Հայաստան

Հայաստանի Համար Հարիսը Նախընտրելի Է

Նրանք երկրորդ Ղարաբաղյան պատերազմը սկսեցին հենց Թրամփի օրոք, ու իրենց համար ամեն ինչբավականին դրական ավարտվեց։

Լեոնիդ Ներսիսյան

Հարիսի վարչակազմը շատ ավելի հասկանալի է լինելու Հայաստանի համար, Թրամփին գուցե այդքան էլ չհետաքրքրի Հարավային Կովկասը. Ներսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը

– Պարո՛ն Ներսիսյան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ում և հարևան Վրաստանում սպասվելիք ընտրական գործընթացները Հարավային Կովկասի և,մասնավորապես, Հայաստանի համար։

– Քանի որ Վրաստանը մեր երկու հարևաններից մեկն է, որի հետ ունենք հարաբերություններ, ու մեզ համար այդ երկիրը դեպի Եվրոպա միակ ճանապարհն է, շատ կարևոր է, թե ընտրություններից հետո ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերությունները ինչ վիճակում կլինեն։

Բնականաբար, եթե տեսնենք, որ ընտրություններից հետո ընդդիմությունը, եթե պարտվի ու փորձի փողոցի միջոցով փոփոխություններ, հեղաշրջում անել, ու Թբիլիսիում արյուն թափվի, ապա ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարող են շատ դեգրադացվել, Վրաստանը շատ մոտենա Ռուսաստանին, ու դրանից հետո Հայաստանը ԵՄ-ի հետ լոգիստիկ առումով խնդիրներ ունենա։

Եթե Վրաստանը ԵՄ-ին անդամակցության գործընթացն ամբողջությամբ կանգնեցնի, ապա դա Հայաստանի վրա էլ կարող է անդրադառնալ հենց ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, որովհետև, ինչպես հասկանում ենք, դա այսօր միակ աշխարհագրական կապն է Եվրոպայիհետ։ Եթե ընդդիմությունը հաղթի, բոլորովին այլ իրավիճակ կլինի․ Վրաստանն ավելի դեպի Արևմուտք կարող է շարժվել, քան հիմա է, ու Հայաստանն ավելի քիչ խնդիրներ կունենա, օրինակ՝ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու շրջանակներում։

Բայց նաև կարևոր է, թե Արևմուտքում ինչ ուժեր են լինելու, այժմ ԱՄՆ-ի ընտրություններն են կարևոր, եթե հաղթի Քամալա Հարիսը, կարծում եմ, շատ փոփոխություններ չեն լինի ԱՄՆ-ի մոտեցումներում դեպի Հարավային Կովկաս, և ինչպես զարգանում էին հարաբերությունները Հայաստանի հետ, այդպես էլ կզարգանան։ Հարիսի վարչակազմը կփորձի նաև շարունակել խաղաղության գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կփորձի նաև աջակցել Թուրքիայի հետ սահմանի բացմանը։

Եթե Թրամփը հաղթի, ապա կա երկու կարծիք, որ,միևնույն է, շատ չեն փոփոխվի մոտեցումները դեպի Հարավային Կովկաս, կամ ԱՄՆ-ին կարող է շատ քիչ հետաքրքրել մեր տարածաշրջանը, ու իրենք ավելի քիչ ռեսուրսներ կծախսեն այստեղի խնդիրները լուծելու համար:

Արևմուտքից կմնա միայն ԵՄ-ն, որ փորձում է ինչ-որ ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում, որը շատ ավելի քիչ է, ու սա կարող է Ադրբեջանի կողմից Հայաստանի համար որոշ ռիսկեր ստեղծել։

Սա նաև շատ է կախված այն հանգամանքից, թե ով կլինի Թրամփի վարչակազմը։ Այստեղ նաև կարևորէ, որ Քամալա Հարիսի վարչակազմը, հնարավոր է, ավելի շատ պատժամիջոցներ կարող է կիրառել Վրաստանի դեմ, քան Թրամփի վարչակազմը, որովհետև Հարավային Կովկասը Թրամփին կարող է ավելի քիչ հետաքրքրել, ու թե ինչ է կատարվում Վրաստանում՝ այնքան էլ հետաքրքիր չլինի նրա համար։

Սցենարները տարբեր են, ու մենք Հայաստանում այն վիճակում ենք, որ կարող ենք միայն սպասել ու տեսնել, թե այդ սցենարներից որը կլինի, բայց միևնույն ժամանակ պետք է տեսլական ունենալ, թե յուրաքանչյուր սցենարի դեպքում ինչ է պետք անել։

– Իսկ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացման ի՞նչ միտում ունեն, մոտ ապագայում իրատեսակա՞ն էխաղաղության պայմանագրի կնքումը։

– Եթե Ադրբեջանը շատ ուզենար այդ պայմանագիրը կնքել, ապա հիմա այն կնքված կլիներ։ Այսօր մենք տեսնում ենք, որ նրանք անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում, ու դրանց մեծ մասը բավական անիմաստ է, ավելի շատ նրա համար են, որ այդ պայմանագիրը չստորագրվի։ Մենք պետք է ուղղակի փորձենք հասկանալ, թե Ադրբեջանը սկզբունքորե՞ն չի ուզում որևէ պայմանագիր ստորագրել, թե՞ ժամանակ է ձգում, որ տեսնի՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրա՞մփն է լինելու, թե՞ Քամալա Հարիսը։

– Պարո՛ն Ներսիսյան, իսկ Ադրբեջանի համար ԱՄՆ նախագահի թեկնածուներից որի՞ հաղթանակն է շահավետ լինելու։

– Նրանք համարում են, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը, կարծում են, որ նրա ղեկավարությամբ իրենց ավելի հեշտ կլինի գործել՝ նույն այդ մարդու իրավունքների հետ կապված թեմաներով իրենց ավելի քիչ կհիշեցնեն: Բացի դրանից՝ նրանք երկրորդ Ղարաբաղյան պատերազմը սկսեցին հենց Թրամփի օրոք, ու իրենց համար ամեն ինչբավականին դրական ավարտվեց։

– Մոտ ապագայում որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կփորձի հասնել իր պահանջների բավարարմանը։

– Հավանականություն կա, ու կարևոր էլ չէ, թե դա քանի տոկոս է, որովհետև հավանականությունը կա,ու պետք է պատրաստ լինել դրան և ամեն ինչ անել, որ Հայաստանն ինչ-որ պահի այնքան ներուժունենա, որ գոնե այդ սցենարի կատարումը քիչ ռեսուրսներով կարողանա կանխել։ Առաջին փուլում գոնե սրան է պետք հասնել, հետո պետք է հասնել նրան, որ այդ հավանականությունը իսպառ բացառվի։

– Իսկ Հայաստանի համար Վրաստանում և ԱՄՆ-ում ո՞ր թեկնածուի հաղթանակն է ձեռնտու։

– Եթե շարունակելու ենք գնալ դեպի ավելի Արևմուտք, եթե Վրաստանում այսօրվա ուժերը հաղթեն, գոնե իրենք փորձեն նստել սեղանի շուրջ ու նորմալ պայմանավորվեն։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Հարիսի վարչակազմըշատ ավելի հասկանալի է լինելու, ավելի քիչ ժամանակ կպահանջվի այդ վերադասավորումների փուլի համար, որովհետև նա արդեն եղել է Բայդենիվարչակազմում, ու այսօր եղած գործընթացները կշարունակվեն հանգիստ ձևով։

– Պարո՛ն Ներսիսյան, խաղաղության պայմանագրի կնքմանը միտված գործընթացից էական արդյունք, փաստորեն, կարելի է սպասել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո՞ միայն։

– Վերջին շանսը, որ կարող է ինչ-որ բան լինել, COP29-ն է, եթե որոշեն մի բան ստորագրել, իսկ եթե չէ՝ այո՛, մինչև ընտրությունների ավարտն պետք չէ ինչ-որ նորություն ակնկալել։

– Իսկ մե՞ծ է հավանականությունը, որ COP29-ի ժամանակ ինչ-որ բան կստորագրվի։

– Ինչ-որ շատ փոքր հավանականություն կա, բայց հավանական չեմ համարում։

Քրիստինե Աղաբեկյան

Հոդվածը՝ medialab.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *