Հայաստան

ՀՀ Գերխնդիրը Ներքին Կայունությունն Է

Թեև այսօր Հայաստանը «ավելի ինքնիշխան է», քան նախորդ երեսուն տարիներում, այնուամենայնիվ այդ ամենը քիչ է, քանի որ երկրի ներսում չկա ներքին քաղաքականության այն մակարդակը, որ երկիրը լրիվ ինքնիշխան կդարձնի։ Եթե Հայաստանը չկարողանա ներքին առումով ամրանալ ու կայանալ, միշտ էլ որևէ ապտակ ուտելու է ինչ որ մեկի՝ այս դեպքում Ադրբեջանի կողմից։

Կայծ Մինասյան

1inTV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու դրանց վրա ազդող ներքին ու արտաքին իրադրությունները։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Ալիևի առաջնահերթ ցանկությունն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորի Ադրբեջանը որպես տարածաշրջանի ուժեղ պետություն և նրա հետ ամուր կապեր հաստատի։ Այժմ Ադրբեջանը ոչ այնքան պարզ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Իրանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունները լավ են, բայց ոչ միագիծ և իհարկե Հայաստանի հետ կես-պատերազմ, կես-խաղաղություն կարգավիճակ։ Ադրբեջանն այսպես թե այնպես միշտ էլ ագրեսիվ է տրամադրված լինելու Հայաստանի հանդեպ, բայց նա ցանկանում է Թրամփին ցույց տալ, որ ինքը խնդիրներ ունի Իրանի, Ֆրանսիայի, նաև Ռուսաստանի հետ, որ ինքը ուժեղ է և ԱՄՆ-ը Հարավային Կովկասում նախ և առաջ իրեն պիտի հաշվի առնի, այլ ոչ թե Հայաստանը։
Ինչ վերաբերում է Երևանին, ապա Կայծ Մինասյանը նշեց, որ թեև այսօր Հայաստանը «ավելի ինքնիշխան է», քան նախորդ երեսուն տարիներում, այնուամենայնիվ այդ ամենը քիչ է, քանի որ երկրի ներսում չկա ներքին քաղաքականության այն մակարդակը, որ երկիրը լրիվ ինքնիշխան կդարձնի։ Եթե Հայաստանը չկարողանա ներքին առումով ամրանալ ու կայանալ, միշտ էլ որևէ ապտակ ուտելու է ինչ որ մեկի՝ այս դեպքում Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ներքին պետական ինստիտուտներ գրեթե չկան։ Քիչ թե շատ աշխատանք է տարվում բանակի ու Սահմանադրական դատարանի հետ, բայց դրանք բավարար չեն։ Մնացած առումով ամեն ինչ կանգնած է։ Թավշյա հեղափոխությունը մնաց կես ճանապարհին։ Այո՛, արվեցին ինչ որ բաներ, բայց դրանք ամենևին բավարար չեն։ Հայաստանն այժմ պիտի հասկանա, որ իր առջև դրված գերխնդիրը ներքին կայունությունը հաստատելն է։ Դա շատ պարզ բան է, ինչո՞ւ Հայաստանի քաղաքական վերնախավ կոչվածը դա չի հասկանում։ Լևոն Տեր Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան՝ գումարած ՀՅԴ ու տարբեր բարեգործական միավորումներ, լրիվ զրո են։ Հայաստանի ընդդիմությունը զբաղված է օտար երկրի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելով, երկրում չունենք պետական ինստիտուտ ու քաղաքական վերնախավ։
Քաղաքագետը պնդեց, որ միայն արտաքին քաղաքականության վրա կենտրոնանալը ճիշտ չէ։ Մենք ի՞նչ գործ ունենք Գրենլանդիայի կամ Պանամայի հետ։ Աշխարհում ամեն ամիս նոր իրադարձություն է կատարվում, այսինքն մենք պետք է մեր ներքին հարցերը թողնենք ու զբաղվենք մեզ հետ կապ չունեցող իրադարձությունների վերլուծմա՞մբ։ Ի՞նչ է տալիս դա Հայաստանին։ Հայաստանը, ինչպես և հետխորհրդային բազմաթիվ երկրներ, այս պահին էլ ենթակա են Ռուսաստանի ազդեցությանը։ Այո՛, Հայաստանի իշխանությունները քաղաքական կուրս են վերցրել դեպի արևմուտք, բայց մի՞թե չեն հասկանում, որ Արևմուտք գնալն անհնար է եթե դու չես փոխում քո գործելակերպը, քո ոճը, մտածելակերպը։ Հայաստանն իր այսօրվա մտածելակերպով դեռևս նույնն է ինչ խորհրդային կամ հետխորհրդային Հայաստանը։ Հայաստանն այսօր օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր պետք է աշխատի, եթե ցանկանում է իրական ու լուրջ փոփոխություններ արձանագրել, կայանալ որպես երկիր, այլ կերպ անհնար է, մինչդեռ մենք շարունակում ենք այն նույն գործելաոճը, որ ունեինք դեռ 30 և ավել տարի առաջ։
Անդրադառնալով Եվրոպային, քաղաքագետը նշեց, որ այս պահին Եվրոպան ինքն էլ իր տնտեսական ու անվտանգային խնդիրներն ունի ու Մակրոնի ելույթը հենց նրան էր վերաբերում, որ Եվրոպան չպիտի և չի կարող իր պաշտպանական ամբողջ մեխանիզմը հանձնարարել ԱՄՆ-ին, Եվրոպան ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը։ Այս ամենը տեսնելով մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի նկատմամբ Եվրոպան ու Ռուսաստանն ունեն հետևայլ վերաբերմունքը՝
Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը(ինչպես նաև հետխորհրդային մյուս երկրները) չդառնան իրոք անկախ ու կայուն, այլ այնտեղ լինի ցարի իշխանություն, որը կսպասարկի Ռուսաստանի շահերը, իսկ Եվրոպան ցանկանում է ոչ թե խամաճիկ իշխանություն տեսնել, այլ կայուն պետություն։ Պետությունն ու իշխանությունը տարբեր կատեգորիաներ են։ Հայաստանը պետք է պարզապես հասկանա, որ իր առջև մեկ գերխնդիր կա՝ դառնալ ներքին առումով կայացած պետություն և դրա համար անհրաժեշտ առաջնահերթությունը բանակն է, տնտեսեությունը և կրթությունը, այլ բան չկա,- եզրափակեց քաղաքագետը։

Աղբյուրը՝
https://www.youtube.com/watch?v=GFi2twW2FLY&ab_channel=1inTV

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *