Ազատ բեմ

Մոսկովյան Բազմաշերտ Հարձակումը

Որոշումը մերն է՝ փոխակերպել ներուժը քաղաքական եւ ռազմական ճնշման, թե հեռանալ պատմության ասպարեզից։

Պավել Դալլաքյան

Ներկայացնում ենք Լրագրի հարցազրույցը քաղաքական մեկնաբան, մեդիա մենեջմենթի մասնագետ Պավել Դալլաքյանի հետ

Պավել Դալլաքյան. Հեռացող Մոսկվան թիրախավորում է Բաքվից եւ Երեւանից, իսկ որն է մեր թիրախը

Պարոն Դալլաքյան, դեռ տարիներ առաջ կանխատեսել էիք, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից: Ձեր տեսակետը արմատավորվեց հայ քաղաքական դաշտի որոշակի հատվածում: Ինչի վրա էին հենվում ձեր կանխատեսումները, որոնք այժմ ակնհայտ իրողություն են։

Հիմնվում էին շրջանային իրադրության վերլուծության, ռուսական իրողությունների ուսումնասիրության, նաեւ այն ոչ հրապարակային փաստաթղթերի վրա, որոնք շրջանառվում էին ռուսական նեղ մասնագիտական շրջանակներում եւ հաղորդում նախագահ Պուտինին «հեռացիր Կովկասից» ուղերձը: Կային եւ ճիշտ հակառակ հանձնարարականներ նույն մասնագիտական շրջանակներից: Օրինակ Սիրիան, որի մնացորդային վիճակի ականատեսն ենք: Մնում էր համադրել այդ երկու մրցակից ուղղությունների բովանդակությունը ռուսական երկրի տնտեսական, տեխնոլոգիական եւ, ամենակարեւորը՝ ժողովրդագրական վիճակի հետ ու եզրակացության հանգել:

Համոզված եմ, որ ՌԴ նախագահը ընդունեց ճարահատյալ որոշում՝ հեռանալ: Սերժ Սարգսյանի վարչակարգը կարող էր ազդել Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վրա, մասնավորապես, կանխել Արցախյան երկրորդ պատերազմը, Սիրիայում Երեւանի ռազմական մասնակցությամբ: Բայց կլանի պատկերացումների ընդգծված գեղջկական ընդգրկումը դա, իհարկե, պիտի բացառեր: Մեծ քաղաքականությունը ոսկին բռերով գրպանը լցնելը չէ:

Ձեր հրապարակումներում դուք նշում եք Կովկասի վերաբերյալ որոշում ընդունելու ժամանակը՝ 2014-2015 թվականներ:

Այո, 2011-2012 թվականներին մշակվող ռուսական դոկտրինը միս ու արյուն ստացավ 2014-ին: Փաստացի հրաժարումը Ուկրաինայից՝ հօգուտ Լուգանսկ-Դոնբասի եւ Ղրիմի դրա արտահայտությունն էր: Մինչեւ 2012 թվականը ինքը Պուտինը որեւէ «ռուսական իդեա», ազգային ցանկացած գաղափար հրապարակավ անվանում էր ցնորք, իսկ 2014-ին արդեն ձեւավորվեց ռուսական կայսրության փոխակերպման երկրորդ փուլի «ռուսական աշխարհ» հայեցակարգը, որը ենթադրում էր ետքաշում Կովկասից: Վկայություններ կան, որ դոկտրինը բանաձեւվել էր 1984 թվականին՝ դեռեւս Յուրի Անդրոպովի շրջանին:

Ռուսների ետքաշումը Կովկասից ի՞նչ դեր է հատկացնում Թուրքիային։

Առանցաքային դեր: Որպես հիմք է ծառայում 2008 թվականին Ռեջեբ Թայիբ Էրդողանի առաջարկը Մոսկվային՝ կիսել Վրաստանը: Առաջարկը մերժվեց Դմիտրի Մեդվեդեվի կողմից, որպեսզի 7 տարի անց ընդունվի արդեն ընդլայնված տեսքով: Ինչու կիսել, վերցրեք Հարավային Կովկասը լրիվ: 2015-ին, Մեծ Եղեռնի ապրիլյան ոգեկոչումներից հետո ձեւավորվեց Պուտին-Էրդողան համաձայնությունը Լենին-Քեմալի օրինակով: Դեռեւս 1833 թվականի Խունքար-Իսքելեսիի ռուս-թուրքական պայմանագրից սկսած ռուսական օժանդակությունը օսմաններին իր տրամաբանական ավարտին պիտի հասներ այսօր Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով:

Ինչո՞ւ տրամաբանական: Շատերը պատճառաբանում են, թե ռուսների փորացավը Հայաստանը չէ, այլ Արեւմուտքի զսպումը:

Ամենեւին: Նույնիսկ եվրոպական Արեւմուտքի հետ դաշնակցային հարաբերություններում գտնվող Անտանտի անդամ Ռուսական կայսրությունը 1916 թվականին առարկեց Օսմանյան կայսրության մասնատման եւ Անատոլիայի արեւելքում մեծ անկախ Հայաստան նախատեսող Սայքս-Պիկոյի համաձայնությանը: Կայացավ այսպես կոչված Անտանտ-Սազոնով երկխոսությունը, որի արդյունքում նաեւ թղթի վրա ոչնչացվեց ռուսների անմիջական մասնակցությամբ եւ առաջնորդությամբ ֆիզիկապես բնաջնջված Հայաստանը: Այդ ժամանակ Ռուսաստան-Արեւմուտք ոչ մի հակասություն չկար: Ռուսների թիրախը, ինչպես եւ հիմա բուն Հայաստանն էր: Սա Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է, անկախ մեր վերաբերմունքից: Մոսկվան մեզ ոխերիմ թշնամի է համարում եւ միանգամայն իրավացի է: Այնտեղ մեր մասին ավելի ստույգ պատկերացում ունեն, քան մենք մեր մասին, հավատացեք: Սա պրոբլեմ է:

Արդյոք դա նշանակում է, որ Հայստանը դատապարտված է վերացման, իսկ ժողովուրդը արտաքսվելու է, ինչպես արտաքսվեց Արցախից:

Դետերմինիզմի տարրեր կան, անշուշտ, բայց այն հսկայական դրամական եւ քաղաքական ներդրումը, որ կատարում են Ռուսաստանն ու Թուրքիան Երեւանում եւ եվրոպական մայրաքաղաքներում ազդեցության եւ օպերատիվ ագենտուրային ցանցի, ձեռնասուն մամուլի ոլորտում, վկայում է մեկ կարեոր բան: Բնագիտությունից հայտնի են Նյուտոնի օրենքները ազդեցության եւ հակազդեցության ուժերի ու համակարգի էվոլյուցիայի  վերաբերյալ: Եթե չլիներ հազարամյա հայկական քաղաքակրթական հենքի հսկայական ներուժը, դիմադրության կարողությունը, ապա այդքան ներդրում չէր պահանջվի։ Հայկական համակարգը, թեեւ համեմատական, դինամիկ հավասարակշռության վիճակում է: Իրական տեղաշարժերը մեր ուղեղում են կատարվում: Կարեւորը դրանց ուղղությունն է (ընգծ. – Լրագրի):

Որոշումը մերն է՝ փոխակերպել ներուժը քաղաքական եւ ռազմական ճնշման, թե հեռանալ պատմության ասպարեզից: Դրա համար նախ պետք է որոշակիացնել թիրախը եւ վերջինիս ոչնչացման պարամետրերը: Հայկական պետությունը ոչնչացնում են դրսից եւ ներսից: Մեր գործողությունը նույնպես ոչնչացում պետք է նախատեսի, համապատասխան, առանց փակագծերը բացելու՝ համապատասխան զինատեսակների կիրառման սպառնալիքով: Անշուշտ հանուն ժողովուրդների բարեկամության, շրջանային խաղաղության եւ համընդհանուր բարօրության, ինչպես պատգամել է պարոն Միշելը:

Հարցազրույցը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *