Հայաստան

​​Ալիևը Գործը Տանում Է Պատերազմի

Նա ռևանշիստ է ու նա դա չի էլ թաքցրել։ Նա պատրաստվել է այդ ընթացքում, մինչև 2020 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ հաղթանակ է տարել ու մեր սեփական օգնությամբ՝ ի դեպ։ Այնպես որ, նա հիմա մտածում է, որ մենք նույն բանին ենք պատրաստվում։

Դավիթ Ստեփանյան

Ալիևը հերթական անգամ գործը տանում է դեպի պատերազմ, ու պարտադիր չէ, որ այդ պատերազմը լինի հիմա կամ մյուս տարի, բայց լինելու է. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, ի՞նչ շահեց Ադրբեջանն այս միջոցառումից։

– COP29-ի՝ որպես կլիմայի փոփոխության համաժողովի նշանակությունը աշխարհի, առաջին հերթին՝ մեզ համար, մեծ հաշվով, զրո էր, և մենք դա տեսնում ենք այն արդյունքներից, որոնք կան։ Այս առումով նույնիսկ չի կարելի համեմատել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված նախորդ համաժողովի հետ, սա ընդամենը Իլհամ Ալիևի համար իր ոչ լեգիտիմ իշխանությունը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու ձև էր: Երբ մի երկրի նախագահ, որը շատ հեռու է հանրապետություն կոչվելուց, ներկայանում է աշխարհին որպես հանրապետության նախագահ ու փորձում է Բաքու կանչել տարբեր երկրների առաջնորդների, դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել իր իշխանությունը, մենք տեսանք, որ դա նրան չհաջողվեց, որովհետև բացի մի քանի օդիոզ դեմքերից, խոսքն ամենաբարձր մակարդակով ներկայացածների մասին է, որևէ մեկն այնտեղ չգնաց, նույնիսկ Պուտինը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևի ծախսած փողերն իրենց չեն արդարացրել։

– Իսկ եթե հայկական կողմը մասնակցեր, Հայաստանին ինչ-որ բան կարո՞ղ էր տալ այս միջոցառումը։

– Ոչ թե՝ եթե Հայաստանը մասնակցեր, այլ եթե Հայաստանին վերադարձնեին գերիներին՝ բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, ապա այդ դեպքում, այո՛, մենք կարող էինք ինչ-որ մակարդակով մասնակցել, իհարկե ոչ առաջին դեմքի, ու որքանով ես եմ հասկանում, այդ ուղղությամբ բանակցություններ ընթանում էին, բայց տեսանք, որ դա տեղի չունեցավ։

– Ինչո՞ւ դա տեղի չունեցավ, որովհետև մինչև այս միջոցառման մեկնարկը հնչում էին կարծիքներ, որ Ադրբեջանը խաղաղասեր, մարդասեր ձևանալու համար, հնարավոր է, որոշ հայ գերիների ազատ կարձակի։

– Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք նրանց, որոնք դա ասում էին, ես նրանց թվին չեմ պատկանում, իսկ ինչո՞ւ, որովհետև Իլհամ Ալիևը մարդասեր, խաղաղասեր չէ, շատ պարզ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իլհամ Ալիևն այսօր փորձում է բոլորին ցույց տալ, թե ինքը շատ ամուր, կայացած քաղաքական գործիչ է, որը ոչ մի կոմպրոմիսի Հայաստանի նման պետության հետ չի գնա ու փորձելու է գնալ մինչև վերջ։

Այստեղ ամենակարևորն այն է, որ նա ունի ոչ միայն սուբյեկտիվ վախեր, իրականում, որոնց հիմքում ընկած են նրա տասնամյակներով կոմպլեքսները, այլ նաև՝ օբյեկտիվ, որովհետև Ալիևը մեզ իր արշինով է չափում։ Նա մտածում է, որ եթե ինքը 2003-ին եկել է իշխանության մի երկրում, որը լուրջ պարտություն էր կրել, ու բնակչությունը գտնվում էր շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում, ինչ վիճակում մենք ենք հիմա, նրա կարծիքով՝ մենք ձգտում ենք ռևանշի, որովհետև Ալիևի ամբողջ նախագահությունը եղել է ռևանշի նախագահություն, նա ռևանշիստ է ու նա դա չի էլ թաքցրել։ Նա պատրաստվել է այդ ընթացքում, մինչև 2020 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ հաղթանակ է տարել ու մեր սեփական օգնությամբ՝ ի դեպ։ Այնպես որ, նա հիմա մտածում է, որ մենք նույն բանին ենք պատրաստվում։

-Իսկ նման բան մտածելու հիմքեր ունի՞, պարո՛ն Ստեփանյան, դատելով ՀՀ գործող իշխանության քաղաքականությունից։

– Իհարկե ո՛չ, որովհետև այսպիսի ռևանշի պատրաստվելն իռացիոնալ է, դա իմ անձնական կարծիքն է, խոսքն իշխանության մասին չէ, իշխանությունն էլ է հիմա այդպես մտածում։

Եկեք հասկանանք՝ ի՛նչ է տեղի ունեցել վերջին 26 տարվա ընթացքում․ մեզ օգտագործել են՝ և՛ մեզ՝ հայերիս, և՛ ադրբեջանցիներին, մեզ օգտագործել են ուրիշի խաղի մեջ, մենք մտել ենք մի պատերազմի մեջ, մենք գրավել ենք տարածքներ, վերադարձրել ենք մեր հայրենիքի մի մասը, այստեղ որևէ մեկը չի վիճում, բայց մենք չենք արել միացում։

Ղարաբաղյան շարժման հիմքում ընկած էր միացումը, այսօր ինչ-որ մեկը հիշո՞ւմ է դրա մասին, բայց արի ու տես, որ մենք Ղարաբաղը վերցրինք ու միացում չարեցինք։ Ինչո՞ւ չարեցինք, որովհետև դա պետք չէր այդ ամենը նախաձեռնող խմբին, դրանք «Ղարաբաղ» կոմիտեին փոխարինած մարդիկ են Հայաստանում՝բոլոր իշխանությունները և նրանց կուրատորները դրսից՝ Ռուսաստանը, որը շահագրգռված չէր, որպեսզի այս հարցը փակվեր։ Այնպես որ, մենք 26 տարի ստատուս քվո ենք պահել՝ ուրիշի շահերից ելնելով։

Հիմա Ադրբեջանը նույն բանն է անում․ Ադրբեջանը գրավել է Արցախն ու չի ուզում գնալ խաղաղության, որովհետև դա ձեռնտու չէ այդ թվում Ռուսաստանին, կոնֆլիկտը պետք է մնա։ Հիմա եթե մենք սկսենք ռևանշի նախապատրաստվել, ինչ-որ X ժամանակ կարող ենք հարձակվել Ադրբեջանի վրա, միգուցե Արցախն էլ հետ վերցնենք, բայց դա մեզ պե՞տք է, ու մենք դա անելու ենք ո՞ւմ համար, սա է առանցքային հարցը։

– Այսինքն՝ Ալիևը հրաժարվում է խաղաղության պայմանագրի կնքումից, ոչ թե այն պատճառով, որ, ինչպես ասում են, առավելագույն նկրտումներ ունի Հայաստանից, այլ որովհետև դա չի ուզում Ռուսաստա՞նը։

– Ռուսաստանին միանշանակ դա պետք չէ իհարկե, ու Ալիևին էլ պետք չէ, բայց Ադրբեջանին պետք է: Հավատացեք, Ադրբեջանում շատ քիչ մարդիկ կան այսօր, որոնք հավատում են, որ Երևանը կամ Սևանը ադրբեջանական է, ուղղակի իրենց պրոպագանդան դա է տարածում, ու այստեղ կա վտանգ, որովհետև այսօր չեն հավատում, բայց տասը տարի հետո կարող են հավատալ։ Այսինքն՝ հիմա ինքը հերթական անգամ գործը տանում է ոչ թե դեպի խաղաղություն, այլ՝ դեպի պատերազմ, ու անպայման չէ, որ այդ պատերազմը լինի հիմա կամ մյուս տարի, բայց լինելու է։

Նա չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ դա պետք չէ անձամբ իրեն, որովհետև իր ռեժիմի բնույթն է այդպիսին, ու պետք չէ Ռուսաստանին, որովհետև այդ դեպքում Ռուսաստանն այստեղ կորցնում է իրավիճակի վրա ազդելու վերջին լծակները, որովհետև Արցախն արդեն կորցրել է, այո՛, Ռուսաստանն էլ է կորցրել Արցախը որպես լծակ։

Հիմա մնացել է հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանը, այն օրը, երբ սահմանազատումը եղավ, Ռուսաստանն այստեղ ընդհանրապես անելիք չի ունենա, ու նրանք դա շատ լավ հասկանում են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *