Եթե Հայաստանի ՀԱՊԿ լքելու գինը լինելու է որևէ տարածքային նոր կորուստ և ադրբեջանական առաջխաղացում, իսկ հետո անորոշ ժամանակային տարածություն՝ մինչ թշնամին այս կամ այն կերպ դուրս կմղվի Հայաստանի ինքնիշխան տարածքից, ապա պարզ հարց է առաջանում՝ ո՞րն է դրա իմաստը:
Հակոբ Բադալյան
Հայաստանը ՀԱՊԿ լքելուց հետո. հարցը քննարկելու կարևոր ազդակը
Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ, հարց է ուղղել Ազատություն ռադիոկայանը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը խոսել է ՀԱՊԿ-ից Երևանի ակնկալիքի մասին: Գրիգորյանը նշել է, որ Երևանն ակնկալում է ՀԱՊԿ գործողություն Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու ուղղությամբ, այն ռազմա-քաղաքական գործիքներով, որ տնօրնում է ՀԱՊԿ: Եվ ահա, ի պատասխան հարցի, թե այդ ակնկալիքը չարդարանալու դեպքում ինչ է անելու Երևանը, երբ հնչում է ընդհուպ ՀԱՊԿ լքելու հանրային, քաղաքական կոչ, Արմեն Գրիգորյանն արձագանքում է՝ «Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Երևանը գոնե քաղաքական կուլիսների մակարդակում քննարկում է ՀԱՊԿ լքելու հարցը, թե՞ պարզապես այդ պատասխանով փորձ է արվում «գնդակը տեղափոխել ՀԱՊԿ» դաշտ, այդ կերպ այս շրջափուլում խուսանավելով իսկապես բավականին բարդ հարցից՝ Երևանի քայլը ՀԱՊԿ անգործության պայմաններում:
Խնդիրն իսկապես բարդ է, և բարդ է իհարկե այնքանով, որքանով Հայաստանի համար կարող է բարդ լինել Ռուսաստանի արձագանքը: Հասկանալի է, որ Երևանը ՀԱՊԿ լքելու հարցում ունի խնդիր ոչ թե Բելառուսի, Ղազախստանի կամ մյուս անդամների վերաբերմունքի կամ արձագանքի մասով՝ դա Հայաստանին իսկապես չի վերաբերում և հուզում օբյեկտիվորեն, այլ ՌԴ վերաբերմունքի մասով: Ի վերջո, պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ը դա Ռուսաստանն է: Այս մասին խոսվել է շատ: Եվ ուրեմն լքել ՀԱՊԿ-ը, նշանակում է հարվածել Ռուսաստանին, թե ռազմա-քաղաքական գործիքակազմին, թե հեղինակությանը: Իսկ դա լուրջ քայլ է, եթե խոսքը վերաբերում է սուբյեկտների, որոնց վրա է այդ քայլի պատասխանատվության հետևանքը: Այո, ՀԱՊԿ-ը չի օգնում որևէ կերպ, կամ չի արդարացնում այն ակնկալիքը, որ ունի և պետք է ունենա որևէ ռազմաքաղաքական բլոկի որևէ անդամ:
Բայց, մի բան է դա, մեկ այլ բան, այն, թե ինչ նոր ռիսկ է ավելանալու ՀԱՊԿ լքելու որոշման պարագայում: Հնարավո՞ր է, որ այդ որոշումը կամ դրա մասին ակնարկը սթափեցնի և սառը ջուր լինի ՀԱՊԿ համար ու նրանք շարժվեն տեղից: Իհարկե հնարավոր է: Միաժամանակ հնարավոր է նաև, որ նրանք ոչ թե սթափվեն, այլ հավաքականորեն մտածեն Հայաստանին «սթափեցնելու» մասին: Իսկ դա, ինչպես գիտենք, տեղի կունենա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կամ որևէ շանտաժի տեսքով: Պետք է արձանագրել, որ Երևանը զուրկ է այդօրինակ մեխանիզմին միայնակ դիմագրավելու հնարավորությունից: Առաջանում է հարց՝ ո՞վ կօգնի: Խոսքը հենց անմիջական, գործուն մեխանիզմով օժանդակելու, այլ ոչ հայտարարությունների մակարդակով աջակցելու մասին է: Որովհետև, եթե Հայաստանի ՀԱՊԿ լքելու գինը լինելու է որևէ տարածքային նոր կորուստ և ադրբեջանական առաջխաղացում, իսկ հետո անորոշ ժամանակային տարածություն՝ մինչ թշնամին այս կամ այն կերպ դուրս կմղվի Հայաստանի ինքնիշխան տարածքից, ապա պարզ հարց է առաջանում՝ ո՞րն է դրա իմաստը:
Կա՞ արդյոք ներկայումս գործնական նշան կամ վկայություն, որ ՀԱՊԿ մեխանիզմից հրաժարումն ու Ռուսաստանին փաստացի հասցված հարվածը ունի պաշտպանական այլընտրանքային մեխանիզմ: ՄԱԿ ԱԽ-ում կամ այլ ձևաչափերում Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության մասին հայտարարությունները մեխանիզմ դիտարկելը լուրջ չէ: Լուրջ կարող է լինել օրինակ այն, որ այդ հայտարարության հեղինակ ուժային կենտրոնները ներկայումս գործուն քայլերով և բավականին արագ ժամկետում հասնեն նրան, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից: Դա իսկապես կարող է դիտվել առարկայական փաստարկ, որը թույլ կտա լրջություն մտցնել ՀԱՊԿ հետ Հայաստանի հարաբերությունը վերանայելու թեմայի մեջ: Եթե աձանագրվում է, որ Բաքուն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ապա այդ արձանագրող երկրները անկախ ՄԱԿ ԱԽ-ից էլ ոունեն հնարավորություն, որպեսզի Ադրբեջանին տան հետ քաշվելու ժամանակ, հակառակ պարագայում զգուշացնելով կիրառվելիք պատժամիջոցների մասին: Կանե՞ն այդպիսի գործողություն: Հակառակ պարագայում, Հայաստանի լքելը իհարկե թող հուզի ՀԱՊԿ-ին, բայց լքելուց հետո իրավիճակը չի կարող չհուզել Հայաստանին, և իհարկե նրանց, ովքեր պատրաստ են Հայաստանին ցուցաբերել գործուն աջակցություն՝ Հայաստանի ինքնիշխանության այդ կարևոր քայլի պարագայում:
Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի
Հոդվածը՝ 1in.am կայքից։