Հայաստան

Նոր Աշխարհ՝ Նոր Կանոններ

Այ այսպիսի դեպքում է, որ արդիական է դառնում Պեսկովի՝ «ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման» արտահայտությունը…

Դավիթ Կարապետյան

Նոր «անկախացում-միավորում», նոր աշխարհակարգ, նոր ճգնաժամ…

Այսպիսով՝ ՌԴ-ն միայնակ գծեց իր համար աշխարհի նոր քաղաքական քարտեզ, որտեղ Ուկրաինայի 4 շրջանները (ընդհանուր՝ 108.000 քկմ մակերեսով) հետայսու համարվելու են Ռուսաստան…

Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն պաշտոնապես մտան Ռուսաստանի կազմ:

Ռեֆերենդումից երկու օր անց, Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ կազմ նոր տարածքների մուտք գործելու մասին պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը, որտեղ ներկա էին նաև այդ 4 շրջանների ղեկավարները:

Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այս որոշումը կայացրել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ։

«Ժողովուրդը կատարեց իր աներկբա ընտրությունը: Վստահ եմ, որ Դաշնային ժողովը կաջակցի ՌԴ-ում Ռուսաստանի չորս նոր շրջանների, չորս նոր սուբյեկտների ընդունման և ձևավորման մասին սահմանադրական օրենքներին, քանի որ դա միլիոնավոր մարդկանց կամքն է:
Մարդիկ, ովքեր ապրում են Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում, դառնում են մեր քաղաքացիներն՝ ընդմիշտ»,- ասել է Պուտինը:

Կրեմլում տեղի ունեցող արարողության ժամանակ Պուտինը նաև կոչով դիմել է Կիևին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մի պայմանով, որ հանրաքվեի արդյունքները քննարկման ենթակա չեն:

Նրա խոսքով ուկրաինացիները պետք է հարգեն վերոնշյալ շրջանների բնակիչների ընտրությունը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը չի ձգտում հետ բերել խորհրդային անցյալը, որ Խորհրդային Միությունն այլևս չկա, և որ այդ ամենի փոխարեն կա միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց համարում են Ռուսաստանի մաս:

Բնականաբար, այս ամենը անարձագանք չէր կարող մնալ:

Արևմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» ՌԴ-ին նոր տարածքների միացումը:
Պուտինը «չի կարող գրավել իր հարևանի տարածքն ու անպատիժ մնալ»։
Որ իր վարչակազմը կաջակցի բռնակցված տարածքները ուժով հետ վերցնելու Ուկրաինայի ցանկացած փորձին՝ հիմք ստեղծելով հետագա ռազմական գործողությունների համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է դաշինքին արագացված կարգով Ուկրաինայի միանալու դիմումին:
Իհարկե, նա կրկին անգամ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին նոր անդամ ընդունելու հստակ ընթացակարգ կա, և որ այդ որոշումը կայացնում են դաշինքի 30 անդամները։
Վերջինս նաև հավելել է, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ՝ որպես ինքնիշխան երկիր, եթե դադարեցնի պայքարը…

Բնականաբար ռուսական կողմը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դիտարկում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության մեջ մտնելու «հրավեր»:

Այս համատեքստում նորմալ է, երբ Զելենսկին հայտարարում է, թե Ուկրաինան կվերադարձնի իր օկուպացված տարածքները:
Սակայն տարօրինակ և տարակուսելի է, երբ նա ասում է, թե պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, բայց ոչ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում…

Առաջնորդվելով այդ տրամաբանությամբ, և պայմանավորելով այն փաստով, որ Պուտինը անմահ չէ ու հավերժ չի կառավարելու, ենթադրում եմ, որ Զելենսկու պատկերացրած բանակացությունները կսկսվեն մոտ 10 տարուց…

Իսկ լավագույն դեպքում, լավատեսական հաշվարկներից ելնելով, Պուտինի պաշտոնանկության հավանականությունը մոտ ժամանակահատվածում քիչ իրատեսական է:

Այսպիսով՝ Պուտինը աշխարհին ցուցադրեց, որ ինքն այս պահին առաջնորդվել է՝ ազգերի ինքնորոշման, իսկ այս պահից սկսած կառաջնորդվի՝ տարածքային ամբողջականության սկզբունքով…

Երբ պետք լինի կամ հարկ համարի՝ կխոսի ու կբարձրաձայնի միջազգային իրավունքի թե՛ ազգերի ինքնորոշման, և թե՛ տարածքային ամբողջականության ակզբունքների կարևորության, կիրառելիության ու գործադրման մասին:

Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը, որը անհանգստանում էր ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտ տեղակայվելու ու ընդլայնվելու հարցում, հիմա ինքն է ծավալապաշտական միտումներով, նորանոր տարածքներ գրավելով մոտենում ՆԱՏՕ-ի սահմաններին։

Չեմ զարմանա, եթե մի օր էլ պարզվի, որ Լեհաստանի ռուսական համայնքը «նեղվում է» և ուզում է ազգերի ինքնորոշման իրավունքով առանձնանալ և միանալ ՌԴ-ին:
Դե իսկ Պուտինին այդ պարագայում այլ բան չի մնում, քան գնալ ժողովրդի կամքին ընդառաջ…
Մանավանդ, որ պատմականորեն իր հողերն է համարում նաև Լեհաստանի արևելյան մի շարք շրջաններ:

Նույն կտրվածքով նաև Ֆինլանդիան, մերձբալթյան երկրները, չզարմանաք՝ Ղազախաստանը և այսպես շարունակ…

Ի դեպ այս 4 շրջանների Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ ՌԴ-ն իր համար ևս մեկ կարևոր ստրատեգիական հարց լուծեց:
Զրկեց Ուկրաինային 2 ծովերից.
Զապորոժիեի և Դոնեցկի շրջաններով՝ Ազովի, Խերսոնի շրջանով՝ Սև ծովերից:

Ուկրաինային մնաց ընդամենը Օդեսսայի ծովածոցը, որը բնականաբար ռուսական սևծովյան նավատորմի ուժերի անմիջական տեսադաշտում է, հետևաբար՝ ցանկացած պահի այն կարող է վերջիններիս կողմից փակվել:

Առավել ևս, որ արևմուտքից էլ, այդ հատվածին շատ մոտ գտնվող Մերձդնեստրում, կենտրոնացված է դեռևս 1995 թվականից տեղակայված 6.500 հոգանոց ռուսական օպերատիվ զորքեր:

Այստեղ գործում է՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասույթը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի՝ ռուս-ուկրաինական սպասվելիք պատերազմին ներգրավմանը, ընդհուպ ակտիվ մասնակցության հավանականությանը, ապա ասեմ, որ այն ոչ միայն չի բացառվում, այլ խիստ ենթադրելի է:

Մինչ մեր վարչապետը բառախաղերով դեռ կորոշի, թե «մենք ի վերջո դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից, թե ՀԱՊԿ-ը Հայաստանից»՝ վիճակը բարդանում է, իսկ քաղաքական որոշում կայացնելը՝ դառնում հրատապ:

Մանավանդ՝ այս պահին ՀԱՊԿ-ը ղեկավարում է Հայաստանը, ի դեմս վարչապետի և բավականին բարդ ու ճակատագրային որոշումներ կայացնելը մնալու է վերջինիս ուսերին:

Բարդագույն խնդիր է, թե ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ը ՌԴ-ի կոչին՝ պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության նոր սահմանները, որոնք արդեն իսկ համարվում են Ռուսաստանի տարածք։

Եվ հետո.
մինչ այժմ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Ուկրաինայի տարածքում:
Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ը պարտավոր չէր մտնել պատերազմի մեջ։
Իսկ հիմա ստացվում է՝ որ նա ստիպված է:

Այնպես որ, իրոք կանգնած ենք լուրջ ու խիստ պատասխանատու խնդրի առաջ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ…

Իսկ մինչ այդ դեռ կանիծեն, կչարախնդան ՌԴ-ին՝ ի դեպս նախագահի, անկեղծ կուրախանան, որ Ռուսաստանը «պարտվեց», բայց տարածքը մեծացավ 108.000 քկմ-ով, բնակչությունն ավելացավ 10 միլիոն մարդով։
Երանի կտան այսպես «պարտվողներին»,
կշնորհավորեն նոր ձեռբերումը, արդարարության վերականգնումը, պատմական հողերի վերադարձը, ազգերի ինքնորոշման սկզբունքի գործածությունը:

Հատկապես վերջին դրույթը շատերը կհամադրեն Լեռնային Ղարաբաղի հետ, կոգևորվեն, Կոսովոից զատ ևս մեկ նախադեպ այն կդիտարկեն:

Բայց միևնույն ժամանակ հաշվարկ չեն անի, որ նույնկերպ, կարող է Ադրբեջանն այսօր մեզ հետ վարվի:
Նույն սցենարով, նույն ձեռագրով…
Մեր տարածքային ամբողջականությունը ևս այս պահին ռիսկի տակ է:

Էլ չեմ խոսում այն մտահոգության մասին, որ ՀԱՊԿ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելու որոշումը, կամա թե ակամա, դե յուրե և դե ֆակտո՝ մեր երկրի ղեկավարի որոշելիքն է դառնում:
Իհարկե, մինչ նրա որոշման հայտնումը՝ «որոշողն» իրեն կասի, թե ե՞րբ, և թե ինչպե՞ս այն պետք է հայտնել…
Նրա որոշմամբ է պայմանավորվելու նաև
մեր տղաների մասնակցությունը ռուս-ուկրիանական պատերազմին ևս…

Ստացվում է՝ մենք լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, այդ կառույցի շրջանակներում, ինքներս մեզ համար՝ հակապատերազմական կամ պատերազմը կանխող, թշնամու ագրեսիան զսպող գործողությունների մեկնարկ չենք կարող տալ:

Ստացվում է՝ Դաշինքի հավաքական զորքերով Ադրբեջանի ռազմական ագրեսիան մեր երկրի հանդեպ չենք կարող դիմագրավել, բայց ռուս-ուկրաինական հավանական պատերազմի համար հերիք չէ, որ կարողանալու ենք մեկնարկ տալ, նաև ստիպված ենք լինելու զորք տրամադրել այդ պատերազմին:

Այ այսպիսի դեպքում է, որ արդիական է դառնում Պեսկովի՝ «ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման» արտահայտությունը…

Ինչևէ, հուսանք նման սցենարների ականատեսը չենք դառնա…
Միայն պատկերացրեք միջազգային հանրության արձագանքը և հետևանքները՝ մեր նման որոշմանը…

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները գիտակցում են իրավիճակի լրջությունը:
Հուսամ՝ որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն բացառապես պետական շահով, կդրսևորեն կամք և խոհեմություն:

Հոդվածը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *