Հայաստան

Ստամբուլը, Կարծես, Չոգևորեց Մոսկվային

Այս առումով ինտրիգային է, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն ստամբուլյան «հռչակագրի» տեքստը չի հրապարակել, այլև առհասարակ նման փաստաթուղթ ընդունելու մասին որևէ հիշատակում չի արել:

Վահրամ Աթանեսյան

Արտգործնախարարների մակարդակով ստամբուլյան հնգակողմ բանակցությունների արդյունքներով ընդունվել է ամփոփիչ «հռչակագիր»: Փաստաթղթի առանցքային դրույթները ձևակերպված են երրորդ կետով:

Ըստ այդմ, կողմերը հաշվի են առնում բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որ բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված ջանքերից և վերահաստատում են, որ վիճելի հարցերը ենթակա են խաղաղ կարգավորման:

Ընդսմին, այդ գործընթացում պետք է հարգվեն կողմերի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային ճանաչված սահմանների անքակտելիությունը, բացառվի միմյանց ներքին գործերին միջամտությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հարգվեն մարդու իրավունքները՝ ինչպես որ նշված սկզբունքները սահմանված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ:

Անշուշտ, չափազանցված լավատեսություն կլիներ հուսալ, որ հռչակագիրը ստորագրած երկրների առաջնորդները հաջորդ պահին արտաքին գործերի նախարարներին հրահանգելու են խստորեն հետևել համաձայնեցված փաստաթղթի, ինչպես նման դեպքերում են ասում՝ ոգուն և տառին:
Այս դեպքում և առհասարակ կարևորը քաղաքական արդյունքն է, որի բացակայությունը կնշանակեր, որ 3+3 ձևաչափը մեռելածին է, և Հարավային Կովկասում կայունության ու համագործակցության ոչ մի հեռանկար պարզապես չկա:

Բացառված չէ, իհարկե, որ բուն քննարկումներում հենց նման «ընդհանուր հայտարար» է ձևավորվել, և «հռչակագիրը» պարզապես «լավատեսության իմիտացիա» է, և կողմերը դրան հավանություն տվել, որպեսզի հյուրընկալող երկրի վարկը չտուժի:

Այս առումով ինտրիգային է, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն ստամբուլյան «հռչակագրի» տեքստը չի հրապարակել, այլև առհասարակ նման փաստաթուղթ ընդունելու մասին որևէ հիշատակում չի արել:

Հնգակողմ հանդիպումից անցել է արդեն երկու օր, բայց ռուսաստանյան մամուլը նախարարական այդ «գագաթաժողովին» դեռևս չի անդրադարձել: Մոսկվայից չի հնչել ոչ քաղաքական, ոչ փորձագիտական գեթ մեկ տեսակետ:

Կարելի էր Մոսկվայի անտեսումներին անտարբեր մնալ, եթե նախընթաց ամիսներին ՌԴ ԱԳՆ-ն մի քանի անգամ շեշտած չլիներ 3+3 ձևաչափի արդյունավետությունը՝ բաց աջակցություն հայտնելով նախաձեռնության հեղինակներ՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին:

Ո՞րն է Մոսկվայի հետըողական լռության պատճառը: Ինչո՞ւ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ստամբուլի հնգակողմ հանդիպմամբ ոգևորված չէ: «Հռչակագրում» ասված է, որ հաջորդ հանդիպման ժամանակը և վայրը կճշտվեն դիվանագիտական խողովակներով: Ռուսաստանը մոտակա ժամանակներս նույն ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությո՞ւն է ցուցաբերել:

Իսկ, գուցե, Մոսկվան այդ հարթակի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է «հռչակագրի» երրորդ կետի պատճառով: Վերը մեջբերված ձևակերպումների դեմ ՌԴ արտգործնախարար Լավրովը չէր կարող բացահայտ հանդես գալ, բայց դրանք արմատապես հակասում են ռուս-ուկրաինական կարգավորման մոսկովյան «հայեցակարգին»: Ի դեպ, ստամբուլյան «հռչակագրի» տեքստը չի հրապարակել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հանդիպման մասին պաշտոնական և փորձագիտական Բաքուն նույնպես լռում է: Վտանգավոր ունիսոն է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3480467.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *