Հայաստան

Իրադրությունն Անդրկովկասում. Հայ Ազգաբնակչությունը Տնտեսության, Քաղաքականության Եվ Հասարակական Կյանքի Խաչմերուկում

Հայ կապիտալը երբեք հայոց գործի լուծմանը չլծվեց, հայ հարուստները սովորաբար ապրում էին ազգային-քաղաքական հարցերին չխառնվելով, բավարարվելով միայն անհատական բարեգործություններով՝ եկեղեցու կառուցում, վերանորոգում, անհատ ուսանողների թոշակի տրամադրում Եվրոպայում ուսանելու համար, բայց ոչ ավելին։ Հայկական կուսակցությունները սովորաբար շատ դժվարությամբ էին կարողանում գումար հայթայթել հայ հարուստներից, հաճախ միակ միջոցը մնում էր ահաբեկումը։ 

Արայիկ Մկրտումյան 

19-րդ դարի երկրորդ կեսին Անդրկովկասը (հիմնականում Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի, Շուշիի և Կարսի նահանգները) գտնվում էր Ռուսական կայսրության կազմում՝ որպես վարչական առանձին միավոր։ Ռուսական իշխանությունների համար տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ուներ՝ որպես սահմանային գոտի Օսմանյան կայսրության և Իրանի դեմ, ինչպես նաև որպես տնտեսական հարուստ պաշարներով տարածք։ Թիֆլիսը (ներկայիս Թբիլիսի) դարձել էր ոչ միայն վարչական, այլև քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն։ Հենց այստեղ էր ձևավորվում նորագույն հայ քաղաքական և մտավորական կյանքը։ Թիֆլիսը ուներ բազմազգ կազմ՝ վրացիներ, հայեր, ռուսներ, պարսիկներ, հրեաներ, գերմանացի գաղթականներ։

Ռուսական կառավարությունը Անդրկովկասում վարում էր երկակի քաղաքականություն․ մի կողմից փորձ էր արվում ինտեգրել տարածաշրջանը կայսրության կառավարման համակարգում՝կառուցելով զինվորական և քաղաքացիական վարչարարություն, զարգացնելով ճանապարհներ, նոր շուկաներ, կրթական որոշ հաստատություններ։ Մյուս կողմից՝ իրականացվում էր խիստ վերահսկողություն ազգային ինքնության և հասարակական կյանքի նկատմամբ, որպեսզի խոչընդոտվի տեղական ժողովուրդների ինքնավարական ձգտումները։ Հայերի համար սա ստեղծում էր հակասական միջավայր․ մեկ կողմից կային նյութական զարգացման և կրթության հնարավորություններ, մյուս կողմից՝ ազգային ինքնորոշման սահմանափակումներ և ժամանակ առ ժամանակ շատ սուր կերպով դրսևորվող ցենզուրա։

Անդրկովկասի տնտեսությունը հիմնականում գյուղատնտեսական էր, բայց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսեցին ձևավորվել նաև արդյունաբերական օջախներ, հատկապես Բաքվում և Թիֆլիսում։ Բաքվի նավթահանքերը դարձան կայսրության արդյունաբերական ամենակարևոր կենտրոններից մեկը։ Նավթարդյունաբերության արագ զարգացումը ներգրավում էր նաև մեծ թվով հայ գործարարների (Արամյաններ, Լիանոսյաններ, Մանթաշյանց և այլք), որոնք ձևավորում էին նավթային կապիտալիստական դասակարգի հիմքը։Ընդ որում հայ արդյունաբերողները Անդրկովկասում հռչակված դեմքեր էին, մրցակցում էին ոչ միայն վրացիների, այլև ռուսական ու անգլիական մագնատների հետ, երբեմն շատ հաջող կերպով։ Բայց հայ կապիտալը երբեք հայոց գործի լուծմանը չլծվեց, հայ հարուստները սովորաբար ապրում էին ազգային-քաղաքական հարցերին չխառնվելով, բավարարվելով միայն անհատական բարեգործություններով՝ եկեղեցու կառուցում, վերանորոգում, անհատ ուսանողների թոշակի տրամադրում Եվրոպայում ուսանելու համար, բայց ոչ ավելին։ Հայկական կուսակցությունները սովորաբար շատ դժվարությամբ էին կարողանում գումար հայթայթել հայ հարուստներից, հաճախ միակ միջոցը մնում էր ահաբեկումը։ Ունևոր դասի այս մարգինալ կարգավիճակը ծանր հարված էր հասցնում հասարակական-քաղաքական մտքի կայցմանը, քանի որ ծանր սոցիալական վիճակը տասնյակ մտավորական ու քաղաքական կերպարների ստիպում էր քայքայվել ծանր աշխատանքի մեջ, մինչդեռ նրանք կարող էին շատ ավելի արդյունավետ ու հաջող կերպով նախապատրաստել հայ հասարակությանը։ Հայ կապիտալիստները նաև չէին խորշում ստրկական պայմաններով շահագործել նաև հայերին։ Հայ գյուղացիների զգալի մասը շարունակում էր աշխատել որպես մանր հողագործ, հաճախ շատ ցածր վճարով, կամ դառնալով վարձու աշխատող խոշոր հողատերերի տնտեսություններում։ Սակայն նաև նկատվում էր հողազրկման գործընթաց․շատ գյուղացիներ լքում էին գյուղերը և տեղափոխվում քաղաքներ՝ փորձելով աշխատանք գտնել արդյունաբերության կամ շինարարության ոլորտում։

Հայկական քաղաքային խավը (քաղաքային միջին դաս, մանր առևտրականներ, արհեստավորներ, ուսուցիչներ) զարգանում էր և դառնում էր ավելի ակտիվ տնտեսական գործունեության մեջ։ Սրան նպաստում էին տոհմական կապիտալների ամրապնդումը և ներքին կապերի խթանումը։Առևտրատնտեսական ու արհեստավորական խավը քաղաքային միջավայրերում սովորաբար դուրս էր մնում հասարակական-քաղաքական կյանքից և շատ սաղմնային պատկերացումներ ուներ հայկական քաղաքական մտքի կամ անելիքների վերաբերյալ։

Քաղաքական միջավայր

Ազգային շարժումները և կուսակցությունները

Անդրկովկասի հայ ազգաբնակչությունը մի կողմից ներշնչվում էր եվրոպական ազատական շարժումներով և ռուսական լիբերալիզմի փորձերով, մյուս կողմից՝ սերտորեն կապված էր Օսմանյան կայսրության հայության ազատագրական հարցերի հետ։ Թիֆլիսում, ինչպես նաև Շուշիում և Բաքվում, ձևավորվեցին առաջին հայկական քաղաքական կուսակցությունները՝ Հնչակյան կուսակցությունը(1887), Դաշնակցությունը (1890), և այլ խմբեր։

Այս կուսակցությունները, ի տարբերություն եվրոպական կուսակցական շարժումների, ստիպված էին աշխատել գաղտնիության պայմաններում, մշտապես հարմարվելով կայսրության ոստիկանային վերահսկողությանը և ազգային հարցերում ռուսական կոշտ դիրքորոշմանը։ Նրանք հիմնականում օգտագործում էին մշակութային և կրթական գործունեությունը որպես կազմակերպչական հարթակ։ Օրինակ՝ բարեգործական ընկերություններ, թատերական խմբեր, ակումբներ, մամուլ։ Հայ քաղաքական մտքի ձևավորման համար Անդրկովկասը դարձել էր յուրօրինակ փորձադաշտ․ այստեղ փորձարկվում էին եվրոպական սոցիալիստական և ազգայնական գաղափարները, որոնց միջոցով փորձ էր արվում հասնել ազգային ինքնապահպանման և քաղաքական ազդեցության։

Հայաստանում կրթության կարևորությունը միշտ եղել է առաջնային։ Անդրկովկասում արդեն 19-րդ դարում գործում էին հայկական դպրոցներ՝ հիմնականում ծխական և թեմական, ինչպես նաև մասնավոր վարժարաններ Թիֆլիսում, Շուշիում և այլ քաղաքներում։ Բացի այդ, մեծ նշանակություն ունեին Թիֆլիսի Գիմնազիան, Ներսիսյան դպրոցը և Թեմական դպրոցները։ Սակայն ռուսական իշխանությունները փորձում էին վերահսկել կրթական բովանդակությունը․դասագրքերը ենթարկվում էին ցենզուրայի, իսկ ուսուցիչները հաճախ ստուգվում էին հավատարմության տեսանկյունից։ Դպրոցներում ռուսերենը պարտադիր էր որպես հիմնական ուսուցման լեզու, ինչը զուգահեռ առաջացնում էր լեզվական և մշակութային դիմակայություն։ Կրթության ընդլայնումը նպաստում էր հայ մտավորականության ձևավորմանը՝ ստեղծելով լրագրողներ, իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ։ Միաժամանակ կրթված հայ երիտասարդության մի մասը մտնում էր ռուսական համալսարաններ (Պետերբուրգ, Մոսկվա, Դորպատ) և վերադառնում լիբերալ կամ սոցիալիստական գաղափարներով՝ փորձում ներմուծել դրանք հայկական միջավայր։

Հասարակական կյանքը հիմնականում արտահայտվում էր մամուլի միջոցով, որոնց թղթակցում էին ժամանակի հայ մտավորականների հիմնական մասը։  Հայ մամուլը (օրինակ՝ «Մշակ», «Հորիզոն», «Արձագանք», «Արարատ») դառնում էր ոչ միայն տեղեկատվական հարթակ, այլև ազգային ինքնության պահպանման գործիք։ Մամուլը սատարում էր կրթական ծրագրերին, ծավալում էր հրապարակային քննարկումներ, հարթակ էր ստեղծում ազգային առաջնորդների, գրողների և մտավորականների համար։ Բացի մամուլից, Թիֆլիսում և Բաքվում ձևավորվում էին մշակութային-հասարակական կազմակերպություններ (բարեգործական միություններ, թատերական խմբեր, երաժշտական ընկերություններ), որոնք ուժեղացնում էին հայկական ինքնագիտակցությունը։

Սոցիալական հարաբերություններ և ինքնագիտակցություն

Անդրկովկասի հայ համայնքը համեմատաբար բազմաշերտ էր։ Կային խոշոր հարուստ շերտեր՝ նավթային մագնատներ, խոշոր առևտրականներ, հողատերեր։ Կային նաև միջին դաս՝ մանր առևտրականներ, արհեստավորներ, ծառայողներ, մտավորականներ, ուսուցիչներ։ Բնականաբար մեծ էր նաև գյուղական զանգվածը, որն ապրում էր սոցիալական ծանր պայմաններում։Դասակարգային բևեռացումը, ինչպես ռուսական կայսրությունում ընդհանուր առմամբ, այստեղ նույնպես սուր էր։ Գյուղացիությունը հիմնականում զբաղված էր գյուղատնտեսությամբ և տառապում էր հողի պակասից, հաճախ էլ դառնում էր քաղաքային աղքատ շերտի համալրողը։ Միևնույն ժամանակ, քաղաքներում ձևավորվող միջին խավը ավելի կրթված էր, իսկ վերին խավը՝ կապիտալով և ազդեցությամբ զինված։ Այնուամենայնիվ, հայ ինքնագիտակցությունը ձևավորվում էր ոչ թե դասակարգային, այլ նախ ազգային մշակութային հիմքով։ Ազգային ինքնագիտակցության զարգացմանը նպաստում էին գրականությունը, մամուլը, կրթական գործունեությունը և կուսակցական գաղափարները։

Անդրկովկասի հայերի համար ազգային հարցը միաժամանակ քաղաքական և մշակութային էր։ Նրանք ձգտում էին պահպանել լեզուն, եկեղեցին, դպրոցը և մշակույթը, բայց նաև ցանկանում էին քաղաքական որոշումների մասնակցություն և ազգային ինքնավարություն։ Սա նրանց դնում էր հակասության մեջ՝ ռուսական կայսրության ինտեգրացիոն քաղաքականության հետ։Անդրկովկասի հայ գործիչները փորձում էին միաժամանակ հավատարիմ մնալ կայսրության սահմանադրական հնարավորություններին (օրինակ՝ մասնակցություն Դումային) և պաշտպանել Օսմանյան կայսրությունում տառապող արևմտահայությանը։ Այդ բարդ երկակի դերը, մի կողմից, ուժեղացնում էր համահայկական ինքնությունը, մյուս կողմից՝ բերում էր ծանր պատասխանատվության և արտաքին ճնշման։

Նոր սերնդի ծնունդն ու մտավորականության դերը

19-րդ դարի երկրորդ կեսից Անդրկովկասի հայ համայնքում սկսեց ձևավորվել նոր հասարակական շերտ՝ ինտելիգենտցիան։ Նրանք ծնունդ էին առնում կրթության ընդլայնման, արևմտյան և ռուսական համալսարանների ազդեցության, ինչպես նաև համաշխարհային գաղափարական շարժումների ներթափանցման արդյունքում։ Ի տարբերություն ավանդական հոգևորականության կամ վաճառականության, նոր ինտելիգենտցիան կենտրոնանում էր ոչ միայն կրթության և մշակույթի վրա, այլ նաև քաղաքական փոփոխությունների հրատապության վրա։ Դրանց շարքում էին դպրոցների ուսուցիչներ, իրավաբաններ, լրագրողներ, գրողներ, բժիշկներ և ուսանողներ։

Մտավորականության այս նոր սերունդը սկսեց կրել ազգային հարցի քաղաքականացման նախաձեռնողի դեր, ինչը արմատապես փոխեց հայ հասարակության ուղենիշները։ Եթե նախորդ շրջանում ազգային ինքնության պահպանման հիմնական հենասյունը եկեղեցին էր, ապա այս փուլում առաջին պլան անցան աշխարհիկ կրթությունը, մամուլը և քաղաքական շարժումները։

Անդրկովկասում և ընդհանրապես ռուսահայ միջավայրում առանձնանում էին այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Միքայել ՆալբանդյանըՌափայել ՊատկանյանըԳաբրիել ՍունդուկյանըՄեսրոպ ՏաղիադյանըՀրաչյա ԱճառյանըԱվետիք ԻսահակյանըԱրամ ՄանուկյանըՔրիստափոր ՄիքայելյանըՍտեփան ԶորյանըՍիմոն ԶավարյանըՍտեփան ՇահումյանըՀակոբ ԶավրյանըԳրիգոր ԶոհրապըՀովհաննես Քաջազնունին և ուրիշներ։

Նալբանդյանը համարվում էր ազատագրական գաղափարախոսության առաջին խոշոր նախահայրերից, ով քարոզում էր լուսավորության միջոցով ազատության հասնելու ճանապարհը՝ չբացառելով նաև զինյալ պայքարի անհրաժեշտությունը։ Նրա «Իտալացի երգչի երգը» դարձավ ազգային ազատագրության գեղարվեստական և գաղափարական մանիֆեստ։Մեսրոպ Տաղիադյանը և Ռափայել Պատկանյանը կարևոր դերակատարում ունեցան մամուլի և գրականության զարգացման գործում, ինչի շնորհիվ ձևավորվում էր ազգային ինքնագիտակցություն և քաղաքական պահանջատիրության մթնոլորտ։ Գաբրիել Սունդուկյանը, ի դեմս իր դրամատուրգիայի, ձևավորեց նոր քննադատական հասարակական հայացք՝ ցույց տալով հայկական միջին խավի կաշկանդվածությունը և հոգեբանական բախումները, Րաֆֆին ոչ միայն նոր խոսք ասաց հայ արձակի միջավայրում, այլև նոր մակարդակի բաձրացրեց հայ քաղաքական միտքը և որի աշխատություններն էլ հիմք դարձան հայ առաջին քաղաքական կուսակցության՝ Հնչակյանների հիմնադրման առումով։ Դաշնակցության հիմնադիրները՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը, օրինակելի կերպով համադրեցին ազգային հարցը և սոցիալիստական տեսլականը, դնելով կուսակցական նոր կառուցվածքի հիմքը։ Ստեփան Շահումյանը և նրա շրջապատը հետագայում դարձան բուն հեղափոխական շարժման ղեկավարներ՝ կրելով մարքսիստական ազդեցությունը և փորձելով համադրել դասակարգային պայքարը ազգային հարցի հետ։

Ազգային հարցի քաղաքականացման հիմքում ընկած էին մի քանի խորքային դրդապատճառներ, որոնց շարքում ՝ Արեւմտյան և ռուսական լիբերալ ու սոցիալիստական գաղափարների ներմուծումը, որի հետևանքով հայ երիտասարդությունը ծանոթանում էր Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխություններին, իտալական և հունական ազատագրական շարժումներին, ֆրանսիական 1848 թ․ հեղափոխությանը, ինչպես նաև ռուս նարոդնիկների շարժումներին, հայկական գյուղացիության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը․հարկային ծանր բեռները, հողազրկումը և տեղային բյուրոկրատիայի ճնշումները նպաստում էին դժգոհության աճին, Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները և պարբերական ջարդերը, որոնք խորացնում էին ընդհանուր ազգային վախի և պաշտպանական մտայնության մթնոլորտը, Անդրկովկասի ազգային մրցակցությունը, հատկապես Թիֆլիսում և Բաքվում, որտեղ հայերը ստիպված էին մրցել մյուս ժողովուրդների հետ տնտեսական և քաղաքական ազդեցության համար։

Այս շարժառիթների հիման վրա ձևավորվեց մի մտայնություն, ըստ որի ազգային գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքական ու զինված պայքար և որը ըստ էության միաձայն ընդունվեց հայկական քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք շատ արագ ձևավորեցին սեփական զինված ջոկատները, որոնք գործունեություն ծավալեցին ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլև Արևելյան Հայաստանում։ Ըստ էության դա էր նաև խոշոր տարբերությունը Եվրոպայի ու տեղական միջավայրի միջև։ Եվրոպական կուսակցությունների պարագայում ընդունված չէր զինված ջոկատներ ունենալը։ Այդ կուսակցությունները գործում էին օրինական դաշտում, մասնակից էին քաղաքական գործընթացներին և ըստ էության զինված ջոկատներ պահելու կարիք չէին զգում։ Նրանք մեծ մասամբ ապրում էին ազգային պետություններում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Սերբիա և այլն, կամ առնվազն ազգային ուժեղ շեշտադրումներով հասարակություններում, որոնք թեև ենթակա, բայց անհամեմատելի ուժեղ ազգային միջավայր ունեին, ինչպես օրինակ լեհերը, չեխերը, հունգարացիները, սերբերը Ավստրո-Հունգարական Կայսրությունում։ Իհարկե Եվրոպայում ևս հաճախ էր պատահում որ անարխիստական առանձին խմբեր հաճախ փորձ արել են անհատական ահաբեկչությամբ որոշակի հարցեր բարձրացնել, բայց դրանք համընդհանուր տարածում չունեին,  ի տարբերություն հայկական կուսակցությունների, որոնք ստիպված էին քաղաքական-գաղափարական պայքարը համատեղել ռազմականի հետ։

Կուսակցությունների ձևավորման միջավայրը

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Անդրկովկասում ձևավորված միջավայրը հակասական էր։ Մի կողմից, ինտելիգենտցիայի ներսում տարածվում էր ազատության և սոցիալական արդարության գաղափարական բերկրանքը, ստեղծվում էին ուսանողական խմբակներ, ընթերցասրահներ, գաղտնի հավաքներ, մյուս կողմից, տեղի բնակչության մեծ մասը դեռևս ապրում էր ավանդական համայնքային կառուցվածքի մեջ՝ չունենալով ձևավորված քաղաքացիական գիտակցություն և դասակարգային ինքնություն։ Մի իրավիճակ, որ զայրույթով նկարագրում էին ժամանակի հզոր մտավորական դեմքերը՝ Րաֆֆի, Մ․ Նալբանդյան, Գր․ Արծրունի, Շիրվանզադե և այլն։

Արդյունքում, կուսակցությունները հաճախ առաջանում էին ինտելիգենտ խմբերի նախաձեռնությամբ, իսկ զանգվածների ներգրավումը մնում էր սահմանափակ։ Սա նաև պատճառ էր, որ կուսակցությունների առաջնորդները ստիպված էին միաժամանակ զբաղվել գաղափարական լուսաբանմամբ և գործնական կազմակերպչական աշխատանքով՝ պաշտպանական ջոկատների ձևավորումից մինչև թռուցիկների տարածում։ Ինտելիգենտցիայի ներսում տիրում էր ընկալումների պառակտում՝ կապված պայքարի ձևի և նպատակների հետ։ Միհատվածը հավատում էր, որ կարելի է հասնել ազգային իրավունքների ու բարեփոխումների՝ գործելով ռուսական սահմանադրական միապետության շրջանակում, օրինակ՝ մասնակցելով Դումայի ընտրություններին և փորձելով ներսից բարեփոխումներ պարտադրել, մինչդեռ մյուսները կողմնակից էին առավել ռադիկալ միջոցների՝ զինված ապստամբություններին, գաղտնի գործողություններին և կազմակերպված ինքնապաշտպանությանը։ Դաշնակցությունը հենց այս մոտեցման հետևորդն էր՝ քարոզելով միաժամանակ ազգային ինքնապաշտպանություն և սոցիալական հեղափոխություն։ Երրորդ շերտը ձգտում էր համադրել մշակութային-լուսավորական գործունեությունը քաղաքական պահանջատիրության հետ՝ հավատալով, որ կրթական առաջընթացն ինքնին կմղի հասարակությանը դեպի ազգային ազատագրություն։ Այս հակասությունները, թեև հաճախ բերում էին կոնֆլիկտների, միաժամանակ ապահովում էին գաղափարական բազմազանություն և ստիմուլավորում կուսակցական դաշտի զարգացումը։ Քիչ չէին սխալներն ու վրիպումները, ինչպես նաև քաղաքական ծրագրերի անիրատեսական միամտությունները։ Դա հասկանալի թերություն էր։ Հայկական կուսակցությունները առաջինն էին իրենց տեսակով, չունեին նախադեպը և ստիպված էին գործել նաև տետեսական բարդ և պետական հալածանքների շրջանում։ Այդ ամենը թեև անհավանական ուժեղ դարձրեց կուսակցությունների ապրելու կամքը, միաժամանակ նրանց ստիպեց իրենց ուշադրությունն ավերջ այս հարցից տեղափոխել ուրիշ հարցերի վրա՝ հնարավորություն չունենալով կենտրոնանալ որևէ կոնկրետ խնդրի վրա։ Միաժամանակ կուսակցությունները նաև անհաշտ պայքար մղեցին մեկը մյուսի դեմ՝ կրելով հայկական մասնատված հասարակական-քաղաքական կյանքի ողջ հիմնական ծանրությունը։

Ինտելիգենտցիայի և երիտասարդության դերը Անդրկովկասի քաղաքական կյանքում բացառիկ նշանակություն ունեցավ․ նրանք տեղափոխեցին ազգային հարցը մշակութային հարթակից դեպի հստակ քաղաքական դաշտ՝ ստեղծելով կուսակցական համակարգ, որի հիմքում դրված էին ազգային ինքնորոշման, սոցիալական արդարության և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։ Նրանց անձնվեր և երբեմն ռոմանտիկ գործունեությունը ծնեց նոր քաղաքական հոսանքներ, որոնք շարունակում էին գոյություն ունենալ նույնիսկ խորհրդային տարիներին և անկախության շրջանի պայքարներում։Անդրկովկասի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ապրում էր սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային բարդ փոխազդեցությունների դաշտում։ Տնտեսական առաջընթացը և կրթության ընդլայնումը ուժեղացնում էին ազգային ինքնագիտակցությունը, սակայն միևնույն ժամանակ, ռուսական վարչական սահմանափակումները և սոցիալական անհավասարությունը արգելակում էին այդ զարգացման ամբողջական արտահայտումը։ Այս միջավայրը պատրաստում էր հայ քաղաքական կուսակցությունների նոր սերնդին, որը փորձում էր համադրել եվրոպական գաղափարները, ռուսական փորձը և տեղական առանձնահատկությունները՝ հաճախ հայտնվելով ներքին ու արտաքին ճնշումների արանքում։

Արայիկ Մկրտումյան

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *