Ռուսաստանի հետ ռազմավարական հապճեպ շեշտված ձգտումը երկարաժամկետ հստակ տեսլականի արդյունք չէր, այլ՝ արտաքին համակարգային ճնշման ու անվտանգության զգացող աճող պակասի հետևանք, հատկապես 2008 թվականի Վրաստանի պատերազմի և ԼՂ հակամարտության փակուղային վիճակի ֆոնին։
Սոսի Թաթիկյան
(Մաս երկրորդ)
Հայաստան-ԵՄ գործընկերության պատմական հիմքը
Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը վարել է արտաքին քաղաքականություն, որի նպատակը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների միջև հավասարակշռություն ապահովելն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում կառուցվածքային սահմանափակումներն ու աշխարհաքաղաքական ճնշումները խոչընդոտում էին ռազմավարական հավասարակշռության փորձերը։ Նրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես որդեգրեց «փոխլրացման» հայեցակարգը, սակայն նրա օրոք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորացավ՝ վերածվելով ռազմավարական միակողմանիության։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այս մոտեցում ըվերանվանվեց «բազմավեկտոր քաղաքականություն», սակայն իր էությամբ այն մնաց Ռուսաստանի նկատմամբ ապահովագրական քաղաքականություն, որն ի վերջո կրկին վերադարձավ միակողմանիությանը։
Շրջադարձային պահ էր 2010-ականների սկիզբը, երբ Հայաստանը պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Հինգ տարվա բանակցություններից հետո, 2013-ի սեպտեմբերին, նախագահ Սարգսյանը անսպասելիորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը։ Այս քայլը խափանեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ ԵՄ-ի ձևաչափերը անհամատեղելի էին Ռուսաստանի գլխավորած տարածաշրջանային կառույցների հետ։ Որոշումը կայացվեց առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ Ազգային անվտանգության խորհրդի հետ խորհրդակցության։ Այս քաղաքական շրջադարձը հանրայնորեն արդարացվեց որպես անվտանգային անհրաժեշտություն՝ նոր պատերազմի կանխման նպատակով Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ ռազմավարական հապճեպ շեշտված ձգտումը երկարաժամկետ հստակ տեսլականի արդյունք չէր, այլ՝ արտաքին համակարգային ճնշման ու անվտանգության զգացող աճող պակասի հետևանք, հատկապես 2008 թվականի Վրաստանի պատերազմի և ԼՂ հակամարտության փակուղային վիճակի ֆոնին։
2017 թվականին Հայաստանը վերասահմանեց իր հարաբերությունները ԵՄ հետ՝ ստորագրելովՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը անվտանգության և ազատ առևտրի բաղադրիչներ չէր ներառում։ Այդուհանդերձ, այն հաստատեց ինստիտուցիոնալ և նորմատիվ համագործակցության հիմք։
ԵՄ միջնորդական ջանքերն ու ձախողումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ը փորձեց լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի թողած միջնորդական վակուումը։ Մինսկի խումբը կորցրել էր իր արդյունավետությունը՝ Ադրբեջանի կողմից լեգիտիմության մերժման, ինչպես նաև Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ լարված հարաբերությունների և անվտանգության ոլորտում Հայաստանի հանդեպ վստահության կորստի պատճառով։ 2021 թվականից ԵՄ-ն նախաձեռնել է մի շարք բարձրաստիճան բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հիմնականում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, որոնք արագություն հավաքեցին 2022-2023 թվականներին։
ԵՄ դիվանագիտական մոտեցման առանցքում եղել է երկու պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի, տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը կարևոր էր հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին և արտացոլվեց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հստակ ճանաչմամբ՝ նախ՝ 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովում, ապա՝ 2023-ին Բրյուսելում։
Չնայած ԵՄ անկեղծ խաղաղասիրական ջանքերին, այն չկարողացավ կանխել Ադրբեջանի ճնշող գործողությունները և ապահովել ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով ԵՄ հարթակից, մերժեցին ցանկացած միջազգային ներկայություն և հրաժարվեցին ճանաչել հայ համայնքի ինքնակառավարման որևէ ձև։ Միաժամանակ, Ադրբեջանը շրջափակում սահմանեց, սահմանափակեց հումանիտար մուտքը և ի վերջո սանձազերծեց նոր ռազմական հարձակումը 2023 թվականի սեպտեմբերին։ Չնայած ԵՄ-ն նախազգուշացրել էր էթնիկ զտման անթույլատրելիության մասին, իր «փափուկ դիվանագիտության» սահմաններից դուրս չգալը և Բաքվին հակազդելու անկարողությունը հանգեցրին ԼՂ հայերի զանգվածային հարկադիր տեղահանության։
ԵՄ խորհուրդը հրաժարվեց ընդունել դատապարտման հայտարարություն․ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հանդես եկավ հայտարարությամբ ԵՄ անունից։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն չկիրառեց սահմանափակող միջոցներ Ադրբեջանի դեմ՝ կապված էներգետիկ և հաղորդակցական համաձայնագրերի հետ։ Սա պայմանավորված էր ԵՄ անդամ պետությունների միջև կոնսենսուսի բացակայությամբ, որոնցից շատերը կախված էին Ադրբեջանի գազից և նավթից և ունեին այլ ընդհանրական շահեր այդ երկրի հետ։
Այս ելքը ի ցույց դրեց լիբերալ խաղաղարար մոդելի կառուցվածքային սահմանափակումները, որն առավելություն է տալիս երկխոսությանը և խթաններին՝ զսպման և հարկադրման փոխարեն։ ԵՄ-ի՝ արդյունավետ ճնշման գործիքների կիրառման ձախողումը ընդգծեց իր նորմատիվ մոտեցման փխրունությունը ուժի դիմաց։ Սա վտանգավոր նախադեպ ստեղծեց, որ տարածքային նվաճումներն ու էթնիկ զտումները կարող են մնալ անպատիժ՝ անդրադարձ ունենալով նաև այլ հակամարտային գոտիների վրա, ինչպես Գազայում և Կոսովոյում։
[շարունակելի]
Աղբյուրը՝
