Հայաստան

Նիկոլ Փաշինյանի Սխալները

Մաս 1

Նիկոլ Փաշինյանը ոչ թե պիտի սպասի՝ ՀԱՊԿ-ը ե՞րբ է Հայաստանից հեռանալու, այլ պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից՝ իր իսկ քանիցս բարձրաձայնած հիմնավորումներով:

Անահիտ Ադամյան

Իսկզբանե ասեմ, որ Արցախին չեմ անդրադառնալու, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Թեպետ տարանջատել Հայաստանն ու Արցախը գործնական հողի վրա անհնար է:
2018-2023 մենք ունեցել ենք մի քանի Նիկոլ Փաշինյան: 2018-2020, 2020-2021, 2021-2023՝ մի հպանցիկ հայացքը այս տարիներին ի հայտ է բերում հայտարարությունների ու գործողությունների տարբերությունները, մեկ անխախտ ընդհանրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի անում (չի ցանկանում կամ չի կարողանում՝ էական չէ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ, իմա՝ նա ունակ չէ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ: Եվ այդ անվերջ հապաղման հետևանքով կուտակում է ոչ թե ձեռքբերումների կապիտալ, այլ՝ կորուստների (ստեղծված իրավիճակում շատ ավելի ռիսկային է ռիսկի չդիմելը), որ այսօր գուցե ակնհայտ չեն, բայց մեկ տասնամյակ հետո ապավինելու է հայի վերջին խելքին, որ դարձյալ չաշխատեց ու սկսելու է արդարանալ՝ ինչու՞ ժամանակին չարեց անհրաժեշտ քայլերը՝ իրավիճակ փոխելու համար:
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իր համար գերակա արժեք է: Իսկ ի՞նչ է անում այդ գերակա արժեքի համար:
Ապահովե՞լ է ՀՀ ռազմական անվտանգությունը:
Ապահովե՞լ է ՀՀ տնտեսական անվտանգությունը:
Ապահովե՞լ է ՀՀ ժողովրդագրական անվտանգությունը:
Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը չունի ժամանակի զգացողություն՝ աշխարհաքաղաքական փոփոխությունները, աշխարհում ու տարածաշրջանում ընտրությունների ու ընտրություններով պայմանավորված՝ խաղաղության միջակայքը լիարժեք օգտագործելու անխուսափելիությունը նրա համար թեական է: Այլապես վաղուց (արդեն՝ 2020-ից հետո) պետք է ձևավորված լիներ ընկալումը, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջագծում Ռուսաստանը Հայաստանի ոչ թե բարեկամը, այլ՝ թշնամին է, որովհետև Ռուսաստանի շահերից է բխում բարեկամությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եվ ակնկալել Ռուսաստանից որևէ քայլ, որ դեմ կլիներ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին, անիմաստ է: Այս ընկալումից պետք է արվեր առանցքային եզրակացությունը՝ քաղաքական դուալիզմի ժամանակը սպառվել է, պետք է կատարել գլխավոր ընտրությունը՝ դեպի անցյալ ու ինքնիշխանության կորու՞ստ, թե՞ դեպի ապագա ու զարգացում: Նա միայն կարգախոսների մակարդակում է ընդունում, որ պետք է անհապաղ դիվերսիֆիկացնել ոչ միայն ռազմական անվտանգությունը, այլև՝ տնտեսական ու քաղաքական, իսկ ռեալ պոլիտիկում անում է կամ հակառակը, կամ ոչինչ չի անում:
Նիկոլ Փաշինյանը ոչ թե պիտի սպասի՝ ՀԱՊԿ-ը ե՞րբ է Հայաստանից հեռանալու, այլ պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից՝ իր իսկ քանիցս բարձրաձայնած հիմնավորումներով: Ձերբազատվելով ՀԱՊԿ-ի կաշկանդումներից՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանալու ավելի մեծ ծավալների ու ավելի բարձր որակի զենքեր ձեռքբերելու ու ավելի արագ վերականգնելու ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Ձերբազատվելով ՀԱՊԿ-ի կաշկանդումներից՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե վտանգում է իր անվտանգությունը (դե ֆակտո ՀԱՊԿ-ը ՀՀ-ի համար սպառնալիք է), այլ՝ ստեղծում նախադրյալներ միանալու աշխարհում ձևավորվող անվտանգային նոր ճարտարապետությանը՝ Արևմուտքի հետ: Ու այս պարագայում բնավ պետք չէ, որ անգլիական տանկերը բարձրանան հայկական լեռները, բավարար են ռազմաքաղաքական համաձայնագրերը, որոնց շրջանակներում էլ՝ հայկական բանակի վերազինումն ու ռազմավարության փոփոխությունը:
Միանշանակ պետք է հրաժեշտ տալ ԱՊՀ-ին ու ձերբազատվել ՌԴ սահմանապահներից, որ Հայաստանում իբր ՙպաշտպանում են՚ ԱՊՀ սահմանը: ՀՀ ինքնիշխանությունը պահանջում է վերանայել ՌԴ-ի հետ հին համաձայնագրերը, որ կորցրել են արդիականությունը: Մեր տարածքում ազատ տեղաշարժի մեր իրավունքը ռուս սահմանապահները չպիտի կաշկանդեն, մեր օդանավակայանում ՀՀ պաշտոնյաները պետք է լինեն: Երբ ՌԴ նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է լինի ինքնիշխան պետություն, որպեսզի գոյություն ունենա, դա նշանակում է՝ ՌԴ-ն պիտի վերականգնի կայսրությունը, իմա՝ վերացնի նախկին խորհրդային տարածքում ձևավորված հանրապետությունների անկախությունը: Սա չհասկանալը այսօր, վաղը պետության կորուստ արձանագրելու պատճառ է դառնալու: Եվ առաջինը պետք է հասկանա իշխանությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *