Հայաստան

Հանրապետություն

Հունիսի առաջին օրերին Ղարաբաղում ծանր ու ճնշող տրամադրություն էր, բոլորը կարծես աղետի էին սպասում։

Թեեւ Ղարաբաղի պատգամավորների 5-րդ համագումարը 1919թ. ապրիլի վերջին մեկ անգամ եւս հաստատել էր, որ չի ճանաչում Ադրբեջանի իշխանությունը, նահանգապետ Սուլթանովը չէր հրաժարվում Արցախը զավթելու մտադրությունից։

Մայիսի վերջին ադրբեջանցիները հարձակվել էին Խծաբերդի վրա, սակայն հայկական ուժերի դիմադրությանը հանդիպելով՝ նահանջել էին։ 
Ամռան սկզբին սկսվում է ադրբեջանական քոչը, որին հայերը չէին խոչընդոտում, սակայն խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քոչվորները մայիսի վերջից սկսում են վնասել հայ գյուղացիներին։

Շուշիում տեղի ունեցող իրադարձություններին որոշիչ դերակատարություն ունեին նաեւ անգլիական զինվորական առաքելության ներկայացուցիչները, որոնց գործողությունները հիմնականում նպաստում էին ադրբեջանցիների ակտիվացմանը։ Հայկական թաղերում շուրջօրյա հերթապահություն էին անում ինքնապաշտպանական ուժերը՝ փորձելով պատրաստ լինել ադրբեջանական հարձակմանը։ Հունիսի 1-ին գեներալ Շատելվորդը հրամայում է հայերին ու ադրբեջանցիներին վերացնել հերթապահությունը «թյուրիմացությանց տեղիք չտալու համար»։ Ազգային խորհրդի ներկայացուցիչների բողոքին ի պատասխան՝ մայոր Մոնք-Մենսոնն ասում է, թե անվտանգությունն ապահովելու են անգլիական բանակի հնդիկ զինվորները՝ սեպայները։

Հունիսի 2-ին Մոնք-Մենսոնն իր մոտ է հրավիրում Ասլան Շահնազարյանին, Եղիշե Իշխանյանին, Հարություն Թումյանին, Արտեմ Լալայանին եւ ծանոթացնում Բաքվից նոր եկած կապիտան Թաուզենդի հետ։ Վերջինս հայտնում է, որ գեներալ Շատելվորդի հրամանով նրանք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցերով եւ պետք է ստորագրություն տան՝ առաջին իսկ պահանջով անգլիական զինվորական իշխանություններին ներկայանալու համար։ Շահնազարյանը վրդովված ասում է, որ «աշխարհի ամենայն ազատություն ունեցող երկրի՝ Անգլիայի ներկայացուցիչները բռնանում են մեզ վրա»։ Մյուսները նույնպես առարկում են, փաստեր ներկայացնում՝ ասելով, որ իրենք ընտրվել են Ղարաբաղի հայ ազգաբնակչության պատգամավորների համագումարում, սակայն անգլիացիները մնում են անդրդվելի։

«Ասլան Շահնազարյանը ավելի մոտ էր նստած գրասեղանին, Տաուզենդը թուղթը դրեց Շահնազարյանի առջեւ։ Ասլան Շահնազարյանը հայերեն, քթի տակ խոսք ուղղեց մեզ, թե՝ «միջազգային կնքված դաշնագիրները ի՞նչ արժեք ունեն, որ սա ունենա», ապա գրիչը վերցրեց եւ ստորագրեց։ Պարզ էր, արժեք չուներ այլեւս մեր բողոքն ու դժգոհությունը։ Շատելվորդը որոշել էր շարունակել Թոմսոնի կիսատ թողած գործը, ամեն կերպ ջանալ Ադրբեջանի ցանկությունները բավարարել»,- գրում է Իշխանյանը։

Նույն օրը ադրբեջանցիներն առաջանում են եւ գրավում հայկական «Պյուլլուր թումբ» դիրքը, որտեղից հայերը հեռացել էին անգլիացիների պահանջով։ Այս դիրքն ուներ կարեւոր նշանակություն, քանի որ գտնվում էր Ավետարանոց, Սղնախ, Քարինտակ եւ ադրբեջանաբնակ Ղալֆալու գյուղերի ճանապարհին։

Հերթապահության վերացումն ու Ազգային խորհրդի ներկայացուցիչներին մեկուսացնելու որոշումն առաջացնում է քաղաքի բնակչության դժգոհությունը։ Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տեր-Գեւորգյանը, Հրանտ Բահաթրյանը եւ Իշխանյանը կրկին գնում են անգլիացիների մոտ, հանդիպում Մոնք-Մենսոնին։ «Ես հիմա ոչինչ անել չեմ կարող, արդեն հեռագրել եմ գեներալ Շատելվորդին եւ սպասում եմ կարգադրության։ Դուք գիտեք, որ ես այդ մարդու՝ Սուլթանովի մասին լավ կարծիք չունեմ, սպասեք մինչեւ վաղը»,- ասում է Մոնք-Մենսոնը։ Հաջորդ օրը սակայն իրադրությունն էլ ավելի է լարվում. Շատելվորդը պահանջում է պետական գանձարանի ողջ ունեցվածքը տեղափոխել Շուշիի թուրքական թաղը։ Հայկական կողմն իրադրությունը չսրելու համար համաձայնում է, մանավանդ որ գանձարանը դատարկ էր։

Հարձակումը

Բաքվի Ազգային խորհրդի կողմից Ղարաբաղ ուղարկված Միսակ Տեր-Դանիելյանը (Արամայիս) գրում է, որ հունիսի առաջին օրերին Ղարաբաղում ծանր ու ճնշող տրամադրություն էր, բոլորը կարծես աղետի էին սպասում։ Ադրբեջանցիները լրացուցիչ ուժեր էին կենտրոնացնում Ղարաբաղի բոլոր շրջաններում։ «Գավառը պինդ է կանգնած։ Խաչենն ու Վարանդայի մի մասն է միայն, որ անզեն են եւ վախենում են։ Վարանդայի մյուս մասը, Դիզակն ու Ջիվանշիրը որոշ քանակությամբ զենք ունեն, ուստի եւ՝ տրամադրությունը մարտական է։ Զինված մարդու հոգեբանությունն այլ է լինում. երբ զենքը ձեռքից առնում ես, նա կորցնում է հավասարակշռությունը»,- գրում է նա։

Հունիսի 4-ի վաղ առավոտյան Շուշիում շրջագայությունից հետո անգլիական զինվորները գնում են իրենց զորանոցը։ Օգտվելով իրադրությունից՝ ադրբեջանցիներն արագորեն առաջանում եւ հայկական թաղում զբաղեցնում են մի քանի դիրք։ Հայկական վաշտն անմիջապես դիմում է պատասխան գործողության եւ Հակոբ Արզումանյանի հրամանատարությամբ գրոհում։

Հայկական ու ադրբեջանական թաղերում կատաղի հրաձգություն է սկսվում։ «Մենք ռազմամթերքից զուրկ էինք, մինչդեռ տաճիկները հեռանալուց ռազմամթերքի մեծ պաշար էին թողել, եւ թուրքերը անխնա կրակում էին, մանավանդ դում-դում գնդակ ունեցող փամփուշտները»,- գրում է Իշխանյանը։

Հայերը շուտով հարձակվում եւ հետ են վերցնում «Պյուլլուր թումբ» դիրքը՝ առգրավելով մոտ 30 արկղ փամփուշտ. ադրբեջանցիները մեծ դժվարությամբ կարողանում են նահանջելիս տանել երկու գնդացիրը։ Շուտով նաեւ տեղեկություն է ստացվում, որ թուրքերին դուրս են մղել Բաղունց հորեր հայկական թաղամասից. սպանվել էր մեկ հայ, մեկը՝ վիրավորվել։ Իշխանյանը նշում է, որ ադրբեջանցիներից սպանվել էր 37 հոգի։

Արամայիսը գրում է, որ թուրքերն ունենալով զինամթերքի անսպառ պաշար, հայկական գրեթե բոլոր տները գնդակոծում էին։ «Ժամը 12-ին հրացանաձգությունը հսկայական չափեր ընդունեց։ Զանազան սիստեմի հրացաններ՝ տարբեր տեղերից կամ ծկլթում էին, կամ ճայթում կամ որոտում։ Մանավանդ մզկիթի գլխից չորս հրացանավորներ իրենց «դումդումներով» էլ դադար չէին առնում, կարծես փամփուշտների ամբարի կողքին էին նստած՝ զարկում էին ու զարկում» (Արամայիս, Ղարաբաղի տագնապը, օրագրություն, (26 ապրիլի – 26 հուլիսի 1919թ.), Երեւան 1993)։

Հայերն անմիջապես դիմում են անգլիական զինվորական առաքելությանը, որտեղից էլ Վահան եպիսկոպոսին հայտնում են Շատելվորդի հրահանգը. «Եթե անգլիական միսիայում ստորագրություն տվող անձինք հեռանան քաղաքից, անմիջապես կդադարի հրացանաձգությունը, կվերանա բոյկոտը, կվերականգնվեն նախկին բարիդրացիական հարաբերությունները եւ զինված ամբոխին կստիպի ցրվել իրենց տեղերը»։

Վանքի բակում հավաքված բազմությունը, Ազգային խորհրդի ներկայացուցիչները քննարկում են ստեղծված դրությունը եւ որոշում, որ Շուշիում մնացած Ասատուր Ավետիսյանը, Հարություն Թումյանը եւ Եղիշե Իշխանյանը պետք է ժամանակավորապես հեռանան Ղարաբաղից ավելորդ բախումներից ու զոհերից խուսափելու համար։ Իշխանյանը գրում է, որ «Ազգային խորհրդի եւ Կենտրոնական կոմիտեի անդամները շատ լավ հիշում էին Հովհաննես Քաջազնունու՝ Հրանտ Բահաթրյանին տված խորհուրդը՝ համաձայնության եզր գտնելու Ադրբեջանի կառավարության հետ, որովհետեւ Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէ հարկադրական որեւէ միջոցի դիմելու, իր ձայնը լսելի դարձնելու եւ մերժելու Ադրբեջանի ապօրինի պահանջները»։

Անգլիացիների հետ հանդիպման ժամանակ մայոր Մոնք-Մենսոնը պատվո խոսք է տալիս Իշխանյանին եւ մյուսներին անվնաս հասցնել Թիֆլիս, ինչպես նաեւ ամեն ինչ անել, որպեսզի Սուլթանովը հեռացվի Ղարաբաղից։ Համաձայնությունից կես ժամ անց հրաձգությունը քաղաքում դադարում է։ Հունիսի 6-ին Իշխանյանն ու իր ընկերները անգլիացի զինվորների ուղեկցությամբ շարժվում են Աղդամ, այնտեղից՝ Եվլախ եւ գնացքով հասնում Թիֆլիս։

Պահանջում են հեռանալ նաեւ Թիֆլիսից

Թիֆլիսում Իշխանյանը հանդիպում է Դաշնակցության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ։ Առավել ուշագրավ է հունիսի 8-ին նրա եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանի հանդիպումը անգլիական բանակի գեներալ Կորիի հետ։ Նախապես պայմանավորված հանդիպումը շատ կարճ է տեւում. գեներալը շտապում էր։ Հեռանալուց հետո Տիգրանյանը Իշխանյանին վրդովված ասում է, որ Կորին արդարացնում է Շատելվորդի գործողությունները Ղարաբաղում.

«Նա արդար է համարում գեներալ Շատելվորդի արած կարգադրությունը, ասում է, որ նա եղել է Շուշիում, տեղի վրա խոսել է, ամեն բան բացատրել հայ ղեկավարներին, բայց նրանք փոխանակ օգնելու մեզ, դժվարություններ են հարուցում։ Բացի այդ, որ շատ կարեւոր է, գեներալ Շատելվորդը ստույգ տեղեկություններ ունի, որ Շուշիի հայ ղեկավարները խիստ թշնամական դիրք ունեն մեր հանդեպ, նրանք մոլի ռուսոֆիլներ են։ Եվ գիտե՞ս ինչ ասաց անպիտանը, թե՝ «ամեն հայի ձեռքի մաշկը քերենք, տակից ռուսի արյուն դուրս կգա» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ, 1917-1920։ Երեւան 1999թ., էջ 462)։

Հունիսի 9-ին հայկական դեսպանատնից հայտնում են, որ անգլիական առաքելությունը Իշխանյանին, Թումյանին եւ Լալայանին շտապ կանչում է. անգլիացիները պահանջում էին հեռանալ նաեւ Թիֆլիսից։ «Որոշված ժամին եղանք միսիայում, ներկայացանք պետին, որը ռուս թարգմանչի միջոցով հայտարարեց, որ 48 ժամվա ընթացքում պարտավոր ենք հեռանալ Թիֆլիսից, գնալ Երեւան, ներկայանալ այնտեղի անգլիական միսիային եւ մնալ նրան հսկողության ներքո։ Հարցրինք, թե ինչ պիտի հասկանալ «հսկողության ներքո» ասելով։ Թարգմանը հարցրեց ու հայտնեց, որ Երեւանից որեւէ ուղղությամբ մեկնելիս պիտի տեղեկացնել միսիային»,- գրում է Եղիշե Իշխանյանը։ Հունիսի 13-ին նրանք հասնում են Երեւան։

Կոտորածը

Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամների հեռանալուց անմիջապես հետո Սուլթանովի հանձնարարությամբ ադրբեջանական ուժերը հարձակվում են Ղայբալու գյուղի վրա։ Մոտ 70 տուն ունեցող գյուղն ամբողջովին ավերվում է, բնակչությունը կոտորվում։ «Ըստ Ղարաբաղի դեպքերը քննող պառլամենտական հանձնաժողովի արձանագրության, Ղայբալուի կործանման ժամանակ սպանվել է 500 մարդ» (Մ. Հարությունյան, Լեռնային Ղարաբաղը 1918-1921թթ., Երեւան, 1996)։

Հունիսի 7-ին ադրբեջանական հրոսակները հարձակվում են քաղաքի մոտակայքում գտնվող Կրկժան, Փահլուր, Ջամիլու հայկական գյուղերի վրա, որտեղ տասնյակ մարդիկ են սպանվում։

«Հայաստանի աշխատավոր», 17 հունիսի, 1919թ., թիվ 73

«Տաճկա-թաթարական արյունածարավ ու բռնակալ բեկերն ու խաները հասան իրենց նպատակին։ Ամեն կողմից պաշարելով՝ նրանք կոտորածով ու հրդեհով ստրկացնում են հերոսական ու ազատ Ղարաբաղը։ Արդեն ավերված ու կոտորված են 6 գյուղեր։ Միայն Խանքենդում 620 կանանց եւ երեխաների դիակ է հաշված։ Մասսայական կոտորածի արյան հեղեղով ու խաղաղ շինականների տների հրդեհով, արյունածարավ Սուլթանովներն ու ջարդարար Խան-Խոյսկիները կամենում են կոտորածից ու ավերից ազատ չթողնել նաեւ դյուցազնական Ղարաբաղը։
Վտանգը լուրջ է եւ օրհասական։ Ղարաբաղը մեր ազատության միջնաբերդն է։ Ղարաբաղի անկումը հավասար է Հայաստանի ստրկության։ Եվ Ղարաբաղը չպետք է ընկնի»։

Հունիսին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը Սուլթանովը բացատրում էր, իբր թե, հայերի հարձակումով։ Ադրբեջանի վարչապետին ուղղված զեկուցագրում նա գրում էր, որ Շուշիի անվտանգությունն ապահովելու նպատակով մերձակա բնակավայրերում պահակակետեր է տեղակայել՝ անկախ ազգությունից զինված խմբերի մուտքն արգելելու համար։ Ինչ վերաբերում էր Ղայբալուին, ապա, ըստ Սուլթանովի, քոչվորները ենթարկվել են հարձակման, ապա ստիպված «մաքրել են իրենց ճանապարհը»։ Ղարաբաղը զավթելու, իսկ հայերին իրենց գլխավոր թշնամին համարելու քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չէին էլ թաքցնում։ Հունիսի 20-ին «Հայաստանի աշխատավոր» թերթը գրում էր, որ Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովը հայտարարել է, թե «Ղարաբաղում պետք է անպայման տարածվի իրենց իշխանությունը», ապա ավելացրել. «Եթե ուզենանք, երկու շաբաթվա մեջ կգրավենք Զանգեզուրը, բայց առայժմ այն չենք անելու»։

Հանրահավաք Երեւանում

Հունիսի 16-ին Երեւանում, ի պաշտպանություն Ղարաբաղի, բազմամարդ հանրահավաք է տեղի ունենում, որն ընդունում է հատուկ բանաձեւ.

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *