Մաս 30
Հանրային ի՞նչ համոզմունքի մասին կարող էր խոսք լինել, եթե Ազգային ժողովի պատգամավորը բռնության էր ենթարկվել իր աշխատավայրի մուտքում՝ հարյուրավոր անձանց աչքի առաջ, ապա եւ առեւանգվել: Ի՞նչ առաքելություն էր վերապահված Հայկ Խանումյանի հիմնադրած «Արցախի վերածնունդ» կուսակցությանը, ովքե՞ր էին նրա գաղափարական եւ ֆինանսական հովանավորները՝ հայտնի չէ:
Վահրամ Աթանեսյան
2016 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում վերջին ավելի քան քսան տարիների կտրվածքով աննախադեպ դեպք տեղի ունեցավ. Ազգային ժողովի մուտքի մոտ, որտեղ տեղադրված էին տեսախցիկներ, նախ դաժան ծեծի ենթարկվեց, ապա առեւանգվեց խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Ժամեր անց հայտնի դարձավ, որ առեւանգողները նրան անօգնական են թողել քաղաքամերձ տարածքում, ապա զանգել շտապօգնություն: Խանումյանի նկատմամբ բացասական վերաբերմունք Ստեփանակերտում ձեւավորվել էր մինչ այդ, երբ հայտնի դարձավ, որ նա օտարերկրյա հիմնադրամի աջակցությամբ վերականգնել է Աղդամի գերեզմանատան մի հուշաքար, որ կանգնեցված էր Ադրբեջանի ազգային հերոս Ալլավերդի Բաղիրովի հիշատակին: Չնայած Խանումյանի հիմնավորմանը, որ նախաձեռնությունն արժանացել է ԼՂՀ պատկան մարմինների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հավանությանը, իսկ գործին մասնակցել է նաեւ ղարաբաղյան Շարժման հանրահայտ դեմք Ռազմիկ Պետրոսյանը, գտնվեցին մի խումբ երիտասարդներ, որ ապամոնտաժեցին շիրմաքարը, տեղափոխեցին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ եւ ցուցադրաբար փշրեցին:
Այդ «ծիսակատարությունը» նրանք մանրամասն տեսագրեցին եւ տարածեցին համացանցում՝ ի տես նաեւ Ադրբեջանի: Իշխանությունները, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն որեւէ կանխիչ քայլ չձեռնարկեցին: Խանումյանի առեւանգման դրդապատճառը, սակայն, ներքաղաքական էր: Հանրությունը կայուն տպավորություն ուներ, որ նա 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելի քան 5 հազար քվե ստացել է «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցությամբ եւ ներկայացնում է նրա տեսակետները»:
Առեւանգան փաստով հարուցվեց քրեական գործ, բայց խափանման միջոց այդպես էլ չընտրվեց: Ըստ լուրերի, Խանումյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար էին տեսել Արցախյան պատերազմի վետերանների միության մի քանի անդամներ: Կարճ ժամանակ անց քրեական գործը վերաորակվեց որպես «խուլիգանություն», իսկ իրականացնողների նկատմամբ վարույթը կարճվեց՝ համաներման հանգամանքով: Ակնհայտ էր, որ Խանումյանին լռեցնում, իսկ նրան առեւանգողներին անպատիժ են թողնում, որպեսզի Սամվել Բաբայանի համակիրներն զգուշանան: Խանումյանի առեւանգման գործը վերաորակավորելու կապակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց գլխավոր դատախազություն՝ առաջարկելով, որ ընդունված որոշումը հիմնավորվի եւ հանրությունը դրանում համոզվի:
Հանրային ի՞նչ համոզմունքի մասին կարող էր խոսք լինել, եթե Ազգային ժողովի պատգամավորը բռնության էր ենթարկվել իր աշխատավայրի մուտքում՝ հարյուրավոր անձանց աչքի առաջ, ապա եւ առեւանգվել: Ի՞նչ առաքելություն էր վերապահված Հայկ Խանումյանի հիմնադրած «Արցախի վերածնունդ» կուսակցությանը, ովքե՞ր էին նրա գաղափարական եւ ֆինանսական հովանավորները՝ հայտնի չէ: Խանումյանը Ստեփանակերտում հաստատվել էր 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, աշխատանքի անցել Արցախի պետական համալսարանում, որտեղ քաղաքագիտություն էր դասախոսում: Քաղաքական գործունեության հետ կապված՝ նա շուտով համալսարանից հեռացավ. Նրա հետ աշխատանքային պայմանագիրը չերկարաձգվեց: Նման պայմաններում Խանումյանը գործունեության ասպարեզ ընտրեց նախ հանրային կառույցները, ապա եւ հիմնադրեց կուսակցություն՝ շուրջ համախմբելով հիմնականում երիտասարդ մտավորականների, որ դժգոհ էին իշխանության սոցիալ-տնտեսական եւ հատկապես կադրային քաղաքականությունից:
ԼՂՀ քաղաքական գործիչներից Խանումյանը միակն էր, որ անհատական քննադատության էր ենթարկում Բակո Սահակյանին, ինչպես նաեւ նրա հովանավորած բարձրաստիճան ուժայիններին: Հայկ Խանումյանը չպաշտպանեց 2017 թվականի սահմանադրական փոփոխությունները, որ Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման համար էին արվում եւ «ոչ»-ի քարոզչություն էր իրականացնում: Մեկ անհատի կամ քաղաքական ուժի ջանքերը, սակայն, պետական ողջ մեքենայի դեմ ակնհայտորեն անբավարար էին. սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, Ազգային ժողովը Բակո Սահակյանին օժտեծ եւս երեք տարով՝ մինչեւ 2020 թվականի մայիսը պաշտոնավարելու լիազորություններով:
Պատահակա՞ն էր, որ Բակո Սահակյանին միայն երեք տարով պաշտոնավարելու ժամկետ էր տրված, որն ավարտվեց ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ընդամենը չորս ամիս առաջ: Այդ գաղտնիքը, երեւի, չի բացվի, բայց պատմության «ծանր նստվածքն», անկասկած, կմնա:
(Շարունակելի)