Ադրբեջանի կառավարությունը Բաքվի վերակառուցման մոտ հիսուն միլիարդ դոլար գնահատված նախագիծ է հաստատել եւ պաշտոնապես հայտարարել, որ հաշվարկված գումարի մեկ երրորդը կներգրավվի արտաքին ներդրումների տեսքով:
Վահրամ Աթանեսյան
Socar-ի մասնավորեցման խայծով Ալիեւը կմարսի՞ Արցախի հայաթափումը, Հայաստանի հետ կհասնի՞ իր համար ցանկալի պայմանագրի ստորագրմանը
Ադրբեջանական վտարանդիության աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքան հարցերով օգնական Հաջիեւին, գաղտնի բանակցություններ է վարում BP ղեկավարության հետ, որպեսզի Մեծ Բրիտանիայի վարչապետին համոզեն՝ եվրոպական ազդեցիկ առաջնորդների հետ միասին «հարթելու Եվրոպայի խորհրդի հետ տարաձայնությունները»: Որքանո՞վ է այս արտահոսքը համապատասխանում կամ գոնե մոտ իրականությանը՝ հերքել կամ հաստատել դժվար է:
Փաստ է, որ Ադրբեջանի կառավարությունը Բաքվի վերակառուցման մոտ հիսուն միլիարդ դոլար գնահատված նախագիծ է հաստատել եւ պաշտոնապես հայտարարել, որ հաշվարկված գումարի մեկ երրորդը կներգրավվի արտաքին ներդրումների տեսքով: Կառավարությանն առընթեր Գույքային հարցերով պետական ծառայության տնօրեն Էյնուլլաեւը հայտարարել է, որ կառավարությունը մշակում է պետական եւ փակ բանժնետիրական ընկերությունների բաժնեմասերի մասնավորեցման ծրագիր:
Եկող տարեսկզբից այն կդրվի գործողության մեջ: Խոսքը վերաբերում է նաեւ Socar պետական ընկերության ենթակայության քիմիական արտադրության ձեռնարկություններին: Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում կամ ինչ կարող են հետագայում ներկայացնել՝ դատողություններ անել դժվար է, դա կարող են քիմիական արդյունաբերության ոլորտի մասնագետներն անել: Էյնուլլաեւը միաժամանակ ասել է, որ օտարերկրյա ներդրողները չեն ունենա հողի մասնավորեցման իրավունք, հողօգտագործումը թույլատրվում է միայն վարձակալական հիմունքներով:
Ասել, թե ամեն ինչ արվելու է օրենքով եւ ապահովվելու են բոլոր ընթացակարգերը, չափազանցված լավատեսություն կլիներ: Ադրբեջանի տնտեսությունը նոմինալ առումով է պետական, փաստացի այն քվոտավորված է իշխող ընտանիքի եւ էլիտայի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչների միջեւ: Արտաքին ներդրողները գործ են ունենալու անձամբ Իլհամ Ալիեւի հետ: Իսկ դա հնարավորություն է, որպեսզի նա քաղաքական աջակցություն «փրկագնի»:
Վերջին շրջանում Ալիեւը համագործակցության ծրագրեր է քննարկել Արաբական միացյալ էմիրությունների հետ: Բացառված չէ, որ պետական ընկերությունների բաժնեմասերի մասնավորեցմանը ներգրավվի այդ երկիրը: Ադրբեջանը համագործակցում է նաեւ Ռումինիայի հետ: Մեծ է հավանականությունը, որ BP-ն եւս հետաքրքրություններ ունենա: Էներգետիկ ծրագրերում մասնակցություն ունի ռուսաստանյան «Լուկօյլը»:
Իհարկե, ոչ ոք Ալիեւի «գեղեցիկ աչքերի համար» բազմամիլիոն ներդրումներ չի անելու: Կոպիտ ասած՝ ապրանքը շուկա է հանվում, գնորդն այն գնահատելու է նպատակահարմարության եւ մատչելիության ու ապագա շահույթի մանրակրկիտ վերլուծությունից հետո: Բայց քաղաքական քայլը բարձրացնելու է Ադրբեջանով հետաքրքրվածության աստիճանը: Միջազգային հանրությունը երկու տասնամյակ հանդուրժել է Ալիեւի բոլոր շահատակությունները: Ոչ մի երաշխիք չկա, որ, ասենք, Socar-ի «ամբողջական մասնավորեցման խայծով» Ալիեւը չի մարսելու Արցախի հայաթափումը եւ Հայաստանի հետ չի հասնելու իր համար ցանկալի պայմանագրի ստորագրմանը: