Հայաստան

Պատասխանատվություն Եվ Փախուստ

Ադրբեջանը, լինելով խիստ բռնապետական ռեժիմով երկիր, իր մտահոգություններն ունի խաղաղության հետ կապված։ Եթե հայ-ադրբեջանական խաղաղությունը կնքվի, ապա Ալիևը լուրջ խնդիր է ունենալու երկրում իշխանությունը պահելու հետ կապված։

Կայծ Մինասյան

1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Աբու Դաբիում, Բրյուսելու և Փարիզում, ինչպես նաև որոշ դիտարկումներ արվել ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձի հետ կապված։

Քաղաքագետը նշել է, որ Աբու Դաբիի հանդիպումը վկայում է կողմերի միջև գոյություն ունեցող որոշակի վստահության մասին։ Իհարկե դա չի խոսում այն մասին, որ խաղաղությունն արդեն ստորագրված է, բայց կարևոր է այն, որ երկխոսություն կա ու այդ երկխոսությունն անցկացվում է ամերիկյան հովանավորչությունը վայելող վայրում։ Այս պահին, որքան էլ որ դա զարմանալի հնչի, բայց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի շահերի համընկնում է նկատվում»։ Ինչ որ առումով նաև Վրաստանի, բայց ավելի շատ Ադրբեջանի ու Հայաստանի։ Այս պահին երկու պետություն են շատ մեծ չափով ներգրաված Երևանի ու Բաքվի երկխոսություններում՝ Թուրքիան ու Ֆրանսիան, երկուսն էլ անընդհատ հանդիպումներ ու զրույցներ են ունենում համապատասխանաբար Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Ադրբեջանը ևս ձգտում է Եվրոպա, որովհետև ռուս-իրանական զինակցությունը սպառնում է նաև իրեն, իսկ Եվրոպան, որը զգում է Ադրբեջանի կարիքը որպես տարանցիկ կարևոր երկիր, փորձում է անել հնարավորը, որպեսզի Երևանի ու Բաքվի միջև այդ երկար սպասված խաղաղությունը կայանա։ Բայց ամեն ինչ միանգամից ու հեշտ չի լինելու։ Երեսունամյա թշնամանքը, փոխադարձ տրավմաները դեռ զգացնել են տալու իրենց:

Քաղաքագետը նաև խոսեց այն մասին, որ Ադրբեջանը, լինելով խիստ բռնապետական ռեժիմով երկիր, իր մտահոգություններն ունի խաղաղության հետ կապված։ Եթե հայ-ադրբեջանական խաղաղությունը կնքվի, ապա Ալիևը լուրջ խնդիր է ունենալու երկրում իշխանությունը պահելու հետ կապված։ Սա ևս կարևոր մի պահ է։

Կայծ Մինասյանը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում է զուտ հայկական քաղաքական համակարգ ստեղծել, մի բան, որը Հայաստանում երբեք չի եղել։ Եղել է օտար, պարտադրված, բայց ոչ հայկական։ Փաշինյանի կողմից այդ քայլը կարևոր նշանակություն է ունենալու քաղաքական էթիկայի առումով՝ պատասխանատվության դաշտ մտնելու համար։ Ինչո՞ւ մինչև հիմա դա չի եղել, որովհետև չի եղել նաև հենց հայկական քաղաքական միջավայր։ Այսօր հենց այդ պատասխանատվությունից փախչելու դադարի մասին է խոսքը, հասկանալու պետության լրջությունը, հասկանալու, որ պետությունն անհատների միջոցով չի ստեղծվում այլ ինստիտուտների։ Այդ միջավայրի բացակայությունն իրեն զգացնել է տվել ամեն առումով։ Հայը պատրաստ է ընդունել ու կատարել ռուս, ամերիկացու, ֆրանսիացու օրենքները, բայց Հայաստանի պարագայում նա իրեն վեր է դասում օրենքից, նա իրեն հայտարարում է ինչ որ խմբի գաղափարակից և վերջ՝ նա վեր է ամեն ինչից։ Քաղաքագետը օրինակ բերեց Ֆրանսիան, որտեղ դեռ շատ տասնամյակներ առաջ ընդունված օրենքի համաձայն՝ զրպարտությունը հանցանք է համարվում ու եթե Հայաստանը Ֆրանսիայի օրինակով դիտենք, ապա գեղամ մանուկյաններն ու իշխան սաղաթելյանները պիտի խիստ պատժ ենթարկվեին արդեն յոթ տարի առանց ապացույցների դավաճան գոռալու համար։ Մինասյանը նաև նշեց, որ ցավով է հիշում վերջերս ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, դաշնակցական Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ը սրբազան պոռթկում էր։ Ու դա այն դեպքում, երբ տարիներ առաջ հենց ինքը հայտարարում էր, որ Հոկտեմբերի 7-ի հետ կապ չունեն, իսկ հիմա ասես հպարտանում է դրանով։

Կայծ Մինասյանը նաև համոզմունք հայտնեց, որ ԵՄ ընթացքի շարունակման պարագայում, ԵՄ ստանդարտներին համապատասխանելուց առաջ նախ պետք է, որ հայը ներքին առումով փոխվի, դառնա քաղաքացի, դուրս գա այդ փախստականի, գաղութային մարդու սկզբունքներից։

Ամբողջական հարցազրույցը՝

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *