Հայաստան

Իրանը Հարվածում Էր Հանուն Հեղինակության

Հետագա զարգացումներն արդեն կախված են նրանից, թե Իսրայելն ինչպես կարձագանքի. եթե Իրանի դեմ նորից որևէ գործողություն ձեռնարկի, նորից ձևավորվելու է իրավիճակ, երբ Իրանը ստիպված է լինելու արձագանքել։

Ժաննա Վարդանյան

«Իրանի լռելը ու պատասխան հարված չհասցնելը ընկալվելու էին որպես թուլության նշան, վնասեին հեղինակությանը». Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, Իսրայելի՝ Լիբանան ցամաքային ներխուժման պատասխանը չուշացավ, ու նախօրեին արդեն Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին։ Ինչո՞ւ Իրանն այս անգամ որոշեց նման քայլի գնալ։

– Իրականում, դեռ այն ժամանակ, երբ որ Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն, Թեհրանը ստիպված էր արձագանքել դրան ու հանդես գալ որևէ պատասխան գործողությամբ: Այդ ժամանակ էլ Իրանից եղան բազմաթիվ խոստումներ, որ Հանիեի սպանությունն անպատասխան չի մնալու։

Քանի որ այն ժամանակ Գազայում հրադադարի հաստատման խոսակցություններ կային, զուգահեռաբար ինչ-որ բանակցություններ էին ընթանում, Իրանը այդ հնարավոր հրադադարի հաստատմանը չխանգարելու համար այդ պահին զերծ մնաց գործողություն իրականացնելուց, ու, ինչպես այս օրերին նաև պարզ դարձավ, հենց Արևմուտքն է Իրանին խնդրել, միջնորդել, որ այդ հարվածը տեղի չունենա, որ հրադադարը հաստատվի: Փաստացի, հրադադարը չի հաստատվել, Իսրայելը շարունակել է իր գործողությունները ու արդեն անցել է «Հըզբոլլահի», Լիբանանի դեմ գործողությունների։

Այս պայմաններում Իրանի լռելը ու պատասխան հարված չհասցնելը ընկալվելու էին որպես թուլության նշան ու լուրջ վնաս էին հասցնելու նրա հեղինակությանը։ Իրանն այլ ելք չուներ, քան Իսրայելին պատասխանելը, բայց, ամեն դեպքում, այս ողջ ընթացքում Իրանն առաջնորդվել է պատերազմի մեջ չներքաշվելու տրամաբանությամբ, ու անգամ այն դեպքում, երբ հարված է հասցրել, էլի զգուշավորություն է պահպանել: Իրանական կողմը հարված հասցնելուց հետո հայտարարել է, որ սահմանափակվում է այդ գործողությամբ։

Հետագա զարգացումներն արդեն կախված են նրանից, թե Իսրայելն ինչպես կարձագանքի. եթե Իրանի դեմ նորից որևէ գործողություն ձեռնարկի, նորից ձևավորվելու է իրավիճակ, երբ Իրանը ստիպված է լինելու արձագանքել։ Ընդհանուր առմամբ՝ Իսրայելը միշտ բարձրացնում է խաղադրույքները, միշտ ավելի նոր կարմիր գծեր է հատում՝ ձևավորելով մի իրավիճակ, երբ Իրանը ստիպված է լինում արձագանքել: Իրանն էլ առայժմ փորձում է մանևրել, այնպես արձագանքել, որ և՛ ստացվի այնպես, որ պատասխանել է, ու պահպանի իր հեղինակությունը, և՛ միաժամանակ հնարավորինս խուսափի պատերազմից։

– Իսրայելական կողմն Իրանի երեկվա հարվածներից հետո, ըստ էության, սպառնացել էր տարածաշրջանային պատերազմով, ձեր գնահատմամբ՝ Իրանի այս պատասխանը կարո՞ղ է տարածաշրջանային պատերազմի մեկնարկի առիթ լինել:

– Կախված է նրանից, թե Իսրայելն ի՛նչ գործողությամբ հանդես կգա: Եթե վերցնենք ապրիլի օրինակը, ապա այդ ժամանակ Իսրայելը պատասխանեց իրանական ավիաբազաների վրա դրոնների հարձակումով, որն առանձնապես մեծ չէր ու լուրջ հետևանքներ չունեցավ, ու դրանով թեման փակվեց։

Եթե հիմա էլ Իսրայելը սիմվոլիկ գործողություն ձեռնարկի Իրանի դեմ, առժամանակ կարող է իրավիճակը հանդարտվել, բայց խնդիրն այն է, որ Իսրայելն ամեն անգամ նոր, ավելի մեծ գործողություններ է ձեռնարկել ու ձևավորել իրավիճակ, երբ Իրանը ստիպված է լինում արձագանքել, այսինքն՝ Իսրայելի գործողությունների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ ինքը հետագայում էլ է շարունակելու ավելի սադրիչ գործողություններ ձեռնարկել։

– Կարո՞ղ ենք ասել, որ Իսրայելը նման գործողությունների է դիմում՝ նաև նպատակ ունենալով Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որից այդքան խուսափում է Իրանը, տիկի՛ն Վարդանյան։

– Դա Իսրայելի միակ նպատակը չէ, այս պահին նա փորձում է առնվազն չեզոքացնել, թուլացնել այն օջախները, որտեղից Իսրայելի դեմ գործողություններ են ձեռնարկվում, օրինակ՝ նույն Սիրիայում, Լիբանանում, այսինքն՝ Իսրայելն այս պահին փորձում է վերացնել Իրանի ազդեցության լծակները, ու դրանց վերացումը Իսրայելի համար կենսական է: Եթե դա Իսրայելին հաջողվի, հաջորդիվ թիրախում կլինի Իրանն անմիջապես, բայց դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՛նչ տեսքով դա կլինի։ Մինչև հիմա Իրանը զսպել է Իսրայելի գործողությունները իրանամետ ուժերի միջոցով, որոնք եղել են Իսրայելի հարևանությամբ, հիմա Իսրայելը հենց դա է փորձում չեզոքացնել։

– Կարծում եք՝ Իսրայելին կհաջողվի՞ չեզոքացնել իրանամետ ուժերին։

– Դժվար է ասել, ամեն դեպքում Իսրայելն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել, չեմ կարծում, թե իրանամետ շրջանակները կդադարեն գոյություն ունենալ, դրանք կշարունակեն լինել, կփոխարինվեն նոր ղեկավարներով, հրամանատարներով, բայց նրանց պոտենցիալին Իսրայելն ամեն դեպքում վնաս հասցրել է, ու եթե այսպես շարունակվի, այդ վնասը կարող է ավելի մեծանալ։

– Այսինքն՝ տարածաշրջանային պատերազմի մեկնարկը կախված է Իսրայելի պատասխան գործողությունի՞ց։

– Այո՛, և մենք տեսնում ենք, որ այդ վտանգն ամեն անգամ ավելի ու ավելի է մոտենում, և Իսրայելն ամեն անգամ ավելի ու ավելի մեծ գործողությունների է դիմում: Մինչ հիմա այդ պատերազմը չի եղել Իրանի խիստ հաշվարկված գործողությունների շնորհիվ, հիմնականում Իսրայելը նախաձեռնում է, իրանական կողմը պատասխանողի դերում է, ու հիմա էլ պատերազմի լինել-չլինելը էլի կախված է Իսրայելից։

– Ձեր գնահատմամբ՝ կա՞ կոնսենսուս, որ թույլ կտա Իսրայելին գնալ այնպիսի գործողությունների, որի հետևանքով կսկսվի տարածաշրջանային պատերազմ, թե՞, այնուամենայնիվ, Իսրայելին զսպող ուժեր այս պահին կան։

– Իմ տպավորությամբ՝ Իսրայելն այս պահին առանձնապես վերահսկելի չէ, որովհետև անգամ Գազայի շուրջ հրադադարի վերաբերյալ բանակցություններն են անարդյունավետ: Իսրայելն անում է այն, ինչ քաղաքականություն որ իր առջև դրել է, հետևաբար, չեմ կարծում, թե Իսրայելը ենթարկվում է դաշնակիցների հորդորներին, եթե դրանք կան, իհարկե:

Բայց անկախ նրանից, որ Իսրայելը չի ենթարկվում այդ հորդորներին, միևնույն է, երբ Իրանը հարվածում է Իսրայելին, դաշնակիցներն աջակցում են Իսրայելին, օրինակ՝ իրանական հրթիռները որսում են նաև ամերիկյան ՀՕՊ ուժերը։ Այսինքն՝ եթե անգամ տարաձայնություններ ունեն Իսրայելի գործողությունների հետ կապված, միևնույն է, իրենք աջակցում են Իսրայելին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *