Հայաստան

Հանրապետություն

Երեկոյան սկսվեց ռմբակոծությունը հայոց մասի քաղաքի զանազան կողմերից եւ այս անգամ արդեն կատակ չէր անում տաճկաց զորքի հրամանատարությունը։

1918թ. հունիսին կնքելով Բաթումի հաշտության պայմանագիրը, թուրքական բանակը շարունակում էր անդրկովկասյան ռազմարշավը, որի հիմնական թիրախը Բաքուն էր։

Սակայն նավթային քաղաքին հասնելու համար նախ անհրաժեշտ էր գրավել Գանձակը, որը երկաթուղային հանգույց էր եւ դառնալու էր թուրքական բանակի հենակետը։ Մայիսի վերջին թուրքական ստորաբաժանումները Նազիմ բեյի հրամանատարությամբ հասնում են Գանձակ, որտեղ բնակվում էր շուրջ 20 հազար հայ: 1917թ. նոյեմբերին քաղաքում տեղի էին ունեցել առաջին բախումները հայերի ու թաթարների՝ Վայրի դիվիզիայի միջեւ։ 1918թ. հունվարին՝ Շամքորի դեպքերից հետո, երկաթուղային ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակված էր, ինչը մշտական վտանգի տակ գտնվող բնակչության համար ստեղծել էր նաեւ կենցաղային դժվարություններ. առաջին անհրաժեշտության ապրանքներն ու հացը թանկացել էին եւ դժվարությամբ էին հայթայթվում։

«Մշակ», 2 հունիսի, 1918թ., թիվ 102. Ելենենդորֆ։

«Վեց ամսից ի վեր մենք պաշարված ենք եւ միանգամայն կտրված երկաթուղային հաղորդակցությունից: …Պատահել է, որ թուրքերը, մի քանի հազար ռուբլի ստանալով, խոստացել են մասնավոր կերպով իրենց ծանոթ հայերի ցորեն ծախել, եւ երբ հայերը մոտենում են քաղաքամեջի կամուրջին ցորենը ստանալու, տեսնում են, որ մեշոկներից մեկը երկուսը լցրած է գարիով, իսկ 10-12-ը՝ անասունի աղբով… Ճանապարհներին եւ դաշտերում պատահող ամենօրյա սպանությունները եւ կողոպուտները արդեն սովորական երեւույթ են դարձել եւ ոչ ոքի չեն զարմացնում:

…Հայ ժողովուրդը բառիս բուն նշանակությամբ զուրկ է, ամիսներից ի վեր, հացի պաշարից, շաքարից, սապոնից, նավթից եւ այլն: Իրերի այս դրության մեջ միայն գերմանական գաղութն է, որ անհոգ ու ապահով իր աշխատանքի ու ապրուստի ետեւիցն է ընկած, թուրքերը սրանց լավ են վերաբերվում եւ ամեն կերպ սիրաշահում»:

Հայերը Գանձակում զինված էին, ունեին մարտական խմբեր եւ հերթապահություն էին իրականացնում։ Գանձակի փոխանորդ Լեւոն վարդապետը Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին ուղղված իր նամակում 1918թ. հունիսի վերջին գրում էր, որ հայերը զինվել էին գլխավորապես ադրբեջանական հրոսակներից պաշտպանվելու համար, դեռեւս 1905-07թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ, եւ «այս զինավառությունը ունենալու համար, հայ մարդը վաճառել է նույնիսկ յուր ստացվածքը, կովը, եզը, կարպետը…»:

Թուրքերը քաղաքում

Գանձակում Նազիմ բեյը նախապատրաստում է Նուրի փաշայի ժամանումը, որը տեղի է ունենում հունիսի սկզբին։ Նրան հանդիսավոր դիմավորում են կայարանում, այնուհետև ուղեկցում քաղաքի մզկիթը։ Նուրին հանդիպում է հայերի ու թաթարների ներկայացուցիչներին եւ պարզում հակամարտության պատճառները։ Թալանից, սպանություններից եւ ընդհանուր անիշխանությունից բացի, հայերի համար խիստ կարեւոր էր երկաթուղու բացումը եւ պարենի համաչափ բաշխումը։

Թաթարներն իրենց հերթին ուզում էին, որ հայերը անասունների նախիրները ամառային արոտավայրեր տեղափոխելու՝ «քոչի» ճանապարհ տան իրենց։ Զբաղվելով քաղաքում կարգ ու կանոն հաստատելով՝ Նուրի փաշան շարունակում էր զորքեր կենտրոնացնել, որոնք բաժանվում էին զորախմբերի հետագա արշավանքների համար: Երկաթուղին եւ քաղաքի պարեկությունն ամբողջությամբ անցնում է թուրքերի հսկողության տակ։

«Մշակ», 5 հունիսի, 1918թ., թիվ 104.

«Նուրի փաշայի հրամանով մուսուլմանական կորպուսի մի բատարեա ուղարկվեց Եվլախ՝ Աղդամ գնալու համար. նա իր հետ տարավ 4 թնդանոթ, որ անհրաժեշտ է այն կողմը շարժվող թուրք զինվորներին: Կորպուսի շտաբի հրամանի համաձայն այդ թնդանոթները ղրկելուց առաջ ռուս օֆիցերների ձեռքով լավ մաքրվեցին ու կարգի բերվեցին: Գանձակում սպասվում է օսմանցիների՝ թվով երրորդ գեներալը – Թուրխան փաշան, որ Թավրիզից, Աղդամի վրայով գալիս է Եվլախ: Ինչպես Նազիմ եւ Նուրի փաշաները, այնպես եւ Թուրխան փաշան Կ.Պոլսից դուրս է եկել երկու ամիս առաջ»:

Հայերի զինաթափումը

Նուրի փաշայի հետ հանդիպման առաջին դրական տպավորությունը շուտով անցնում է։ Հունիսի 12-ին նա հանդիպում է քաղաքի հայ ներկայացուցիչներին եւ պահանջում անհապաղ հանձնել զենքը։ Հայերն առարկում են՝ ասելով, թե այն անհրաժեշտ է թաթարական ավազակախմբերից պաշտպանվելու համար։ Հաջորդ օրը թնդանոթներն ուղղվում են քաղաքի հայկական թաղամասի վրա, եւ թուրքերը վերջնագիր են ներկայացնում՝ մինչեւ հունիսի 13-ը հանձնել զենքը։ Հայերի մի մասը՝ հատկապես երիտասարդներն ու զինվորականները, որոշում է չենթարկվել պահանջին եւ հարձակման դեպքում դիմել ինքնապաշտպանության։ Սակայն բոլորը չէ, որ կողմ էին այս մոտեցմանը. հայերն ունեին ռազմամթերքի ու հացի պակաս եւ 2-3 օրից ավելի չէին կարող դիմադրել։ Որոշվում է դիմել Ելենենդորֆի գաղութի զինվորական ներկայացուցիչ Ջամալ բեյին՝ խնդրելով գոնե երկարաձգել վերջնաժամկետը։ Սակայն Ջամալը նույնպես չի ընդառաջում, եւ թուրքերը նախազգուշական կրակ են բացում հայկական թաղամասի վրա։

«Երեկոյան սկսվեց ռմբակոծությունը հայոց մասի քաղաքի զանազան կողմերից եւ այս անգամ արդեն կատակ չէր անում տաճկաց զորքի հրամանատարությունը։ Ռումբերից վիրավորվեցին մի քանի հոգի, վնասվեցին տներ քաղաքի մեջ եւ արվարձանում։ Ռմբակոծության ժամանակ ուղարկվեցին զենքեր մի քանի սայլ, ինչպես ինքս ականատես եղա, թեեւ ռմբակոծությունը տեւեց բավականին երկար, սակայն վնասները շատ աննշան էին (Գանձակի փոխանորդ Լեւոն վարդապետի հայտարարությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին Գանձակի հայության զինաթափման մասին, Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում 1918-20թթ., Երեւան, 2003, էջ 54)։

Հայերի մի մասը, ովքեր դեմ էին զենքերը հանձնելուն, հեռանում է Գանձակից։ Ընդ որում՝ թուրքերը նախապես պահանջում էին հեռանալուց թողնել զենքը, սակայն ի վերջո, չեն կարողանում կանխել հայ մարտիկների հեռանալը։

«Մշակ», 19 հունիսի, 1918թ., թիվ 115.

«Հունիսի 14-ին Գանձակում շարունակվեց հայ ազգաբնակության զինաթափությունը քաղաքի երկու մասերում տեղավորված թուրք զորքերի ձեռքով: Հայերը, Նուրի փաշայի առաջարկությամբ, հանձնում էին զենքերը իրենց ազգային կոմիտեին կից գտնվող առանձին մասնաժողովին, որը իր հերթին զենքը հանձնում էր թուրքաց զորահրամանատարությանը: Նուրի փաշայի թույլտվությամբ հրացանները թողնված են արտաքին պաշտպանությունը կրող հայկական միլիցիային միայն: Հայկական փողոցներով անցնում էր առանձին սուրհանդակ, որ Նուրի փաշայի անունից հրավիրում էր հայերին անվախ երեւալ քաղաքի թուրքական մասում: Հայերը խմբերով ասկյարների հսկողությամբ այցելում էին թուրքական բազարը եւ նույն հսկողության տակ վերադառնում էին իրենց թաղամասը: Հայերի տրամադրությունը ճնշված է, հուզալի ու ընկճված: …Թուրքերի հետ կռվելու կողմնակից հայերը իրենց հրացաններով բարձրացան լեռները, մի քանի տեղ ճեղքելով թուրքական զորաշղթաները»:

Գանձակը գրավելով՝ թուրքերը ոչ միայն հաղորդակցության ուղիներ էին ձեռք բերում, այլեւ փորձում էին համալրել իրենց ուժերը։ Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Նուրի փաշան տեղի մահմեդականներին հայտնում է, որ երիտասարդները պետք է զորակոչվեն եւ համալրեն թուրքական բանակի շարքերը։

«Ողջունում եմ ձեզ, մուսուլման ժողովուրդ: Վերջապես իրականացավ Թուրքիայի երազը իր ցեղակիցներին միացնելու: Ահա 51 օր է մենք դուրս ենք եկել Կ.Պոլսից եւ քաղց, ծարավ ու ամեն տեսակ զրկանք ու անհարմարություններ կրեցինք, որպեսզի, վերջապես, ձեզ տեսնենք: Հույս ունեմ ես արժանի եմ ձեր վստահության: Այժմ զինաթափ եղեք, այլեւս խաղաղ ժողովրդին պետք չեն հրացաններ, իմ ասկյարները կապահովեն ձեր հանգիստը: Մեր նպատակն է ձեզ կազմակերպել եւ հավաքել իբրեւ զորք, դուք դեռ զինվորական ծառայություն չեք կրել, իսկ մենք արդեն հոգնել ենք, ձեր պարտքն է օգնել մեզ գյավուր անգլիացիներին դիմադրելու»,- ասել էր Նուրին։

Հունիսի 16-ին Թիֆլիսից Գանձակ է տեղափոխվում Մահմեդականների ազգային խորհուրդը, որն արդեն հռչակել էր Ադրբեջանի անկախությունը։ Շուտով այն լուծարվում է եւ ձեւավորվում է նոր կառավարությունը Խան-Խոյսկու գլխավորությամբ:

Նուխիի, Արեշի, Շամախիի հայերի ջարդերը

Թեեւ թուրքական բանակի հիմնական թիրախը Բաքուն գրավելն էր, նրանք հավակնություններ ունեին նաեւ Դաղստանի նկատմամբ։ Այդ նպատակով թուրքական բանակը բաժանվում է մի քանի խմբի, եւ դրանցից մեկը Նազիմ բեյի հրամանատարությամբ շարժվում է դեպի Քուռ գետի ձախ ափին գտնվող Նուխի, Արեշ, Շամախի գավառները, որտեղ կային մեծ թվով հայկական գյուղեր։

Այս շրջանների հայության դեմ հարձակումները սկսվել էին դեռեւս 1917թ. վերջին, եւ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի եւ Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանի ջանքերով ստեղծվում է Նուխիի առանձին հրաձգային 4-րդ գումարտակը։

Գումարտակում ընդգրկված էին տարբեր ռազմաճակատներից վերադարձած մոտ 700 նուխեցի ու արեշցի։ Գումարտակը սակայն չի կարողանում լիարժեք կազմակերպել պաշտպանությունը, ինչի հետեւանքով 1918թ. հունիսի սկզբին ներխուժում է թուրքական բանակը։ Նազիմ բեյը երաշխավորում է հայերի անվտանգությունը եւ կոչ է անում չհեռանալ գյուղերից։ Գրավելով Նուխին՝ հունիսի 13-ին թուրքերը կոտորում են հայ բնակչությանը։ Որոշ գյուղերում հայերը կարողանում են մասնակի դիմադրություն կազմակերպել, սակայն ուժերն անհավասար էին։ Ջարդից փրկվածները փախչում են դեպի Վրաստան, սակայն Ալազան գետն անցնելիս նրանցից շատերը խեղդվում են։

Շրջանի հայկական 53 գյուղից 48-ը ոչնչացվում է, զոհվում է 20 հազարից ավելի հայ։ Սակայն այսքանով տառապանքները չեն ավարտվում. հաստատվելով Կախեթիայի Ցարսկիե Կոլոդցի, Սվեչինո եւ այլ բնակավայրերում, փախստականները հայտնվում են անմարդկային պայմաններում. նրանցից շատերը մահանում են հիվանդություններից ու սովից։ Մեկ տարի անց՝ 1919թ. հունիսին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կազմակերպվում է նուխեցիների տեղափոխումը հայրենիք, եւ մոտ 3000 մարդ հաստատվում է Հայաստանում։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *