Չնայած Ուկրաինայի վրա աճող ճնշմանը, Թրամփի վարչակազմը նաև սպառնացել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ Մոսկվայի շարունակվող ռազմական գործողություններին պատասխանելու համար։
The New York Times֊ը գրում է, որ ըստ Ռուբիոյի հայտարարության` Ուկրաինան պետք է տարածքային զիջումներ կատարի ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում։
ԱՄՆ պետքարտուղարը, ուղևորվելով Սաուդյան Արաբիա՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցությունների, հայտարարել է, որ ապագայում անհրաժեշտ կլինի երկխոսություն Մոսկվայի հետ՝ պարզելու, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը՝ ռազմական հակամարտությունը ավարտելու համար։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի զիջել այն տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է 2014 թվականից ի վեր, որպես ցանկացած զինադադարի համաձայնագրի մաս։
Ռուբիոյի հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիա ուղևորվող ինքնաթիռում, որտեղ նա պետք է հանդիպի բարձր մակարդակի ուկրաինացի պաշտոնյաների հետ։
«Ամենակարևորն այն է, որ այս բանակցություններից դուրս գանք հստակ պատկերացմամբ, որ Ուկրաինան պատրաստ է բարդ քայլերի գնալ, այնպես ինչպես Ռուսաստանը նույնպես պետք է բարդ որոշումներ ընդունի՝ այս հակամարտությունը ավարտելու կամ գոնե ինչ-որ ձևով կասեցնելու համար», — ասել է Ռուբիոն լրագրողներին։
Ռուբիոն հրաժարվել է մանրամասնել հնարավոր համաձայնագիրը, սակայն ընդգծել է, որ երկկողմանի փոխզիջումները դիվանագիտական գործընթացի հիմնական բաղադրիչն են։
«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակում ռազմական լուծում չկա», — նշել է նա։ «Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ նվաճել Ուկրաինան, բայց Ուկրաինայի համար նույնպես չափազանց դժվար կլինի մոտ ապագայում հետ մղել ռուսական զորքերին մինչև 2014 թվականի սահմանները», — հավելել է Ռուբիոն։
Ռուբիոն հավելել է, որ Մոսկվայի հետ ապագա բանակցությունները պետք է որոշեն, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։ «Մենք դեռ չգիտենք, թե կողմերի միջև ինչպիսի հակասություններ կան», — ասել է նա։
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն չեն քննարկի Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ առաջարկված համաձայնագիրը, որը նախկինում Թրամփը նկարագրել էր որպես փոխհատուցում ԱՄՆ-ի ռազմական աջակցության դիմաց՝ երեք տարի առաջ հակամարտության սկսվելուց հետո։
Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ի ֆինանսական հետաքրքրությունը Ուկրաինայի հանքային ռեսուրսների և հազվագյուտ մետաղների նկատմամբ կարող էր ծառայել որպես ոչ պաշտոնական անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Կիևին տրամադրել որոշակի հետախուզական տվյալներ, այդ թվում՝ արբանյակային պատկերներ, Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինային փոխանցել կարևոր տեղեկատվություն, որը թույլ է տալիս պաշտպանվել ռուսական հարձակումներից։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան SpaceX-ի Starlink ծառայությունից անջատելու հարցը երբեք չի քննարկվել։
Չնայած Ուկրաինայի վրա աճող ճնշմանը, Թրամփի վարչակազմը նաև սպառնացել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ Մոսկվայի շարունակվող ռազմական գործողություններին պատասխանելու համար։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ցույց տալ, որ դեռևս ունի ճնշման լծակներ Ռուսաստանի նկատմամբ՝ նրան Ուկրաինայի հետ բանակցությունների մղելու համար։
Ռուբիոն նաև հայտնել է, որ ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ռազմական օգնության վերականգնման հնարավորությունը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում կարող է փոփոխվել, եթե պարզ լինի, որ Ուկրաինան լրջորեն տրամադրված է խաղաղ բանակցությունների։
«Մի բան կարող եմ վստահաբար ասել. մենք ռազմական օգնություն Ռուսաստանին չենք տրամադրի», — հայտարարել է նա։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը