ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անբասիրն Ու Կասկածելին

Մաս երրորդ

2016թ․ Արցախում քառօրյա պատերազմը, որին իր կամավորներով մասնակցեց նաև ՀՅԴ—ը կրկին դաս չեղավ ոչ ՀՀ իշխանությունների, ոչ էլ ՀՅԴ համար։ Անփույթ հանգստությունը շարունակվեց ու պահպանվեց, իսկ ներկուսակցական ժողովներում իրոք հավատում էին, որ Արևմտյան Հայաստանը այսպես, թե այնպես հետ է բերվելու։ Քառօրյան ներկայացվեց որպես հաղթանակ, մարդկանց հանգստացրին ու վերջ։

Մեր Ուղին

Հրաչ Տասնապետյանից հետո ՀՅԴ-ում հավանաբար ընթանում էր ներքին պայքար, սկզբունքային ընտրություն, թե առհասարակ ի՞նչ է անելու կուսակցությունը, ինչ ճանապարհ է ընտրելու։ Կարելի է փաստել, որ Հրանտ Մարգարյանի հաղթանակով ՀՅԴ-ում վերջնականապես հաղթեց իշխանությունների հետ համագործակցելու, կառավարական մակարդակում գործելու ցանկությունը, իսկ գուցե, հաշվի առնելով նոր իշխանությունների բարեհաճությունը անձնապես Մարգարյանի և նրա կուսակիցների նկատմամբ պայմանավորված էր նաև ինչ-ինչ ներքին համաձայնությունների կամ համագործակցության հետ։

Հաջորդ ժամանակահատվածում ՀՅԴ-ում այլևս նշանակալի որևէ բան տեղի չունեցավ։ Հրանտ Մարգարյանը մոտ 20 տարի ղեկավարեց ՀՅԴ-ը։ Կուսակցությունը պարբերաբար անդամակցում էր իշխանական կոալիցիաներին, հրաժարվում, հետո նորից միանում։ Կուսակցության ներքին կյանքը լիցքաթափվեց արցախյան պատերազմի տարիների կուտակված էներգիայից։ Դաշնակցությունը, համենայն դեպս ՀՀ տարածքում, չհաշված ապրիլի 24-ի միջոցառումները, երգերը և որոշ կարգախոսներ՝ նվիրված «Մեծ ու Միացյալ Հայաստանին», սկսեց հանդես գալ բացառապես խորհրդարանական մասշտաբով, էապես հեռացավ հասարակությունից՝ մերձենալով օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ։ Հավանաբար դրան նպաստեց նաև Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը․ Հայաստանը հաղթել էր պատերազմում, անորոշ ու անպտուղ բանակցությունների մի անվերջանալի շղթա էր սկսվել, իշխանությունները բացարձակ վերահսկողություն ունեին երկրում ու տրամադրված չէին բարեփոխումների, երկրում ծաղկում էր կոռուպցիան, մենաշնորները, ԽԾԲ-ը, Արցախն ազատ էր ապրում, բոլորը որոշել էին «հանգիստ ապրել»։ Ժամանակ էր վերադիրքավորվելու ներքին քաղաքական կյանքում։ ՀՅԴ-ը դա արեց իշխանությունների հետ սերտաճելով։ Ներքին սոցիալիստական գաղափարական համոզմունքները խոշոր հաշվով մնացին թղթի վրա։ Կուսակցությունը գործում էր խիստ գաղտնապահորեն՝ գրեթե ռազմական կառույցներին բնորոշ կերպով։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք իշխանությունները մտավախություն չունեին, որ երկրում գործում է մի կուսակցություն, որի անդամներին արգելված է դրսում խոսել իրենց ներքին իրադրության կամ գործերի մասին։

Իշխանություններին դա առանձնապես չէր անհանգստացնում, նրանք առանց այն էլ տիրապետում էին ամեն ինչին, իսկ նրանց ավանդական գործընկեր ՀՅԴ-ը երբեք այնպիսի որոշում չէր ընդունի, որը ինչ որ առումով կսպառնար իշխանություններին։ Այդպես էլ եղավ ու գրեթե մինչև 2018թ․ ՀՅԴ-ը առանձնապես ոչ մի լուրջ ներքին քաղաքական բարեփոխումներով կամ սոցիալական հարցերի լուծումով աչքի չընկավ։ Հայ-թուրքական արձանագրությունների պատճառով կոալիցիայից հրաժարումն առանձնապես ազդեցիկ չեղավ, ՀՅԴ-ը մի քանի տարի հետո էլի նույն ՀՀԿ հետ կոալիցիա էր կազմում։ Տարիներն անցնում էին, իսկ ՀՅԴ-ը բացի մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցելուց, որոնք փոքրիկ ցույցերից այն կողմ չանցան, ոչ մի լուրջ ու էական ներդրում այդպես էլ չունեցավ։

Դրա փոխարեն կուսակցությունում ուժեղանում էր անձի պաշտամունքը։ Հրանտ Մարգարյանն արդեն անհասանելի անձ էր հենց կուսակցականների համար։ Նրան հանդիպելը հեշտ գործ չէր։ Կուսակցական վերանախավը անցնող տարիների ընթացքում շարունակաբար հարստանում էր՝ չնայած ազգայնականության ու սոցիալիզմի կուսակցական սկզբունքներին։ Ամեն չորս տարին մեկ Հրանտ Մարգարյանի վերընտրությունը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում ցույց էր տալիս, որ կուսակցությունում որևէ փոփոխություն չի սպասվում ու չի լինելու։ 

Հասրակությունը ևս հիասթափվում էր ՀՅԴ-ից։ Կուսակցության պատմությունն անհամատեղելի էր նրա ներկայիս իրավիճակի հետ։ Մարդկանց վերաբերմունքի մասին է խոսում նաև այն, որ ՀՅԴ-ը ԱԺ ընտրություններում այդպես էլ երբեք խոշոր ձայներ չհավաքեց, այլ մնաց 5-7 տոկոսի սահմաններում։ Այդ քվեները սովորաբար հավաքվում էին դաշնակցականների, նրանց ընտանիքների ու բարեկամների կողմից և նաև՝ իշխանության աջակցությամբ, քանի որ կոալիցիա կազմող ՀՅԴ-ը ըստ էության թագադիր ասպետի դեր էր տանում իշխանության համար՝ կոալիցիոն ներկայությամբ լեգիտիմացնելով իշխանության հերթական ընտրությունները։

Միևնույն ժամանակ կուսակցությունից երբեմն-երբեմն արտահոսք էր լինում ու հաճախ այդ արտահոսքի արդյունքում հրապարակվում էին քննարկումներ ու որոշումներ, որոնք զարմանալի բովանդակություն ունեին այն առումով, որ կուսակցությունը, ըստ էության գիտակցելով, որ թեկուզ միայն Արցախի հարցում անհնար է անպտուղ բանակցություններն անվերջ տանել, շարունակում էր լճացած պահվածքը, Մեղրին Լաչինով փոխարինելու առաջարկը, իսկ վերջերս էլ անհայտ ճանապարհով հրապարակված փաստաթղթերում քննարկվում էր նաև ՀՀ անկախության հարցը։

Դեռևս 2000-ականներին կեսից  աշխարհում էական փոփոխություններ էին տեղի ունենում։ Բացի համաշխարհային իրադարձություններից, փոփոխություններ էին տեղի ունենում նաև հարևան երկրներում: Ռուս-վրացական պատերազմը, Թուրքիայում իսլամիստների իշխանության գալն ու ամրապնդվելը, Ադրբեջանի կողմից բանակցությունների տապալումն ու կտրուկ ռազմական ծախսերի աճը Հայաստանում ասես ոչ ոք չէր նկատում։ Երկիրն ապրում էր պարտքերի մեջ խրված՝ անտեղյակ, թե աշխարհում ու իր շուրջը ինչ է կատարվում։ ՀՅԴ-ում տեսնո՞ւմ էին այդ ամենը, դժվար է ասել, բայց չկար ոչ մի ահազանգ։

Արաբական գարունն ազդարարեց, որ Մերձավոր Արևելքում մի կերպ հանգստացած հեղհեղուկ խաղաղությունը պայթել է։ Իրար հետևից հեղափոխություններ էին տեղի ունենում, պատերազմը դանդաղ տարածվում էր տարածաշրջանում։ Այն բանից հետո, երբ արդեն 2015-ին Թուրքիան ու ՌԴ-ը միասնական ռազմական օպերացիա սկսեցին իրականացնել Սիրիայում, ՀՀ իշխանությունները և մասնավորապես ՀՅԴ-ը, ով ուժեղ ներկայություն ուներ Սիրիայում, Լիբանանում, նույնիսկ փակ աչքերով պիտի տեսներ ու հասկանար, որ երբ քո թշնամին ու դաշնակիցը իրար ձեռք են սեղմում, դա հանգեցնելու է շատ վատ սցենարի։ Բայց Հայաստանում զբաղված էին Սահմանադրական փոփոխություններով, Ծառուկյան-Սարգսյան բանավեճով, տրանսպորտի թանկացմամբ և այլն։

2016թ․ Արցախում քառօրյա պատերազմը, որին իր կամավորներով մասնակցեց նաև ՀՅԴ—ը կրկին դաս չեղավ ոչ ՀՀ իշխանությունների, ոչ էլ ՀՅԴ համար։ Անփույթ հանգստությունը շարունակվեց ու պահպանվեց, իսկ ներկուսակցական ժողովներում իրոք հավատում էին, որ Արևմտյան Հայաստանը այսպես, թե այնպես հետ է բերվելու։ Քառօրյան ներկայացվեց որպես հաղթանակ, մարդկանց հանգստացրին ու վերջ։

Ներքին կուսակցական կյանքը ևս նույն հանգստության ու քարացածության մեջ էր։ Կանոնադրությունը դարձել էր մտրակ, որով դաղում էին ցանկացած անհամաձայնություն։

Ի վերջո տեղի ունեցավ 2018-ը, ՀՅԴ-Փաշինյան քաղցր-կծու հարաբերություններով, հետո կուսակցությունում առկա անհամաձայնություններն այս կամ այն կերպ դուրս էին հորդում, ՀՅԴ-ում ֆեյսբուքյան լայքերի համար մարդկանց էին հեռացնում կուսակցությունից։

2020-ի ողբերգությունից հետո ևս ՀՅԴ-ում առանձնապես բան չի փոխվել։ ՀՅԴ-ը կրկին համագործակցում է Ռ․ Քոչարյանի հետ, «Մեծ, Միացյալ Հայաստանը» գովերգվում է ամեն օր։

Առաջիկա Ընդհանուր Ժողովը հազիվ թե ինչ որ նոր բան փոխի։ ՀՅԴ-ին շատ մեծ փոփոխություն է անհրաժեշտ ու շատ երկար ժամանակ։

Նախորդ համարում Հրաչ Տասնապետյանի հարցազրուցի աղբյուրը նշվել էր «Ալիքը», ինչը խմբագրական վրիպակ է, որի համար ներողություն ենք խնդրում։ Տասնապետյանն իր այդ հարցազրույցը տվել էր 1995թ․ «Դրոշակ»-ին։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *