է նկատի ունենանք երկու այլ զուգահեռ իրականությունները: Առաջինն այն է, որ պատմությունը ցույց է տվել, թե ինչպես է որևէ խնդրի դեպքում (այս պարագայում Հարավայի Կովկասին վերաբերող- Վ. Հ.) տեսականորեն ձևավորված քաղաքականությունը փորձաքարերի հանդիպում և ըստ այդմ՝ փոփոխություններ կրում: Կենդանի և անմիջական փորձը շատ պայմաններ է պարտադրում և նախապես որոշված ժամանակահատվածը, մեկ կամ ավելի վերանայումների ենթարկվելով, կարող է  ամիսների կամ տարիների վերածվել:

Երկրորդը, որը անմիջականորեն վերաբերում  է Հայաստանին, այն է, որ միշտ պետք է հիշել, որ այն մեծ չափերով կրում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ եղած հարաբերությունների ազդեցությունը: Այստեղ տակավին շատ լուրջ հարցականներ կան, և իրոք դեռ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա երկկողմանի հարաբերութուններում շատ բան պիտի ճշտվի: Պետք է հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ԱՄՆ-ն վարում է նախևառաջ տարածաշրջանի թելադրանքով և հետո հատուկ ՀՀ-ի հանդեպ ունեցած իր շահերով, որը, ի դեպ, աննշան է:

-Արցախյան վերջին պատերազմի օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ում ընտրություններ էին: Այստեղ առանձնակի հետաքրքրություն հակամարտության վերաբերյալ չդրսևորվեց: Հիմա արդեն ընտրություններն ավարտվել են, նախագահն էլ նախկինը չէ՝ նոր է, որը բավականին տեղյակ է մեր տարածաշրջանից և Հայաստանից: Ի՞նչ եք կարծում` ԼՂ հիմնահարցի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարո՞ղ է ակտիվանալ այս վարչակազմի օրոք:

-Նորից կրկնեմ՝ Արցախյան հարցի գծով տարածաշրջանային իրականություններից անկախ քաղաքականություն պետք չէ ակնկալել: Դա պարզապես իրատեսական չէ: ԱՄՆ-ն բավական իրատեսական մոտեցումներ ունի տարածաշրջանի վերաբերյալ, և հասկանում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի և թե Իրանի շահերը ավելի լուրջ են այստեղ, քան իրենը:

Ուստի, ԱՄՆ-ի դերակատարությունն ու ակտիվությունը որոշ օրինաչափություն պիտի պահպանի իրենց ակնկալությունների հետ: Լավ հասկանալով, թե իր ակնկալությունները մեծ չեն կարող լինել այստեղ, իր մրցակցությունը կամ ճնշումների ճիգերը ևս մեծ պիտի չլինեն: Մեզ՝ հայերիս, թվում է, թե Հայաստանը մեծ կռվախնձոր է, որ ԱՄՆ-ը մեծ ռեսուրսներ պատրաստ է տրամադրել այստեղ, մինչ մեր փորձը դա ցույց չի տալիս: Անշուշտ, երկրի համար լավ բան չէ հզոր պետությունների ձեռքը կռվախնձոր լինելը, բայց մյուս կողմից էլ, դա այնքան էլ վատ բան չէ, քանի որ հնարավորությունների դուռ է բացում:

Այս բոլորն ասելուց հետո, պետք է նաև համաձայնեմ, որ Բայդենի վարչակազմը մեծ հավանականությամբ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի և Արցախյան հիմնահարցի նկատմամբ, քան նախորդ վարչակազմը:

-Վերջին տարիներին շատ է քննարկվել, որ հայ-ամերիկյան օրակարգում լուրջ հարցեր չկան, դրա համար էլ առանձնապես ակտիվություն չկա հարաբերություններում, չի ակտիվացել համագործակությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներում, չեն եղել բարձր մակարդակի փոխայցելություններ, հանդիպումներ: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան իշխանությունները կարո՞ղ են նոր վարչակակազմի հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում հաջողել նոր, ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ստանալը, ի՞նչ է պետք դրա համար:

-Մեկ անգամ ևս՝ հարաբերությունների մակարդակը որոշվում է շահերի վրա հիմնվելով: Իսկ ի՞նչ կարող է խոստանալ Հայաստանը ԱՄՆ-ին, որ առաջին հերթին շահագրգռի, և միևնույն ժամանակ հունից չհանի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այստեղ կարող է լինել միայն մեկ յուրահատուկ շահագրգռվածություն, այն է՝ ամերիկահայության ակնկալություններին և պահանջներին բավարարություն տալը: Այս իմաստով, ՀՀ իշխանություններ-ամերիկահայություն ճիգերը հավելյալ համակարգումի և առավել լարումի պետք է գնան:

-Մոտենում է ապրիլի 24-ը, և արդեն ԱՄՆ սենատորները կոչ են արել Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Բայդենը ճանաչել է այն, հնարավո՞ր է, որ նախագահի պաշտոնում էլ ճանաչի: Դրա համար կա՞ն քաղաքական նախադրյալներ:

-Ձեզ արդեն հայտնի է, որ ԱՄՆ- օրենսդիր մարմինը՝ զույգ պալատները՝ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, անցյալ տարի շռնդալից կերպով ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը: Թեև զույգ պալատների կողմից ընդունված բանաձևերն օրենքի ուժ ունեն, այսուհանդերձ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա արտաքին քաղաքականության և այլ ոլորտների վրա:  Հայության և հայ դատի շահերն էլ հաջորդ հանգրվանին հասցնելու համար կարևոր հանգամանք է  նախագահի և վարչակազմի ճանաչումը, որն այլևս խնդիրը մեծամասամբ դուրս է բերում խորհրդանշական լինելու կաղապարից և այն վերածում է քաղաքական ազդակի:

Բայդնը Սենատոր եղած ժամանակներից ի վեր աջակցում է Ցեղասպանության ճանաչման համար պայքարող ամերիկահայերին, և ճիշտ եք, որ նախագահական քարոզարշավի ժամանակ էլ խոստումներ է տվել այդ մասին, բայց նա առաջինը չի լինի, եթե դրժի իր խոստումը: Օբաման և նրանից առաջ եղած նախագահներն էլ քարոզարշավի ժամանակ ճանաչման խոստումներ են տվել, հետո հազար ու մի պատրվակով փախչել իրենց տված խոստումից: Այս տարի լիահույս ենք, որ Բայդենը մեզ հուսախաբ չի անի, սակայն կապրենք, կտեսնենք: Մինչ այդ, որպես հայ համայնք, մեր ուժերի լարումով փորձելու ենք համապատասխան ճնշում բանեցնել Սպիտակ տան վրա: Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը, օրինակ, մեծ աշխատանք է այս գծով անում և սոցիալական ցանցերում պահանջատիրության ստորագրահավաք է կազմակերպել, ինչը գալիս է համալրելու անցյալ տասնամյաներում հայկական լոբբի մեծ ճիգերն ու ջանքերը:

 -Քանի որ խոսք գնաց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, կուզեի Ձեր կարծիքն իմանալ, թե ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում ՀՀ իշխանությունների գործելաոճն այս հարցն առաջ տանելու գործընթացում։

-Որպես ամերիկահայ համայնք և նրան ծառայող կազմակերպություններ՝ միշտ էլ մոտիկից խորհրդակցում կամ համագործակցում ենք ՀՀ իշխանությունների հետ, ով էլ լինի երկրի ղեկավարը, հատկապես որ համագործակցության առանցքը համահայկական բնույթի մարտահրավերներն են՝ Արցախյան հիմնախնդիր, Ցեղասպանության ճանաչում կամ ՀՀ-ին հասնող ամերիկյան տնտեսական օժանդակություն: Սակայն նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուղղակի պարտականությունը ուղղակի մերն է՝ համայնքինը, և այստեղ ՀՀ իշխանությունները երկրների ներքաղաքական գործընթացներին միջամտելու արգելքներ ունեն անգամ օրենքի ուժով:

Իսկ ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ՀՀ իշխանությունների քայլերին, ապա պետք է ասեմ, որ հավելյալ ճիգերի տեղ դեռևս կա, բայց վերջին տարիների մարտահրավերները հաշվի առնելու դեպքում, հասկանում ենք անբավարար ճիգերի պատճառները:

Tert.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *