Մաս Բ
Արեւելյան Հայաստանի վերահայացումը 1828-29-ին իհարկե կատարյալ չէր, այլ միայն մի երկար գործընթացի սկիզբն էր, որի ավարտը տեսավ արդեն մեր սերունդը՝ 1988-90-ին: 20-րդ դարի սկզբին Արեւելյան Հայաստանի բնակչությունը դեռ, այսպես ասած, «կես-կես» էր, եւ, օրինակ, նույն Արարատյան դաշտի բազմաթիվ հատվածներ բնակեցված էին գերազանցապես թուրքերով:
Հրանտ Տէր Աբրահամյան
Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար Ռուսաստանին
Շատ դժվար է լիարժեք՝ բոլոր հնարավորություններն ընդգրկող այլընտրանք կառուցել Ռուսաստանի կազմում Հայաստանի մտնելուն: Շատ դժվար է, բայց միաժամանակ շատ հետաքրքիր ու ուսուցանելի: Թերեւս, այս թեման համարենք նույնիսկ մեր նոր պատմության գլխավոր այլընտրանքը: Հենց դրա համար էլ այստեղ հատկապես ուզում ենք շեշտել, որ տողերիս հեղինակը որեւէ հավակնություն չունի այդ տիտանական ու մանրակրկիտ գործն ի կատար ածելու մի հոդվածով՝ նույնիսկ համեմատաբար ծավալուն: Իհարկե, հեղինակները սիրում են նման համեստ հավաստիացումներ անել, եւ ընթերցողներն էլ հաճախ դա ընկալում են որպես յուրահատուկ ծես, պայմանականություն եւ այլն: Բայց այս դեպքում հատուկ ուզում եմ շեշտեմ, որ խոսքը ոչ թե ծիսական, այլ իրական հավաստիացման մասին է: Իմ խնդիրն է տվյալ դեպքում ընդամենը թեմա գցել, ցրցամ տալ մի խոսակցություն, որը կարծես երբեք լրջությամբ չի զարգացել: Իսկ ավելի լուրջ եւ ամբողջականի համար անհրաժեշտ է տարիների աշխատանք եւ դրա արդյունք՝ հատորներ: Եվ ես այնքան եմ կարեւորում այս թեման ու գործը, որը, հուսամ, ապագայում կարվի հետազոտողների կողմից, որը, խոստովանեմ, որոշակի, չասեմ վախով, բայց անհանգստությամբ եմ մոտենում դրան, չնայած վաղուց ի վեր մտածել եմ եւ որոշ չափով ուրվագծել այն: Այս «նախազգուշացումներից» էլ բխում է գրվածքի ոճն ու ձեւը: Ես չեմ գրելու այս անգամ «դասական» այլընտրանք, այլ ավելի շուտ կտամ դրա «նյութերը»՝ հիմնական հարցադրումներն ու գործոնները, որոնցից հնարավոր է կազմել այլընտրանքային սցենարները: Մոտավորապես ինչպես լինում է՝ «պատմություն» եւ «նյութեր պատմության համար»:
Առաջին գործոնը, որը պետք է նշենք՝ ժողովրդագրական է (դեմոգրաֆիական. հատուկ ճշտում եմ, քանի որ նկատել եմ, որ Հայաստանում որոշ դեպքերում ժողովրդագրականը զարմանալիորեն կարող են շփոթել «ժողովուրդ» արմատի այլ ածանցյալների հետ՝ ժողովրդավարական եւ այլն): Գաղտնիք չէ, եւ շատ է խոսվել այն մասին, որ 19-րդ դարի սկզբին ապագա Ռուսահայաստանի մի զգալի մասում հայերը բնակչության փոքրամասնություն էին, եւ որ 1828-29 թթ. ընթացքում Ատրպատականից (Խոյ, Սալմաստ, Ուրմիա) եւ Արեւմտյան Հայաստանից (Կարին, Բասեն, Ալաշկերտ, Բայազետ, Մշո դաշտ) հայերի կազմակերպված արտագաղթի միջոցով վերահայացվեցին Արեւելյան Հայաստանի շատ շրջաններ: Այս արտագաղթը հովանավորվեց ռուսական կառավարության կողմից եւ խոչընդոտների էր հանդիպում հատկապես Օսմանյան կառավարության կողմից, որն այն ժամանակ չէր ուզում կորցնել հայերի նման օգտակար հպատակներին: Այդ շրջանում օսմանյան շահերի տեսակետից արեւելքում հիմնական խնդիրը քրդերի «ավազակապետությունն էր», որը չէր ուզում ենթարկվել կենտրոնական կառավարությանը, իսկ հայերը աշխատասեր, խաղաղասեր, հավատարիմ եւ միաժամանակ քրդական ինքնավարությունից թիվ մեկ տուժող՝ բնական ու ցանկալի դաշնակիցներ էին քրդերի դեմ կառավարության պայքարում (19-րդ դարի վերջին, ինչպես գիտենք, հարաբերությունն այս թուրք-հայ-քրդական եռանկյունում փոխվեց): Քրդերը, ի դեպ, ցանկալի չէին նաեւ Ռուսաստանում, եւ դրա համար Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո տեղի մահմեդական բնակչությունից հենց քրդերի զգալի մասը գաղթեց պարսկական տիրապետության տակ մնացած շրջաններ, իսկ, օրինակ, թուրքալեզուները՝ ապագա ադրբեջանցիները, մեծ մասամբ մնացին տեղում: Այն քրդերն էլ, որ չգաղթեցին, աստիճանաբար չձուլվեցին թուրքերին, քանի որ այստեղի քրդերի մեծ մասը դավանանքով շիաներ էին, ինչպես նաեւ՝ թուրքերի մեծ մասը: Այդպիսի ձուլված կամ կիսաձուլված քրդերից էին Հայաստանի եւ Ղարաբաղի թուրքերից շատերը, այդ թվում, ինչպես պնդում են շատերն Ադրբեջանում, Ալիեւների ընտանիքը…
Մինչեւ ռուսական տիրապետությունը, հայկական մեծամասնություն ունեցող տարածքներն էին Արեւելյան Հայաստանում՝ Լոռին, Տավուշը, այսպես կոչված՝ Դաշտային Ղարաբաղի լեռնային մասը, Լեռնային Ղարաբաղը, ներկայի Սյունիքի մարզի հարավային հատվածը՝ նախկին սովետական Գորիսի, Ղափանի, Մեղրիի շրջանները եւ Սիսիանի շրջանի հարավային մասը, հին Գողթան գավառը՝ ներկայում Նախիջեւանի հանրապետության հարավում, ինչպես նաեւ Էջմիածին քաղաքը, Աշտարակն իր մի քանի գյուղով, ներկայի Կոտայքի մարզի մի քանի բնակավայր, ներկայի Վայոց ձորի մարզի մի քանի գյուղ, վերջապես Երեւանում կային զգալի թվով հայեր: Գյումրիում նույնպես կան ընտանիքներ, որոնք սերում են «հին հայերից»: Կարծես տվեցինք ամբողջական պատկերը, եթե նույնիսկ բաց ենք թողել որոշ կետեր, ապա դրանք շատ բան չեն փոխում ընդհանուր պատկերում:
1828-29 թթ. նորեկ հայերը (շրջաններում, ուր նրանցից բացի կան նաեւ հնաբնակներ, ինչպես օրինակ՝ Վայոց ձորում, նրանց մինչեւ հիմա ասում են «թազա հայեր») բնակեցրին Ջավախքը, Շիրակը (գերազանցապես էրզրումցիներ, բայց նաեւ մշեցիներ, բասենցիներ եւ այլ տեղերից եկածներ), Ապարանը (մշեցիներ), Գեղարքունիքը (բայազետցիներ, ալաշկերտցիներ, մշեցիներ), ներկայի Կոտայքի մարզի զգալի մասը, Արարատյան դաշտը, Վայոց ձորը, նախկին Սիսիանի շրջանի հյուսիսային մասը, Նախիջեւանը (բոլորը հիմնականում Խոյ-Սալմաստ-Ուրմիայից, հին անվամբ՝ Ատրպատականից): Մեկ դար անց սրանց ավելացան նաեւ Թալինը բնակեցրած սասունցիները, Գառնիի ենթաշրջանը բնակեցրած մշեցիները, եւ վանեցիները, որոնք հիմնականում բնակեցրին Երեւանը եւ դրանով հիմք դրեցին Երեւանի մայրաքաղաք դառնալուն, ու մի քանի գյուղ էլ Արարատյան դաշտում ու շրջակայքում:
Արեւելյան Հայաստանի վերահայացումը 1828-29-ին իհարկե կատարյալ չէր, այլ միայն մի երկար գործընթացի սկիզբն էր, որի ավարտը տեսավ արդեն մեր սերունդը՝ 1988-90-ին: 20-րդ դարի սկզբին Արեւելյան Հայաստանի բնակչությունը դեռ, այսպես ասած, «կես-կես» էր, եւ, օրինակ, նույն Արարատյան դաշտի բազմաթիվ հատվածներ բնակեցված էին գերազանցապես թուրքերով: Այդուհանդերձ հենց Արեւելյան Հայաստանի վերահայացումն է դարերի հեռանկարից իմաստավորվում որպես Ռուսաստանին միացման հիմնական հետեւանք, հիմնական օգուտ, որի արժեքը չի կորել նաեւ այսօր: Շատերն են այս հանգամանքը բերում որպես «վերջին փաստարկ», որը թեման փակում է՝ առանց Ռուսաստանին միանալու չէր լինի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, քանի որ պարզապես չէինք ունենա այստեղ հայկական մեծամասնություն կամ գոնե բավարար թվով հայ բնակչություն: Այս փաստարկն իրոք դժվար է վիճարկել, եւ չենք էլ պատրաստվում դա անել:
Բայց այլ բան է, որ ամեն փաստ ունի նաեւ իր «ստվերը»: Տվյալ դեպքում ստվերն այն է, որ Արեւելյան Հայաստանի վերահայացումն ուներ իր գինը: Բարդ չէ նկատել, որ այդ գինն Արեւմտյան Հայաստանում եւ Ատրպատականում հայ բնակչության պակասորդն էր, այսինքն՝ Արեւելյան Հայաստանը հայացվել է ի հաշիվ Արեւմտյան Հայաստանի եւ Ատրպատականի: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, ուր փաստը Արեւելյան Հայաստանի տարածքում գոյացած Հայաստանի Հանրապետությունն է, որը դարերի մեր գլխավոր ձեռքբերումն է, դարերի մեր պայքարի արդյունքը: Բնականաբար մարդուն ինքնին տրված ու ինքնին արժեքավոր է թվում այն իրականությունը, որում ապրում է: Բայց այլ պայմաններում կարող էին լինել այլ իրականություններ, որտեղ հայկական պետությունը վերածնվեր ոչ թե Արեւելյան, այլ, ասենք, Արեւմտյան Հայաստանում: Եվ այդ իրականության մեջ ապրող մարդկանց համար Արարատյան դաշտի անհայաբնակ լինելը կարող էր նույնքան՝ եթե ոչ բնական ու ցանկալի, ապա գոնե ժամանակավորապես հաշտվելի իրականություն լինել, ինչպես մեզ համար Մշո դաշտի ոչ հայաբնակ լինելն է այսօր:
Ընդհանրապես մեր պատմությունը վերլուծելիս՝ որպես կանոն, կենտրոնանում ենք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլեւ գաղափարախոսական հարաբերությունների վրա եւ առավել հաճախ կամ անտեսում, կամ քիչ ուշադրություն ենք դարձնում այդ ամենի նյութական հողին՝ աշխարհագրությանն ու ժողովրդագրությանը: Մինչդեռ պատմության հիմքը կամ նույնիսկ, ասենք, հումքը հենց աշխարհագրական ու ժողովրդագրական տվյալներն են, որոնց նկատմամբ քաղաքականը, տնտեսականը եւ մյուսներն ունեն մակերեսի, վերնահարկի հարաբերություն, էլ չասած այնպիսի եթերային երեւույթի մասին, որպիսին գաղափարախոսություններն են, որոնք իրենց հերթին մակերես են քաղաքականի, տնտեսականի, դասակարգայինի նկատմամբ: Մակերես՝ չի նշանակում անկարեւոր եւ ուշադրության ոչ արժանի: Մակերեսն ընդամենը հարաբերություն է, հարաբերական անուն, որը նշանակում է, որ մակերեսը թեեւ կարեւոր է, բայց անբացատրելի է առանց խորքի ու հիմքի, եւ որ մակերեսն ինքնին չի կարող բացատրություն լինել որեւէ երեւույթի, եթե հաշվի առնված չեն հիմնարար հարաբերությունները: Պատմությունը գործընթաց է քաղաքական, հանրային, տնտեսական, մշակութային հարաբերությունների, որը ծավալվում է կոնկրետ նյութական միջավայրում, թատերաբեմում, որպիսին են աշխարհագրական, ժողովրդագրական տվյալները: Առանց դրանց գործընթացը եւ դրա վերլուծությունը մնում է օդում:
Այսպես՝ 1880-1910-ականների հայկական ազատագրական պայքարը վերլուծելիս մենք առավել հաճախ վերլուծում ենք դրա քաղաքական, տնտեսական եւ այլ առումները, փորձում ենք սխալն ու ճիշտը, հաջողությունների ու ձախողումների պատճառները գտնել մարդկային հարաբերություններում՝ նույն քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական եւ այլն: Դա ինքնին սխալ չէ, անօգուտ չէ, բայց այն պայմանով միայն, որ նախապես հաշվի ենք առել, այն էլ՝ մանրամասն ու լրջմիտ անդրադարձով նյութական հիմքը՝ աշխարհագրությունն ու ժողովրդավարությունը: Որքան էլ վերլուծենք քաղաքականը եւ մյուսները, որքան էլ սխալներ գտնենք այդտեղ, սակայն մի բան պարզ է, որ հայկական ազատագրական պայքարը ոչնչով ավելի սխալաշատ չէր, քան Օսմանյան կայսրության դեմ պայքարող մյուս ժողովրդական շարժումները՝ բուլղարականը, մակեդոնականը, մինչ այդ՝ հունականն ու սերբականը եւ մյուսները: Բայց դրանք բոլորն էլ պսակվեցին հաջողությամբ, իսկ հայկականը՝ ոչ: Էական տարբերությունը հայկականի եւ մյուսների այն էր, որ հայկական պայքարը չէր կարող հենվել ամուր ժողովրդագրական եւ աշխարհագրական հենքի վրա: Մի քանի տարի առաջ մի փոքր հոդված էի գրել այս թեմայով: Շատ կարճ փորձեմ վերարտադրել դրա հիմնական թեզերը:
Արեւմտյան Հայաստանում չորս խոշոր կենտրոն կար, ուր հայերը համեմատական կամ տեղ-տեղ բացարձակ մեծամասնություն էին՝ Վան-Վասպուրականի շրջանը, Մշո դաշտն ու Սասունը, Կարնո դաշտը, Լեռնային Կիլիկիան: Սրանցից երեքը՝ Վանը, Մուշը, Կիլիկիան, բնականից դարձան ազատագրական պայքարի կենտրոններ: Կարինը օսմանյան գերիշխանության խոշոր ստրատեգիական կենտրոն էր Էրզրումի բերդով եւ այդ պատճառով այստեղ բարդ էր զինված ազատագրական պայքարի գործող կենտրոն ստեղծելը:
Կարեւորն այն է, որ բոլոր այս հայաբնակ շրջանները իրարից մեկուսացված կենտրոններ էին, որոնց միջակայքում գերազանցապես քրդաբնակ տարածքներ էին: Նույնիսկ Վանն ու Մուշը, որոնք իրար մոտ էին, ի զորու չեղան միմյանց հետ մշտական հուսալի հաղորդակցություն ունենալ, թեեւ փորձեր եղել են, եւ խնդրի կարեւորությունը գիտակցվել է: Ավելին՝ հայկական կենտրոնները մեկուսացած էին ոչ միայն միմյանցից, այլեւ Արեւելյան Հայաստանից նույն քրդաբնակ շրջանների շղթայով: Իսկ այս իրավիճակի հիմքը հենց թուրքահայերի եւ պարսկահայերի գաղթն էր Արեւելյան Հայաստան 1828-29-ին: Հենց դրա արդյունքում հայկական բնակչությունից զրկվեցին Բայազետը, Ալաշկերտը, Բասենի դաշտը, որոնք մի կողմից կապն էին Կարինի՝ Վանի եւ Մշո դաշտի միջեւ, մյուս կողմից՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների միջեւ, թուլացավ Կարնո եւ Մշո դաշտերի հայկականությունը (բուն Էրզրում քաղաքում հայերը դադարեցին մեծամասնություն լինել, բայց մեծամասնություն պահպանեցին շրջակա գյուղերում՝ Կարնո դաշտում): Նույն գաղթի պատճառով հայկական բնակչությունը էապես նոսրացավ Ուրմիա լճի ավազանում՝ Ատրպատականի արեւելքում, որը Վան-Արարատյան դաշտ երկրորդ ճանապարհն էր:
Հայկական ազատագրական պայքարը Օսմանյան կայսրության դեմ կարող էր ստանալ միանգամայն այլ բնույթ եւ ունենալ միանգամայն այլ արդյունք, եթե հենվեր արմատապես այլ ժողովրդագրական եւ աշխարհագրական տվյալների վրա: Չեմ ուզում այստեղ մանրամասն հիմնավորել, թե ինչ կարեւոր նշանակություն ունեն որեւէ զինված պայքարի համար ժողովրդագրական հենարանը, հաղորդակցության ուղիները եւ այլն: Դա շատ հեռուն կտաներ մեզ: Հուսով եմ միայն, որ ընթերցողը, որը պատկերացում ունի, թե ինչ բան է որեւէ պայքարի նյութական հիմքը, կհասկանա այս փաստերի կարեւորագույն, եթե չասեմ՝ վճռորոշ նշանակությունը, իսկ մյուսներն էլ կփորձեն աշխատեցնել իրենց տրամաբանությունն ու երեւակայությունը:
Մոտենում ենք մի կարեւոր կետի: Խոսելով Արեւելյան Հայաստանի վերահայացման կարեւորության մասին, որպես կանոն՝ մտքում նկատի ունենք այն, որ առանց դրա չէինք ունենա այսօրվա ՀՀ-ն, ինչը ճիշտ է, եւ զուգահեռ չէինք ունենա նաեւ Արեւմտյան Հայաստանը՝ այնպես, ինչպես չունենք այսօր, ինչն արդեն շատ կասկածելի պատկերացում է: Արեւելյան Հայաստան այսօր ունենք, որովհետեւ ունեցել ենք այստեղ բավականաչափ ամուր ժողովրդագրական հիմք: Եվ հակառակը, չունենք այսօր Արեւմտյանը, որովհետեւ դրա ժողովրդագրությունը խարխլվել է 1915-ից շատ առաջ եւ հատկապես 1829-ից հետո: Իհարկե, այնպես չէ, որ մինչեւ 1829-ինն ամեն բան փայլուն էր, բայց շրջադարձային կետ հենց դա կարող ենք համարել: Արեւմտյան Հայաստանի կորստի հիմքը, Մեծ եղեռնի հիմքը դրվել է հենց արեւմտահայերի, որոշ չափով նույնիսկ Ատրպատականի հայերի մեծ գաղթով 1828-29 թթ.: Չեմ ասում, որ կորուստը երաշխավորված էր, խոսում եմ միայն հիմքի, սկզբնակետի մասին:
Բավականաչափ համարձակություն ունեմ պնդելու, որ ինչպես էլ զարգանային հայ-թուրքական հարաբերություններն այլընտրանքային իրականության մեջ, ուր այդ գաղթը չէր լինի, կամ առհասարակ չէր լինի Հայաստանի մի մասի միացումը Ռուսաստանին, ինչպիսին էլ լիներ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը, կունենայինք արդյոք այդ տարածքում հայկական պետություն, թե ոչ, բայց Մեծ եղեռնը չէր լինի: Եվ սա ունի երկու պատճառ:
Նախ՝ պետք է հասկանալ, որ Մեծ եղեռնն օդի մեջ տեղի ունեցած պատմություն չէր՝ միայն հայ-թուրքական հարաբերություններով պայմանավորված: Այլ այն հարազատ եւ տրամաբանական մասն է Առաջին համաշխարհային պատերազմի, դրա կարեւոր մասը՝ ռուս-թուրքական, այլեւ՝ անգլո-թուրքական եւ ֆրանս-թուրքական պատերազմների: Այս հարաբերություններից դուրս ոչ մի Մեծ եղեռն չէր լինելու եւ չէր կարող լինել: Բոլոր ցեղասպանություններն էլ քաղաքական հարաբերությունների արդյունք են եւ տեղի են ունենում ու բացատրելի են կոնկրետ քաղաքական իրավիճակներում: Օրինակ՝ նույն Օսմանյան կայսրությունում 16-րդ դարում բնաջնջվել են հարյուրհազարավոր շիա-թուրքեր (այսօրվա ադրբեջանցիների նախատիպը), որովհետեւ Օսմանյան կայսրությունն այն ժամանակ հակամարտության մեջ էր Իրանի հետ, իսկ շիա-թուրքերն Իրանի պոտենցիալ դաշնակիցներն էին: Այսինքն՝ օսմանցի թուրքերի ցեղակից շիա-թուրքերի ցեղասպանությունը մասն էր օսմանա-իրանական պատերազմի, այլ ոչ թե օդի մեջ իրադարձություն էր՝ բխած չարությունից, ատելությունից եւ նման «բոբո» բաներից: Իհարկե, կար եւ գաղափարական հիմնավորումը՝ սունիների պայքարը շիաների դեմ, բայց նման գաղափարական հիմնավորումները կարեւոր են դառնում, միայն եթե կոնկրետ քաղաքական առիթ ու հիմք կա, եւ իրենք իրենցով լումայի արժեք ունեն, ինչպես որ լումայի արժեք ունի երիտթուրքերի պանթուրքիզմը որպես հայերի Ցեղասպանության հիմնավորում. եթե չլինեին Առաջին համաշխարհային պատերազմի կոնկրետ հարաբերություններն ու իրավիճակը, զուտ պանթուրքիզմից ոչինչ էլ չէր բխի:
Երկրորդ՝ եթե մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ հանգամանքներում թուրքերը հղանալու էին հայերի բնաջնջումն անկախ ռուս-թուրքական հարաբերությունից, ապա այդ այլընտրանքային աշխարհում Մեծ եղեռնը մեծ հավանականությամբ նույնպես չէր դառնա իրականություն: Պատճառների մասին վերեւում արդեն խոսել ենք՝ Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական եւ աշխարհագրական հենքը: Եղեռնն իրականություն է դարձել այդ հենքի թուլության պատճառով: Գրեթե բոլոր խոշոր հայկական կենտրոններում՝ Վանում, Մուշ-Սասունում, Ուրֆայում եւ այլուր, եղել է հայկական ինքնապաշտպանություն 1915-16-ին: Բայց դրանց մեծ մասը ձախողվել է հայկական շրջանների՝ իրարից եւ Արեւելյան Հայաստանից կտրված լինելու պատճառով: Հաջողվել է միայն Վանի ինքնապաշտպանությունը, որովհետեւ համեմատաբար մոտիկ են եղել Ռուսահայաստանին, եւ որովհետեւ համեմատաբար ավելի կոմպակտ են եղել այդ տարածքի հայաբնակ ենթաշրջանները: Իսկ եթե Վանն ու Մուշը, այլեւ Կարնո դաշտն իրար հետ կապված լինեին, եթե կազմեին հայկական գոնե հարաբերական մեծամասնությամբ միասնական հոծ տարածք Բայազետի, Ալաշկերտի, մյուսների հետ, ապա Մեծ եղեռնն առնվազն շատ ավելի բարդ իրագործելի կլիներ:
Եվ այսպես, եթե պատկերացնենք, որ Հայաստանը չի միանում Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին, եւ առհասարակ ինչ-որ պատճառով Անդրկովկասը դուրս է մնում ռուսական գերիշխանությունից, ապա կունենայինք փաստացի երկու՝ իրարից առանձնացված Հայաստաններ: Տվյալ դեպքում նկատի ունենք ոչ թե տարածքային իմաստով Հայաստան, այլ ժողովրդագրական:
Մի Հայաստանը հյուսիս-արեւելքում՝ Բորչալուից ու Լոռիից Տավուշով կմիանար Լեռնային Ղարաբաղին Դաշտային Ղարաբաղի լեռնային հատվածով եւ կավարտվեր Գորիս-Ղափան-Մեղրի-Ագուլիսում: Սա, ի դեպ, աշխարհագրական պայմաններով եւ նույնիսկ երկրաբանական պատմությամբ գրեթե միասնական շրջան է: Դա Հայկական լեռնաշխարհի եզերքներից է, որն իր պայմաններով տարբեր է եւ հակադիր Լեռնաշխարհի կենտրոն՝ հրաբխային բարձրավանդակին: Եթե հրաբխային բարձրավանդակում, որը նախկին ծովի տարածք է, գերակայում են բարձր լեռնային հարթավայրերը (Շիրակի դաշտի նման), որոշ չափով ցածրադիր հարթավայրերը (Արարատյան դաշտի նման) եւ հրաբխային լեռնագագաթները, որոնք հաճախ «աճում են» հենց հարթավայրերի միջից՝ Մասիս, Արագած, Արայի լեռ, Սիփան եւ այլն, ապա ծայրամասային տարածքներում, որոնք նախկին կղզիների կամ ծովափերի տարածքներ են, գերակայում է կտրտված բնապատկերը՝ «սարուձորը», կլիման ավելի խոնավ է, տարածքն էլ՝ անտառային: Սա Հայկական լեռնաշխարհի սահմանն է, որից այն կողմ սկսվում են Անդրկովկասի մեծ ցածրադիր դաշտերը՝ Քռի միջին ու ստորին հոսանքներում, որտեղ հայկական քաղաքակրթությունն իր բնական ավարտն է գտնում. այս տարածքները երբեք չեն հայացվել, նույնիսկ երբ մաս են եղել հայկական թագավորության: Այս հատվածի մեծ մասում, բացի Լոռուց եւ Մեղրի-Ագուլիսից, գերակայում է Ղարաբաղյան բարբառն իր խոսվածքներով (ներառյալ Տավուշինը, Գանձակինը, Գորիսինը, Ղափանինը. սրանք բոլորն էլ Ղարաբաղյան բարբառներ են):
Մյուս Հայաստանը կլիներ Արեւմուտքում՝ ձգվելով Կարնո դաշտից Բասենով, Ալաշկերտով, Բայազետով եւ իջնելով մի կողմից դեպի Մուշ ու Սասուն, մյուս կողմից՝ Վանա լճի ավազան, եւ սա էլ՝ միացած Ուրմիայի արեւմտյան ափին: Սրանք բոլորն էլ կկազմեին մեկ միասնական հայաբնակ տարածք: Առանձին հայկական կղզի կմնար միայն Լեռնային Կիլիկիան:
Երկու Հայաստաններն իրարից առանձնացված կլինեին անհայացած ընդարձակ տարածքով՝ Շիրակ, Գեղարքունիք, Արարատյան աշխարհի, Կոտայքի, Վայոց ձորի, Նախիջեւանի մեծ մասերը: Այս տարածքի առանձին հատվածներում պահպանվելու էին հայաբնակ կղզյակներ՝ Աշտարակն իր գյուղերով, Երեւանը շրջակա մի քանի գյուղով՝ Քանաքեռ, Նորք, Փարաքար եւ այլն, Վայոց ձորում մի քանի գյուղ եւ այլն, եւ այլն: Եվ իհարկե, այստեղ՝ որպես ձգողական կենտրոն, կմնար Էջմիածինը կաթողիկոսի նստավայրով:
Չենք ուզում այստեղ գծել այդ երկու Հայաստանների հնարավոր այլընտրանքային պատմությունը: Դա իրոք առանձին եւ բավականաչափ մանրակրկիտ գործ կլիներ: Հավանաբար կարելի է ենթադրել երկուսի առանձին զարգացում, քանի որ աշխարհագրորեն իրարից շատ կտրված են, բայց իրենք իրենց մեջ բավականաչափ միասնական ու ամբողջական հարմար պահին ինքնուրույնության հասնելու համար: Չնայած այսօրվա ՀՀ զգալի մասը դուրս է մնում այս երկու տարածքից, բայց Էջմիածնի առկայությունն այդտեղ շատ ուժեղ գործոն է: Եթե երկու մեծ հայկական տարածքներից մեկը հասներ քաղաքական ինքնուրույնության որեւէ զգալի չափի, ապա կամ կաթողիկոսական գահը մի օր տեղափոխվելու էր այդտեղ, կամ հակառակը, ինքնուրույնության հասած հայկական քաղաքական միավորն էր ձգտելու ինչ-որ կերպով վերատիրանալ Էջմիածնին:
Համենայնդեպս նշեմ, որ Էջմիածնի խնդիրն այնքան էլ երկրորդական չէ: Հենց կաթողիկոսական գահի վերադարձն այդտեղ 15-րդ դարում կարեւոր հիմք դարձավ, որ հայկական պետության վերականգնման նախագծերը կենտրոնանան Արարատյան դաշտի շուրջ: Եվ մյուս կողմից՝ Էջմիածնի հմայքն այնքան էր, որ նույնիսկ ադրբեջանցիները 1918-20 թթ. իրենց բոլոր քարտեզներում Էջմիածինը թողնում էին հայերին, չնայած Երեւանը համարում էին իրենցը: Իսկ Շահ Աբասը հայերին Իսֆահան տեղափոխելուց հետո ցանկանում էր Էջմիածնի վանքն էլ քար առ քար տեղափոխել, քանի որ զգացել էր, որ քանի դեռ հայերի գլխավոր սրբությունն այդտեղ է, նրանք չեն դադարում որպես իրենց հայրենիք ընկալել Արարատյան դաշտը, իսկ Շահ Աբասն ուզում էր, որ հայերը միաձուլվեն Իրանին՝ ուժեղացնելով այն իրենց աշխատասիրությամբ ու տաղանդով:
Ավելի լավ նախապատրաստելու համար Հայաստանի հնարավոր այլընտրանքային քաղաքական պատմությունը, նշենք եւս մի քանի կարեւոր գործոն՝ չմոռանալով հընթացս, որ այլընտրանքային պատմության նպատակն իրական պատմությունն ավելի լավ հասկանալն է, այսպես ասած՝ բացելը, քննարկելի դարձնելն է այն, ինչ թվում է ինքնին պարզ ու անքննելի:
Նախ՝ ասենք, որ ռուսական առաջխաղացման Կովկասից այն կողմ կասեցումը, թեեւ ոչ շատ հավանական, բայց եւ ոչ անհնար պետք է համարել: Եթե այդ առաջխաղացումն ինչ-որ պատճառներով մի քիչ ուշանար, ապա, ինչպես 19-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում հիմնականում անգլիական, բայց որոշ չափով նաեւ այլ արեւմտաեվրոպական տերությունների ջանքերով կասեցվել է ռուսական հետագա առաջխաղացումը դեպի Պարսկաստան եւ Արեւմտյան Հայաստան ու ավելի հարավ, ապա նույն կերպ կարելի է պատկերացել նաեւ ռուսական ծավալման կասեցումը նույն ուժերի կողմից նաեւ Կովկասից այս կողմ: Այս դեպքում որպես այլընտրանքային պատմության կարեւոր գործոն՝ պետք է հաշվի առնենք տարածաշրջանում անգլիական ազդեցության որոշակի չափ համապատասխան հետեւանքներով, այդ թվում՝ հայոց պատմության վրա:
Երկրորդ՝ ռուսական գերիշխանության բացակայությամբ հայ-ադրբեջանական հակամարտությունը կամ որեւէ կարեւոր արժեք չէր ունենալու, կամ համենայնդեպս արտահայտվելու էր շատ ավելի թույլ, քան իրական պատմության մեջ: Ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունն ինքնաբավ երեւույթ չէ, այլ մեծ հաշվով ֆունկցիա է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների: Իսկ ավելի կոնկրետ պետք է հաշվի առնենք, որ ադրբեջանական առանձին ինքնությունը՝ գոնե որպես լիարժեք ազգային ինքնություն, երբեք չէր կայանալու Ռուսաստանից դուրս, այլ Այսրկովկասի շիա-թուրքերը մնալու էին իրանական քաղաքակրթական ու պետական ինքնության սահմաններում՝ մոտավորապես այնպես, ինչպես այսօրվա Իրանի ադրբեջանցիներն եւ իրանաբնակ այլ թյուրքալեզուներ: Կովկասի թուրքերի կամ ինչպես ռուսներն էին ասում (իսկ վրացիները խոսակցական լեզվում ասում են ցայսօր)՝ թաթարների ինքնությունը կրոնականից՝ շիականից, եւ քաղաքակրթականից՝ պարսկական, դեպի լեզվական եւ ցեղային՝ թուրքական զարգացումը տեղի է ունեցել ոչ միայն պարզապես Ռուսական կայսրությունում, այլեւ գոնե սկզբնական շրջանում ռուսական խրախուսմամբ, քանի որ ռուսների խնդիրն էր սկզբնական շրջանում կտրել այստեղի թուրքերին Իրանից, իսկ պանթուրքիզմի խնդիր այդ ժամանակ չկար, նույնիսկ սաղմնավորված չէր, քանի որ Օսմանյան կայսրությունում էլ զուտ ազգային՝ թուրքական ինքնությունը թույլ էր, գերակայողը կրոնական եւ պետական ինքնություններն էին: Ընդ որում՝ այս գործընթացում բազմաթիվ սկզբնապես իրանալեզու խմբեր թուրքացան՝ թաթերը, թալիշները, նույն քրդերը: Իսկ դրանք ժամանակին մեծ տեղ ու դեր ունեին: Օրինակ՝ Բաքվի խանության եւ հարակից խանությունների տարածքում գերակայողն ավելի շատ պարսկալեզուներն էին, քան թուրքալեզուները: Բայց ինչպես ասացինք, ռուսական գերիշխանության տեսակետից կարեւոր էր կտրել կապը պարսկականի հետ, որով էլ խրախուսվում էր թուրքականը: Եթե չլիներ ռուսական տիրապետությունը, չէր լինի առանձին «ադրբեջանցի» ազգ, այլ կլինեին տեղի թուրքալեզու շիաներ ու պարսկալեզու շիաներ՝ երկուսն էլ պատմականորեն, մշակույթով եւ պետականորեն միտված դեպի իրանական մեծ ինքնությունը: Համապատասխանաբար երբեք այն արժեքը չէր ստանա հայ-թուրքական հակամարտությունն Այսրկովկասում, ինչ ստացավ իրական պատմության մեջ:
Երրորդ՝ այլ կերպ կդասավորվեր նաեւ Վրաստանի պատմությունը: Դարերի ընթացքում Վրացական թագավորություններն ու իշխանությունները, թեկուզ թուլացած ու մասնատված, որոշ դեպքերում էլ՝ անվանական, բայց պահպանել են իրենց գոյությունը պարսկական եւ օսմանյան գերիշխանության տակ: Դա պատահական չէ, քանի որ հատկապես իրանական գերիշխանության հին ավանդույթը (թերեւս աշխարհում կամ գոնե Արեւմտյան Եվրասիայում պահպանված հնագույն պետական ավանդույթը) երբեք չի ենթադրել տեղական ինքնիշխանության իսպառ ոչնչացում: Այնտեղ, ուր պահպանվել են տեղական իշխանությունները, իրանական համակարգը միշտ դրանց հետ «յոլա է գնացել»: Եթե, օրինակ, Հայաստանում էլ պահպանված լինեին թագավորություններն ու իշխանությունները, իրանական համակարգը սրանց հետ էլ կգործակցեր, այլ ոչ թե կոչնչացներ, ինչպես վկայում է հենց Ղարաբաղի եւ այլ հայկական մելիքությունների փորձը:
Օսմանյան համակարգի հարցը մի քիչ այլ է, դրան այստեղ չենք անդրադառնա: Ռուսական համակարգը, որը հիմնված է հռոմեական-բյուզանդական ավանդույթի վրա, ենթադրում է իր գերիշխանության տակ եղած տարածքներում տեղական ինքնիշխանությունների իսպառ վերացում, եւ միայն ծայրահեղ դեպքերում, այն էլ ժամանակավորապես կարող է հանդուրժել ինքնավար վիճակ: Դրա համար օրինաչափ է, որ Վրաստանի թագավորություններն ու իշխանությունները, պահպանվելով դարերի ընթացքում մահմեդական լծի տակ, վերացան ռուսական՝ դաշնակից ու հավատակից տիրապետության հաստատմամբ: Ինչ էլ լինի, վրաց թագավորությունները պետք է պահպանվեին, եւ կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում դրանց միջից առավել ուժեղները Վրաստանի միավորման համար պայքար էին սկսելու: Գուցե ձեւավորվեր երկու առանձին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Վրաստանի թագավորություններ, գուցե դրանք ի վերջո միավորվեին: Այս գործընթացը պետք է որ իր ազդեցությունը թողներ հայաբնակ առաջին մեծ գոտու վրա, որի մի մասն այսպես թե այնպես արեւելավրացական թագավորության կազմում էր: Եթե Վրաստանը միավորվեր եւ ուժեղանար, կարող էր իր ազդեցությունը տարածել բոլոր շրջակա հայաբնակ տարածքների վրա, եւ վերստեղծվեր Զաքարյանների շրջանի վրաց-հայկական պետության պես մի բան, մանավանդ որ այդպիսի ծրագրեր 18-րդ դարում կային:
Այսրկովկասի մահմեդական իշխանությունները՝ խանությունները, նույնպես կպահպանվեին: Դրանք ժամանակի ընթացքում կամ ավելի ու ավելի կձուլվեին Իրանին այդ երկրի արդիականացմանը զուգահեռ, կամ էլ կընկնեին վրացական ազդեցության տակ, եթե Վրաստանն ուժեղանար՝ միավորվելու ինքը եւ միավորելով Բագրատունյաց հովանու ներքո նաեւ հայերին:
Կպահպանվեին եւ Ղարաբաղի հայկական մելիքությունները, որոնք այդքան պայքարելով ռուսական տիրապետության հաստատման համար, վրաց թագավորությունների նման վերացան այդ նույն տիրապետության հաստատմամբ: Դրանք կգոյատեւեին Ղարաբաղի խաների, վրաց թագավորների եւ պարսից շահերի հարաբերությունների խաչմերուկում եւ շահերի այդ բախման մեջ կարող էին կամ ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերել եւ ազատվել խաների գերիշխանությունից, կամ էլ աստիճանաբար թուլանային, բայց հազիվ թե իսպառ վերանային, քանի որ շատ ամուր էր նրանց ժողովրդագրական հենքն ու ավանդության ուժը: Այլընտրանքային զարգացման խաչմերուկներից մեկում դրանք կարող էին նոր հայկական պետության հիմքը դառնալ: Թերեւս առավել ճիշտ քաղաքականությունը նրանց կողմից կլիներ իրանական կողմնորոշումն ընդդեմ թուրքական խաների անջատողականության եւ ի վերջո դրա շնորհիվ խանական իշխանության վերացումը՝ հետագա բաց հեռանկարներով:
Ինչ վերաբերում է արեւմտահայերին, ապա նրանց գոյության երաշխիքը լինելու էր ամուր ժողովրդագրական հենքը՝ այնպես, ինչպես նկարագրեցինք: Կախված հանգամանքների զարգացումից՝ նրանք կամ կանկախանային Օսմանյան կայսրության անխուսափելի փլուզմանը զուգահեռ եւ կստեղծեին հայկական բավականին ընդարձակ պետություն՝ Կարինում կամ Վանում ունենալով կենտրոնը, որի ազդեցությունը կտարածվեր նաեւ Այսրկովկասի վրա, կամ էլ առնվազն կպահպանեին իրենց ֆիզիկական գոյությունն ու ինքնությունը Թուրքիայի կազմում: Ընդ որում՝ թուրք-քրդական հակասությունների առկայությունը մշտական մանեւրի հնարավորություն էր տալու: Իսկ ամուր ինքնությամբ եւ ժողովրդագրական ուժեղ հենք ունեցող ազգի գոյությունը սեփական հայրենիքում միշտ էլ ուշ թե շուտ հանգեցնում է անկախության, ճիշտ ինչպես որ քրդերն են մի օր ունենալու անկախ պետություն:
Վերջապես երկու խոսք էլ Հայաստանի արդիականացման մասին: Տեսակետ կա, որ ռուսական գերիշխանության գլխավոր արդյունքներից երկրորդը, բացի Արեւելյան Հայաստանի վերահայացումից, Հայաստանի արդիականացումն էր, որը չէր իրականանալու առանց Ռուսաստանին միանալու: Սա հայ լիբերալ մտավորականության, այլեւ մինչ այդ հայ կղերականության՝ «առաջադեմ աշխարհին» կամ էլ «քրիստոնյա եղբայրներին» միանալով աստվածաշնորհ բարիքներ ձեռք բերելու միֆոլոգիայի մերօրյա ճյուղավորումներից է: Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ սրան: Մի անգամ այս շարքի հոդվածներից մեկով փորձել եմ բավականին ծավալուն անդրադառնալ սովետական արդիականացման խնդրին: Հիմնական միտքս այն էր, որ անկախ սովետականից՝ Հայաստանն ուներ ինքնուրույն մոդեռնիզացիայի ռեսուրս, որը թեեւ կարող էր չլինել այդքան արագ եւ մասշտաբային, բայց դրա փոխարեն գինը կլիներ ավելի ցածր եւ ոճն ավելի կառուցողական, ոչ ագրեսիվ: Ինչ վերաբերում է նախասովետական Ռուսահայաստանին, ապա նշել եմ արդեն, որ Ռուսաստանի առավել հետամնաց ծայրամասերից էր, իսկ հայությունը զարգանում էր միայն Հայաստանից դուրս:
Ընդհանրապես ենթադրել, որ հայ ազգը չուներ արդիականացման ինքնուրույն ռեսուրս՝ անկախ որեւէ մեծ տերության միանալուց, նշանակում է նախ՝ բավականաչափ ուշադիր չլինել սեփական ազգի պատմությանը, որը բոլոր քիչ թե շատ նպաստավոր պայմաններում ապացուցել է, որ տարածաշրջանի առավել ընդունակ ազգերից է տնտեսական, մշակութային զարգացման ոլորտում: Եվ երկրորդ՝ նշանակում է վերլուծության փոխարեն պարզ քարոզչությամբ է զբաղվել: Ամբողջ Մերձավոր Արեւելքը 20-դր դարի ընթացքում արդիականացվել է առանց ռուսների միջնորդության կամ նվազ միջնորդությամբ, իսկ հայերը, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կողմից ընկալվել են որպես առավել «եվրոպացի», պիտի չկարողանային արդիականանալ ինքնուրույն: Այդպես մտածելը, մեղմ ասած, անլուրջ է: Իհարկե, հայկական արդիականացումը կլիներ, ինչպես ասացինք՝ ավելի դանդաղ, ավելի մեղմ: Բայց եթե մեկը նախընտրում է արդիականացման ստալինյան տեմպերը, եւ համապատասխանաբար՝ մեթոդները, որովհետեւ մեթոդները Ստալինի չար սատանա լինելու հետեւանք չէին, այլ միայն տեմպերի, ապա՝ դա իր իրավունքն է: Բայց այսօրվա Թուրքիան կամ Իրանը նույնպես արդիականացված երկրներ են, եւ հարց է, թե արդյոք հետսովետական երկրներից պակաս են այդ հարցում: Հայ ազգն իր ուժերով կարող էր հասնել առնվազն այդ երկուսի արդիականացման մակարդակին, կարծում եմ՝ մի քիչ էլ ավելի: Դա ավելի քան բավական էր:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանն ու հայությունն առանց Ռուսաստանին միանալու կապրեր, եւ նույնիսկ չի բացառվում վերստեղծեր իր պետությունը կամ պետությունները: Ես չեմ կարող եւ չեմ ուզում ասել, թե ո՞ր տարբերակն էր նախընտրելի՝ այն, որը եղավ, թե այն, որը կարող էր լինել: Դրա իմաստն էլ չկա: Իմ խնդիրը, կրկնեմ, նման գնահատականներ տալը չէ, այլ այլընտրանքային հնարավորությունները վերլուծելու միջոցով վերհանել ներկայի կառուցվածքը, ազատել այն չափից ավելի կարծրացած պատկերացումներից, եւ եթե հնարավոր է, որոշ լույս սփռել ապագայի վրա՝ վերականգնելով ագզային ինքնավստահության, սեփական ուժերի նկատմամբ հավատի զգացումը:
Հեղինակ՝ Հրանտ Տէր-Աբրահամեան
Նկարազարդող՝ Դավիթ Փարթամյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։