Հունաստանի հետ համագործակցության շրջանակում հայկական սպայակազմը վերապատրաստվում է հունական ռազմական հաստատություններում։ Լեհաստանը և Լիտվան ապահովել են հսկողության և հաղորդակցության տեխնոլոգիաներ։ Հայաստանը նաև Մեծ Բրիտանիայի հետ ունի 2025–2026թթ. պաշտպանության համագործակցության ծրագիր։
Սոսի Թաթիկյան
(մաս 4-րդ)
Ռազմական վարժանքներ և ոչ մահացու պաշտպանական աջակցություն
Հայաստան
Ֆրանսիան՝ զենքի փոխանցումներից բացի, առանցքային դեր է խաղում Հայաստանի պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցության մեջ՝ ռազմական հաստատությունների խորհրդատվությամբ և բարձրաստիճան սպայակազմի ուսուցմամբ։ Ինչպես նշում են պաշտոնյաները, համագործակցությունը «միայն զենքի գնումների մասին չէ, այլև պատրաստության», ինչը վկայում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համահունչ՝ Հայաստանի կարողությունների և պրոֆեսիոնալիզմի երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։
2023–2024 թթ․ Ֆրանսիան իր 27-րդ լեռնային հետևակային բրիգադից մասնագետներ է ուղարկել Հայաստան՝ Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում շուրջ 30 հայ զինվորականների համար լեռնային պատերազմում մասնագիտացված պատրաստություն ապահովելու նպատակով, ներառյալ կրակային ու ալպիական վարժանքները։ Զուգահեռաբար, 2024-ի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունների միջև 2025 թ․ համապարփակ համագործակցության ծրագիր, որի առանցքում են շարունակական լեռնային մարտական կրթությունը, համատեղ վարժանքները և տեխնիկամատուցման ընդլայնումը՝ ուղղված Հայաստանի կտրուկ ռելիեֆին համապատասխան պաշտպանունակության բարելավմանը։
Ֆրանսիան Հայաստանին տրամադրել է ոչ մահացու ռազմական սարքավորում՝ մասնավորապես Safran ընկերության գիշերային տեսանելիության դիտակներ։ Մոտ ապագայում նախատեսվում է Thalès ընկերության կողմից արտադրված ռադարների մատակարարում, որոնք ունակ են հայտնաբերել թշնամու օդանավերը մինչև 250 կմ հեռավորության վրա։ Ֆրանսիայի Սեն-Սիր Կոետկիդան ռազմական ակադեմիան համաձայնել է ընդունել հայ զինվորականների։
ԱՄՆ-ն վերջին երկու տարիներին զգալիորեն ընդլայնել է իր ոչ մահացու աջակցությունը Հայաստանին։ 2024-ի հուլիսին անցկացվել է երկրորդ Eagle Partner համատեղ զորավարժությունը՝ ուղղված Հայաստանի զինված ուժերի պատրաստվածության բարձրացմանը միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու և ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելիության ամրապնդման նպատակով։ ԱՄՆ-ն ավելի քան 45 միլիոն դոլարի պաշտպանական և անվտանգության օգնություն է ցուցաբերել, ֆինանսավորելով զրահապատ շտապօգնության մեքենաներ, Կիբեր պաշտպանության կենտրոն, ինչպես նաև սահմանային անվտանգություն ապահովող ենթակառուցվածքներ։
Հայաստանի կիբեռանվտանգության կարողությունները զարգացել են միջազգային Counter Ransomware նախաձեռնության անդամակցության և ԱՄՆ-ի համապատասխան գործակալությունների հետ համագործակցության միջոցով։ Ստեղծվել է համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմ՝ համահունչ միջազգային ստանդարտներին։ Երկկողմ պաշտպանական խորհրդատվությունների արդյունքում ձևավորվել է ռազմավարական երկխոսության և կարողությունների զարգացման ամուր շրջանակ։
Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) շրջանակում Հայաստանին հատկացված 10 մլն եվրոյի օգնությունը ոչ մահացու աջակցություն է, ուղղված հողի հսկողության, շարժունակության, բժշկական տարհանման և ինժեներական կարողությունների ուժեղացմանը։ Սա EPF-ի առաջին նման աջակցությունն է ՀԱՊԿ անդամ պետությանը, ընդգծելով ԵՄ-ի աճող վստահությունը։ Չնայած ադրբեջանական քարոզչությանը՝ այս աջակցությունը բացարձակապես պաշտպանական բնույթ ունի։
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) շրջանակում Հայաստանը իրականացնում է Ինդիվիդուալ գործընկերային գործողությունների ծրագիր (IPAP) և Պլանավորման և վերանայման գործընթաց (PARP), որոնց միջոցով իր ռազմական պլանավորումը համապատասխանեցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Հայաստանը մասնակցում է KFOR առաքելությանը, ինչպես նաև պաշտպանական կրթության ու բարեվարքության ծրագրերին։
Հունաստանի հետ համագործակցության շրջանակում հայկական սպայակազմը վերապատրաստվում է հունական ռազմական հաստատություններում։ Լեհաստանը և Լիտվան ապահովել են հսկողության և հաղորդակցության տեխնոլոգիաներ։ Հայաստանը նաև Մեծ Բրիտանիայի հետ ունի 2025–2026թթ. պաշտպանության համագործակցության ծրագիր՝ ուղղված կարողությունների զարգացմանը, անգլերեն լեզվի ուսուցմանը և ռազմավարական երկխոսությանը։
Հայաստանի և Վրաստանի միջև 2024-ին ստորագրված պաշտպանության համագործակցության համաձայնագրով նախատեսված է ռազմական բազմաբնույթ խորհրդակցություններ, պաշտպանության համակարգման խորացում և բարեփոխումների աջակցություն։ 2025-ի ապրիլ-մայիսին հայ դիտորդները մասնակցել են Վրաստան–ՆԱՏՕ զորավարժությանը Թբիլիսիի մոտ՝ ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնում։ Այս խոշոր վարժանքին մասնակցել են ՆԱՏՕ-ի և գործընկեր 17 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան։
Հունաստանի և Կիպրոսի հետ սերտ համագործակցությամբ անցկացվել են համատեղ հատուկջոկատային վարժանքներ՝ 2023-ի նոյեմբերին Նեա Պերամոսում և 2024-ի մարտին «Olympic Cooperation-24» բազմազգ վարժանքը՝ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելիության բարձրացման նպատակով։
2025-ի ապրիլին Իրանի և Հայաստանի միջև անցկացվել է «Խաղաղություն» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը Նորդուզ-Կապան սահմանային հատվածում՝ յուրաքանչյուր կողմի տարածքում։ Վարժանքներում մոդելավորվել են ահաբեկչական հարձակումների դեպքում սահմանային անցակետերի պաշտպանման սցենարներ։
Ադրբեջան
Ադրբեջանը լայնածավալ ու զարգացող ռազմական համագործակցություն ունի Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների հետ։ Տարեկան շուրջ 10 համատեղ զորավարժություն է իրականացվում Թուրքիայի հետ՝ ընդգրկելով ցամաքային, հատուկ գործողությունների և հակաօդային պաշտպանության ոլորտներ։ 2025-ի հունիսին երկու խոշոր զորավարժություն է անցկացվել Նախիջևանում՝ «Աջակցություն անկոտրելի եղբայրությանը-2025» (6-օրյա) և «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2025» (11-օրյա), որոնց մասնակցել են հրամանատարական, մեխանիզացված, հրետանային, օդային ստորաբաժանումներ։
Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միասին անցկացնում են «Երեք եղբայրներ» զորավարժությունները՝ կենտրոնանալով հատուկ ջոկատային, հակաահաբեկչական և դեսանտային գործողությունների վրա։ Պակիստանը միակ երկիրն է, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի անկախությունը և մշտապես աջակցել է Ադրբեջանին։
Ադրբեջանը PfP շրջանակում համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1994-ից, իսկ IPAP-ի անդամ է 2004-ից՝ բանակի որոշ հատվածներում ներդնելով ՆԱՏՕ-ական չափանիշներ։ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է ուսուցում, հայեցակարգային աջակցություն և սպառազինության ստանդարտացում։ Թուրք բարձրաստիճան սպաները առանցքային դեր են խաղացել 2020-ի պատերազմի պլանավորման ու անօդաչու տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։
2025-ի ապրիլ-մայիսին ադրբեջանցի զինվորականները մասնակցել են ՆԱՏՕ–Վրաստան հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Նույն տարվա հունիսին Ադրբեջանի օդուժը մասնակցել է «Resolute Force-2025» զորավարժությանը Բուլղարիայում, որին մասնակցել են նաև Վրաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Հունաստանը և Ռումինիան։
2024-ի հուլիսին Ադրբեջանը մասնակցել է Ղազախստանի կազմակերպած «Մենք միասին ենք–2024» զորավարժությանը՝ միաժամանակ ներգրավելով 4000 զինծառայող և 700 միավոր տեխնիկա։ 2025-ին Ադրբեջանը և Ղազախստանը անցկացրել են «Կասպյան քամի–2025» ռազմածովային վարժանքները Ակտաուի մոտ։ Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերը ևս անցկացրել են «AZIREX-2024» որոնողափրկարար վարժանք՝ Կասպից ծովում, ընդգծելով համագործակցությունը խաղաղության շրջանակում։
Չնայած ԱՄՆ-ի Ազատության աջակցման ակտի 907-րդ հոդվածին, 2002-ից նախագահական բացառությունների շնորհիվ Ադրբեջանը ստացել է շուրջ 808 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 164 մլն դոլար ռազմական, մինչև 2023-ի նոյեմբերին ԱՄՆ-ի կողմից ընդունված հայկական պաշտպանության ակտով դադարեցումը։
Եզրակացություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական անհամաչափությունը, զուգորդված խաղաղության հանդեպ Երևանի հավատարիմ մոտեցմամբ և Ադրբեջանի մշտական ռազմական ճնշմամբ, վկայում է Հայաստանի պաշտպանության բարեփոխումների հրատապության մասին։ Միաժամանակ անհրաժեշտ է Ադրբեջանին ուղղել դեպի արդար և պարտադիր խաղաղության համաձայնագրի ուղի։
Հայաստանին տրամադրվող աջակցությունը պետք է ամրապնդվի, հատկապես Հնդկաստանից և Ֆրանսիայից ձեռք բերված սպառազինության հիման վրա։ Զինուժերի համաչափության վերականգնումը կնվազեցնի Ադրբեջանի գերակայության ռիսկերը և կստեղծի երկարատև խաղաղության պայմաններ։
ԵՄ-ն պետք է մեծացնի աջակցությունը EPF-ի միջոցով, իսկ lethal զինտեխնիկա Ադրբեջանին մատակարարող երկրները՝ վերանայեն այդ որոշումները կամ ապահովեն համարժեք աջակցություն Հայաստանին։ ԱՄՆ-ը նույնպես պետք է խորացնի պաշտպանական համագործակցությունը՝ հրաժարվելով 907-րդ հոդվածի բացառություններից։
Չզսպվելու դեպքում Ադրբեջանի ռազմական դիրքորոշումը կարող է խորացնել անկայունությունը Հարավային Կովկասում՝ գլոբալ անվտանգության և կանոնակարգված համաշխարհային կարգի համար լուրջ հետևանքներով։
[վերջ]
աղբյուրը՝
