Հայաստան

Կարևոր Հանդիպումներ ԱՄՆ-ում

Հայաստանը պետք է շարժվի ԵՄ-ին անդամակցության ճանապարհով՝ զգուշորեն թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը ռազմավարական ոլորտներում։ Կարծում եմ՝ Հայաստանը միայնակ չի մնալու այս հարցում։ Սակայն կարևոր է կենտրոնանալ մեր անելիքի վրա․ եթե կարողանանք հստակ ձևակերպել մեր շահն ու եվրոպական հեռանկարին հավատարիմ մնանք, ԵՄ-ին անդամակցությունը հասունացնելու հարցում ունենք գործընկերներ։

Ռոբերտ Անանյան

Այսօր Վաշինգտոնում հանդիպումներ ունեցանք ԱՄՆ Պետքարտուղարությունում, ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովում, Atlantic Council, Stimson Center-ում։ Ներկայացրինք անվտանգային և արտաքին քաղաքական այն ռիսկերը, որոնցում Հայաստանը գտնվում է, ինչպես նաև՝ այն ոլորտները, որտեղ կարող է խորանալ հայ-ամերիկյան գործընկերությունը, որտեղ համատեղ աշխատանքի կարիք կա։ Կարևոր էր հիմնավորելը, թե ինչու է Հայաստանը առանցքային երկիր ԱՄՆ-ի համար մեր ռեգիոնում, և ինչու է պետք շահագրգռված մնալ մեզ հետ գործընկերության խորացմամբ։

Իմ կողմից կարող եմ ասել, որ՝ չնայած գլոբալ անորոշություններին և անվտանգային ճգնաժամերին, պահպանվում է իմ լավատեսությունը ՀՀ-ԱՄՆ գործընկերության ապագայի վերաբերյալ։ Հայաստանին աջակցելու ցանկությունը կա Վաշինգտոնում՝ մեր երկրի դիմակայունության աստիճանը բարձրացնելու համար։ Ինչպես նախկինում, հիմա էլ՝ Վաշինգտոնը կոնկրետ ծրագրերով պատրաստ է Հայաստանին աջակցել՝ դիմակայունության առավել բարձր մակարդակ ունենալու համար։ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մնում է արդիական փաստաթուղթ։ Նախկին պայմանավորվածությունները՝ անվտանգային, էներգետիկ և այլ ոլորտներում կշարունակվեն, և կարծում եմ՝ արդեն ժամանակն է նոր հավակնոտ ծրագրերի մասին մտածել, առավելապես՝ տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն ոլորտներում։ Կարևոր է, որ Հայաստանն իր տնային աշխատանքը անի որակյալ։ Կարծում եմ՝ մեր խնդիրը այստեղ է, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիր պետք է լուծենք։

ԱՄՆ-ն ուզում է Հարավային Կովկասը տեսնել խաղաղ և բարգավաճ ռեգիոն, և ոչ թե պատերազմների և քաոսի տարածք։ Եվ այդ նպատակով՝ ռազմական բախումները բացառելու, խաղաղություն հաստատելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում։ ԱՄՆ-ի համար կարևոր է խաղաղության գլոբալ օրակարգի առաջ մղումը։ Հուսանք, կհաջողվի հասնել հայ-ադրբեջանական Համաձայնագրին, որը պետք է լինի բոլոր կողմերին շահավետ փաստաթուղթ։ Նախորդ վարչակազմի մոտ առկա Հայաստանին աջակցելու ցանկությունը պահպանվում է նաև հիմա, ինչը համարում եմ առանցքային գործոն։ Սակայն մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի առավել փոխշահավետ ծրագրերի վրա։ Տնտեսական գործակցությունը ԱՄՆ-ի համար դարձել է առաջնահերթություն, և Հայաստանը պետք է կարողանա փոխշահավետ առաջարկներ անել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության կոնկրետ ծրագրերը պետք է դառնան առաջնահերթություն՝ որպես նոր վարչակարգի հետ արդյունավետ խոսակցության ձևաչափ։ իմ կարծիքն այն է, որ ԱՄՆ-ն կարող է պոզիտիվ ներգրավվածություն ունենալ կոմունիկացիաների գործարկման, մեր սահմանային անվտանգության աստիճանի բարձրացման, տնտեսական և հատկապես՝ էներգետիկ համատեղ ծրագրերի իրագործման և այլ հարցերում։

ԱՄՆ-ն չի հեռացել Հարավային Կովկասից, և հետաքրքրված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ և Համաձայնագրի կնքմամբ, այնպես էլ՝ ռեգիոնալ ապաշրջափակմամբ։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասից չի պատրաստվում դուրս գալ՝ իր դիրքերը զիջելով այլ խաղացողների։ Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփի ադմինիստրացիան առանձնահատուկ դրական սենտիմենտներ ունի Պուտինի նկատմամբ, և պատրաստվում է Հարավային Կովկասն ու ԱՊՀ-ն զիջել Ռուսաստանին։ Կարծիքս այն է, որ դա մոլորեցնող նարատիվ է, որը հիմնված է մեդիահոսքերի տպավորությունների վրա, և ոչ թե ԱՄՆ-ի ռազմավարության, որ իրագործվում է իրականում։

Հայաստանը պետք է շարժվի ԵՄ-ին անդամակցության ճանապարհով՝ զգուշորեն թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը ռազմավարական ոլորտներում։ Կարծում եմ՝ Հայաստանը միայնակ չի մնալու այս հարցում։ Սակայն կարևոր է կենտրոնանալ մեր անելիքի վրա․ եթե կարողանանք հստակ ձևակերպել մեր շահն ու եվրոպական հեռանկարին հավատարիմ մնանք, ԵՄ-ին անդամակցությունը հասունացնելու հարցում ունենք գործընկերներ։ Էլի եմ կրկնում, հիմնական անելիքը մերն է՝ որակյալ բարեփոխումներ, երկրի դիմակայունության և անկախության աստիճանի բարձրացմանն ուղղված առավել կոնկրետ քայլեր։ Եթե մենք ձախողենք մեր գործը, որևէ մեկը մեր փոխարեն մեր պետությունը չի զարգացնելու։

Կամ մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը՝ իր բոլոր հետևանքներով, կամ՝ գնում ենք դեպի ԵՄ, կատարելով զգուշավոր քայլեր պետության անկախության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Եվ-և-ի քաղաքականություն հնարավոր չի իրականացնել, մեզ լուրջ չեն ընկալի։ Բալանսավորման քաղաքականության իրական նպատակը պետք է լինի սուվերեն կարողությունների մեծացումը, ինչը թույլ կտա վաղը՝ մեզ ընդունել որոշում ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Այս հեռանկարն այսօր կարող է թվալ բարդ, սակայն որակյալ աշխատանքի դեպքում՝ տարիներ անց այն կարող է իրագործվել։

Կարծում եմ՝ համաշխարհային այս քաոսի պայմաններում Հայաստանի կարևորությունը կարող է աճել, և մենք մեզ պետք է դիրքավորենք որպես պետություն, որը պատրաստ է ԱՄՆ-ի հետ որակյալ գործընկերություն ծավելել՝ ռազմավարական գործընկերոջից առավել բարձր մակարդակ բարձրանալու ռազմավարական հեռանկարով։ Այն, ինչ այսօր թվում է անիրատեսական, որակյալ աշխատանքի դեպքում՝ տարիներ անց կարող է իրականություն դառնալ։ Աշխարհն այսօր քաոտիկ է թվում, սակայն ինչքան էլ աբսուրդային չհնչի, Հայաստանը հենց այսօր ունի ամենամեծ հնարավորությունները՝ իր կարողությունները հզորացնելու, ռեգիոնում գործոն դառնալու համար։

Ես հավատում եմ հայ-ամերիկյան բարեկամության ապագային, և վստահ եմ՝ երկուստեք ցանկություն կա այդ բարեկամությունն առավել գործնական քայլերով ամրապնդելու։

Հաջորդող շաբաթներին ԱՄՆ-ում մեր հանդիպումները կշարունակվեն։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/100001252192771/posts/24249416741350061/?mibextid=wwXIfr&rdid=YXFmeaYsY7tiV2Yc#

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *