Կրիվոպուսկովը, սակայն, նենգափոխել է իրականությունը եւ ներկայացրել այնպես, որ Մարտակերտի շրջանի Ջանյաթաղի տնտեսության անասնաֆերմայի օժանդակ շինություններում «հաստատվել էր հայկական ապօրինի զինված խմբավորում, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունված հրամանագրի ուժով պետք է զինաթափվեր» եւ, իբր, «անձնագրային ռեժիմի ստուգում իրականցնող ՆԳՆ ծառայողների ուղղությամբ հայ զինյալները կրակ են բացել, փոխհրաձգության ժամանակ նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 2
Արցախի 2007 թվականի նախագահական ընտրություններին գրեթե համաժամանակյա, նույն տարվա սեպտեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը: Այդ առթիվ Հայաստանի պետական՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդագրությունն ասում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը, Հայաստանի եւ Ռուսաստանի Գրողների միության անդամներ, հատուկ ընդգծված է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի ներկայությունը: Ամիսներ անց Կրիվոպուսկովի գրքի հայերեն թարգմանության շնորհանդես է կազմակերպվել նաեւ Ստեփանակերտում, դարձյալ՝ Զորի Բալայանի նախաձեռնությամբ, բայց, իհարկե, առանց ՀՀ-ում ՌԴ դեսպանի մասնակցության: «Բացը» լրացրել են մոսկովյան տարբեր տրամաչափի եւ «թխվածքի» փորձագետներ, վերլուծաբաններ: Միջոցառմանը մասնակցել ենԱրցախի ԱԳ, կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնյաներ, գրողներ, մտավորականներ, հանրային գործիչներ: Դա «ժանտախտի ժամանակ խնջույք էր», որի դեմ, ցավոք, ոչ ոք չըմբոստացավ: Միայն տողերիս հեղինակը «Հայրենիք» կուսակցական թերթում գրեց, որ Կրիվոպուսկովի գրքի շնորհանդես կազմակերպելով՝ Արցախի իշխանությունները, կամա, թե ակամա, բայց ակնհայտորեն ապալեգիտիմացնում են «Կոլցո» ռազմագործողության՝ որպես խորհրդա-ադրբեջանական համատեղ ռազմական հանցագործության մասին քաղաքական խոսույթը: Հոդվածը եզրափակվում էր ընդհանրացմամբ, որ պատվի է արժանացնել ԽՍՀՄ ՆԳՆ պատժիչ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովին, նշանակում է արդարացնել Լեռնային Ղարաբաղիհայ բնակչության դահիճներ Պոլյանիչկոյին եւ գեներալ Սաֆոնովին, իսկ Ազգային ժողովի միակ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը սարկազմով գրել էր, որ գրքի հեղինակի ազգանունը պետք է գրել Кровпусков/ արյուն բաց թողնող, արնախում:
Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովարար Ղարաբաղ» գրքի մասին այս նկատառումները չէին արվի, եթե այնտեղ մի հայտնի իրադարձություն ակնհայտորեն նենգափոխված չլիներ հենց ամենաառաջին էջերում: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի Լեռնային Ղարաբաղ հասնելուց մեկ շաբաթ հետո՝ 1990 թվականի հոկտեմբերի լույս 24-ի գիշերը խորհրդային պատժիչ զորքերի կողմից հարձակման է ենթարկվել Մարտակերտի շրջանի Քաջավան բնակավայրը: Այն հիմնադրվել էր նախորդ տարվա ամռանը, ուներ ավելի քան հարյուր բնակիչ, գործում էր կապի հանգույց, բուժկետ, ութամյա դպրոց: Հարձակման հետեւանքով բոլոր բնակելի տները, հանրային նշանակության շինություններն ավերվել են, գյուղի ողջ արական բնակչությունը՝ պատանդառվել, իսկ կանայք եւ երեխաները տարհանվել են միայն ՆԳ Մարտակերտի շրջանային բաժնի մի խումբ աշխատակիցների ջանքերով:
Քաջավանի խաղաղ բնակչության սպանդը կանխվել է կուսակցության Մարտակերտի շրջկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վահան Հաբրելյանի ջանքերի շնորհիվ: ԼեռնայինՂարաբաղում Քաջավանն առաջին բնակավայրն էր, որ վերականգնվել էր Ջանյաթաղի պետականտն տեսության բանավանում՝ Աղդամի շրջանի անմիջական հարեւանությամբ: Բնակավայրի հիմնադրումն ուներ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, սոցիալ-հոգեբանական եւ, անշուշտ, ինքնապաշտպանական կարեւորություն: Գրքում Կրիվոպուսկովը պատմում է, որ մերձմոսկովյան«Չկալովսկ» ռազմական օդանավակայանից Ադրբեջան թռչող ինքնաթիռը նախապես վայրէջք է կատարել Ռիգայում, որպեսզի «վերցնի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին»: 1990 թվականի հոկտեմբերի լույս 24-ի գիշերը Քաջավանը գրոհել եւ հողին է հավասարեցրել հենց հատուկ նշանակության այդ ջոկատը, որ հայտնի էր «Ռիգայիօմոն» անվանումով:
Կրիվոպուսկովը, սակայն, նենգափոխել է իրականությունը եւ ներկայացրել այնպես, որ Մարտակերտի շրջանի Ջանյաթաղի տնտեսության անասնաֆերմայի օժանդակ շինություններում «հաստատվել էր հայկական ապօրինի զինված խմբավորում, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունված հրամանագրի ուժով պետք է զինաթափվեր» եւ, իբր, «անձնագրային ռեժիմի ստուգում իրականցնող ՆԳՆ ծառայողների ուղղությամբ հայ զինյալները կրակ են բացել, փոխհրաձգության ժամանակ նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել»: Այս կեղծիքի բացահայտումը եւ քաղաքական իմաստը կներկայացնենք հաջորդիվ:
(Շարունակելի)
