Քանի դեռ Ռուսաստանը խրված է իր խնդիրներում, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի և՛ իր տնտեսությունը, և՛ արտաքին քաղաքականությունը ու թուլացնի կախվածությունը Ռուսաստանից, որովհետև եթե Ռուսաստանն իր խնդիրները լուծի ու փորձի վերադառալ Հարավային Կովկաս՝ վերականգնելու դիրքը, նման է լինելու ինքնասիրությունը խոցված, գազազած մեկի, որին նեղացրել են, ու փորձելու է իր վրեժը լուծել:
Արմեն Վարդանյան
Ռուսաստանի կողմից ճնշումներ լինելու են՝ գազի գնի բարձրացման, Լարսի փակման, միգրանտների համար խոչընդոտներ ստեղծելու տեսքով. Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Ի՞նչ է սա իրենից ենթադրում, և Ռուսաստանից վերջին շրջանում հնչող հայտարարություններն ի՞նչ մեսիջներ են պարունակում:
– Բողոքի նոտան ընդունված է երկու երկրների հարաբերություններում, եթե ինչ-որ մի բան որևէ երկրի սրտով չէ: Այսինքն՝ սա նորմալ ու ընդունված պրակտիկա է, ուղղակի մեզ համար սա նորություն է այն առումով, որ ես նման դեպք չեմ հիշում Հայաստանում, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվեր մեր ԱԳՆ, ու բողոքի նոտա հղվեր:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հայտարարություններին. Ռուսաստանում, իհարկե, ոգևորված չեն Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ, նրանք սովոր են, որ Հայաստանը լինի խելոք, հնազանդ, փոքր եղբոր կարգավիճակում, որը հաճախ կզոհաբերի իր շահերը Ռուսաստանի շահերի համար, ու այդ փոքր եղբայրը կլինի իրենց արբանյակը, որը միշտ կմնա Ռուսաստանի ուղեծրում:
Հիմա տեսնում ենք, որ ՀՀ Կառավարությունն անում է քայլեր, որոնք այնքան էլ Ռուսաստանի սրտով չեն, ու անընդհատ ինչ-որ մեսիջներ են ուղարկում Հայաստան, բայց քանի որ Ռուսաստանն այսօր ուկրաինական ճակատում շատ մեծ խնդիրներ ունի, արևմտյան ծանր պատժամիջոցներն են լուրջ խնդիրների առաջ կանգնեցրել Ռուսաստանին, կտրուկ քայլերի չեն դիմում, մանավանդ որ հիմա Հայաստանն ինչ-որ առումով նաև մի օղակ է դարձել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու համար: Դրա համար էլ ինչ-որ թեթև հայտարարություններ արվում են, բայց կտրուկ քայլերի չեն գնում:
Ես, օրինակ՝ զարմացած էի, որ այս վերջին իրադարձությունների հետ կապված՝ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պատրաստակամության, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Մոսկվայի արձագանքը բավականին զուսպ էր, կտրուկ ու բարձրագոչ հայտարարություններ չհնչեցին Մոսկվայից, իհարկե դա չի նշանակում, թե կատարվողը նրանց սրտով է, բայց նրանք էլ առայժմ չեն գնում կտրուկ քայլերի:
– Որ ասում եք՝ մեզ համար նորություն է, դա լա՞վ առումով է նորություն, թե՞ չէ:
– Իհարկե լավ առումով է, որովհետև եթե երկրիդ շահերը ոտնահարվում են, դու լուռ ես մնում, դա անընդունելի է, կարևոր է, որ բարձրաձայնես այդ մասին, բողոքես: Եթե միջպետական հարաբերություններում այս կամ այն կերպ բողոք չես հայտնում, ապա դա չի կարող լավ դիտվել:
– Պարո՛ն Վարդանյան, իսկ այդ մեսիջները, որ Ռուսաստանը հղում է, Հայաստանի իշխանությունները դրանք, ձեր տպավորությամբ, հաշվի առնո՞ւմ են, թե՞ շարունակելու են այն քաղաքականությունը, որը վարում են:
– Շարունակելու են իրենց քաղաքականությունը, առայժմ այդ մեսիջներն էլ կտրուկ ու կոշտ չեն, ինչպես ասացի, դրանք ընդամենը նախազգուշացումներ են: Վստահ եմ, որ Հայաստանը կշարունակի իր քաղաքականությունը: Նաև վստահ եմ, որ եթե անգամ այդ հայտարարությունները չլինեին, ապա հայկական կողմն այդ ամենը հաշվի առել է նախապես:
– Իսկ բացառո՞ւմ եք, որ ինչ-որ մի պահի այդ հայտարարություններն ավելի կտրուկ կլինեն, նաև որոշակի գործողություններ կարվեն:
– Չեմ բացառում իհարկե, բայց այս փուլում քիչ հավանական եմ համարում, որովհետև հիմա Ռուսաստանն այնքան խնդիր ունի, որ առայժմ չի ուզում Հայաստանին անդրադառնալ, բայց ինչ-որ մի փուլում, եթե այդ խնդիրները լուծի, փորձելու է վերադառնալ նաև Հարավային Կովկաս՝ ամրապնդելու իր կորցրած դիրքերը: Այդ ժամանակ արդեն Հայաստանի նկատմամբ ճնշումները կուժեղանան:
– Իսկ Հայաստանը պատրաստ կլինի՞ դիմակայելու այդ ճնշումներին:
– Լավ հարց է, ու դրա համար էլ բազմիցս ասել ենք, քանի դեռ Ռուսաստանը խրված է իր խնդիրներում, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի և՛ իր տնտեսությունը, և՛ արտաքին քաղաքականությունը ու թուլացնի կախվածությունը Ռուսաստանից, որովհետև եթե Ռուսաստանն իր խնդիրները լուծի ու փորձի վերադառալ Հարավային Կովկաս՝ վերականգնելու դիրքը, նման է լինելու ինքնասիրությունը խոցված, գազազած մեկի, որին նեղացրել են, ու փորձելու է իր վրեժը լուծել:
Ռուսական հոգեբանությունն այդպիսին է, նրանք շատ ծանր են տանում Ռուսական կայսրության դեմ արված քայլերը, իսկ Հայաստանի այս քայլերը դիտվում են որպես իրենց ավանդական ազդեցության գոտու դեմ արված քայլեր, հարված իրենց ինքնասիրությանը: Նույն Ուկրաինայի պահով՝ բացարձակ վրեժխնդրական գործողություններ են, չնայած քաղաքական խնդիրները հանգիստ կարելի էր լուծել:
– Հայաստանն ըստ ձեզ հիմա արդյունավետ օգտագործո՞ւմ է այն ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը զբաղված է սեփական խնդիրներով:
– Արդյունավետ չէ, կարող էր առավել արդյունավետ լինել, բայց չենք էլ կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չի անում:
– Պարո՛ն Վարդանյան, այսինքն, չեք բացառում, որ եթե Ռուսաստանը վերադառնա մեր տարածաշրջան, ապա Հայաստանում կրկնելու է ուկրաինական սցենարը, եթե Հայաստանը շարունակի այսօրվա քաղաքականությունը վարել:
– Հայաստանում չի կարող կրկնել ուկրաինական սցենարը, ապրիորի, որովհետև նախ՝ չկա ընդհանուր սահման, երկրորդ՝ Ուկրաինայի դեպքում կար մի քանի միլիոն ռուսախոս բնակչություն, որին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանը մտավ Ուկրաինա: Հայաստանի դեպքում չկան այդ նախադրյալները, բայց ճնշումներ լինելու են՝ գազի գնի բարձրացման, Լարսի փակման, միգրանտների համար խոչընդոտներ ստեղծելու տեսքով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am