Միջազգային

Դեկտեմբերին Բեռլինը Կիևին 650 Մլն Եվրոյի Լրացուցիչ Զենք Կտա

Նոյեմբերի կեսերին Շոլցը առաջին անգամ գրեթե երկու տարվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա առաջացրել է քննադատություն և թյուրըմբռնում Կիևում և որոշ ԵՄ երկրներում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Շոլցին մեղադրել է «Պանդորայի արկղը բացելու» մեջ։

BR 24

Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը առաջին անգամ երկուուկես տարվա ընթացքում այցելել է Կիև։ Կիև ժամանելով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) քաղաքական գործիչը հայտարարել է, որ դեկտեմբերին Ուկրաինային կմատակարարվի զենք 650 միլիոն եվրոյի չափով։
Կանցլեր Օլաֆ Շոլցը իր անակնկալ այցի ընթացքում խոստացել է Ուկրաինային լայնածավալ զենքի մատակարարում ամենակարճ ժամկետներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ «650 միլիոն եվրոյի լրացուցիչ զենքեր կտրամադրվեն դեկտեմբերին»։ Շոլցը նշել է, որ Գերմանիան շարունակում է մնալ «Եվրոպայում Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը»։

Շոլց. «Ուկրաինան կարող է վստահել Գերմանիային»
Շոլցը երկուշաբթի առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Սա նրա երկրորդ այցն է պատերազմը սկսվելուց հետո՝ 2022 թվականի փետրվարին։ Առաջին այցը նա կատարել էր 2022 թվականի հունիսին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի հետ։
«Ուկրաինան կարող է վստահել Գերմանիային. մենք ասում ենք այն, ինչ անում ենք, և անում ենք այն, ինչ ասում ենք»,- հայտարարել է Շոլցը Կիևում։ Նա գովել է Ուկրաինայի հերոսական դիմադրությունը՝ նշելով, որ ավելի քան 1000 օր շարունակ այն պաշտպանում է իրեն «Ռուսաստանի անողոք ագրեսիվ պատերազմից»։
Շոլցը մերժեց «Տավրուս» հրթիռների մատակարարումը
ԱՄՆ-ից հետո Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ ռազմական աջակիցն է։ Այնուամենայնիվ, Շոլցին հաճախ քննադատում են Ուկրաինայի ոչ բավարար աջակցության համար։ Շատերը պահանջում են, որ Գերմանիան Ուկրաինային մատակարարի «Տավրուս» հրթիռները։ Սակայն կանցլերը հրաժարվում է մատակարարել այդ երկար հեռահարության հրթիռները՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է Գերմանիային ակտիվորեն ներգրավել պատերազմին։ Այնուամենայնիվ, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը (Կանաչների կուսակցություն) և ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը (ՔԴՄ) կողմ են «Տավրուս»-ի մատակարարմանը։
Նոյեմբերի կեսերին Շոլցը առաջին անգամ գրեթե երկու տարվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա առաջացրել է քննադատություն և թյուրըմբռնում Կիևում և որոշ ԵՄ երկրներում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Շոլցին մեղադրել է «Պանդորայի արկղը բացելու» մեջ։
Անորոշություն Թրամփի ընտրություններից հետո
Ուկրաինան մեծ ճնշման տակ է։ Երկրի արևելքում ռուսական բանակը վերջին ամիսներին ամրապնդում է իր դիրքերը։ Դրանից բացի, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խորացրել է Ուկրաինայի անորոշությունը, քանի որ ընտրված նախագահը դեմ է Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնությանը։
Վերջին օրերին Ուկրաինայում պատերազմն ավելի է սրվել։ Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռներով հարվածներին ի պատասխան՝ Ռուսաստանը առաջին անգամ պատերազմի ընթացքում կիրառել է նոր գերձայնային «Օրեշնիկ» հրթիռը՝ հարված հասցնելով Դնեպր քաղաքին։ Ռուսական բանակն ավելի հաճախակի է կիրառում ավիահարվածներ Ուկրաինայի տարածքում։
ՔԴՄ-ն Շոլցի այցը համարել է նախընտրական քայլ
ՔԴՄ-ի արտաքին քաղաքական գործիչ Ռոդրիխ Կիզևետերը խիստ քննադատել է կանցլերի այցը։ «Շոլցն իր նախընտրական արշավն իրականացնում է ուկրաինական բնակչության թիկունքում՝ միաժամանակ աջակցելով ռուսական վախի նարատիվներին»,- ասել է Կիզևետերը «Augsburger Allgemeine» թերթին։ Նա նշել է, որ դա ոչ միայն սխալ է, այլև մեկուսացնում է Գերմանիան և վտանգի տակ դնում նրա անվտանգությունը։
Կիզևետերը հավելել է, որ Շոլցի կարճաժամկետ այցը նպատակ ուներ հակադարձել «Գերմանիայում նրա անպատասխանատու նախընտրական արշավի նկատմամբ աճող քննադատությանը»։ ՔԴՄ-ի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ուկրաինան պահանջում է անմիջապես անդամակցել ՆԱՏՕ-ին, ստանալ երկար հեռահարության զենքեր և հարվածներ հասցնելու թույլտվություն ռուսական ռազմական օբյեկտներին։
Աղբյուրը՝ Br 24

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *