Հայաստան

Ադրբեջանը Ժամանակ Է Ձգձգում

Ռուսաստանի արձագանքը միանշանակ լինելու է բացասական, կարծում եմ, որ այն զարգացումները, որ ունենք հիմա ռուս-ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերություններում, նաև կապ ունեն այս առաջարկի ու այս առաջարկի վերաբերյալ կողմերի արձագանքի հետ:

Սամվել Մելիքսեթյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը

– Պարո՛ն Մելիքսեթյան, Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ Սյունիքով անցնելիք ճանապարհի արտապատվիրակման հարցը համեմատել է «Զվարթնոց» օդանավակայանի հետ, որտեղ կար ռուսական ներկայություն: Շատ քննարկվեց այս համեմատությունը տարբեր մակարդակներում, ձեր գնահատականը կխնդրեմ, ի՞նչ է ենթադրում արտապատվիրակում ասվածը:

– Հստակ գնահատական տալու համար պետք է ամերիկյան առաջարկության մեկ օրինակ ինձ մոտ լիներ: Բայց, ինչպես հասկանում եմ, այդ առաջարկը ոչ թե հստակ կետերով, բոլոր հարցերին լուծում տվող առաջարկ է, այլ ամերիկյան մասնավոր ընկերություն ստեղծելու, որը կզբաղվի ճանապարհաշինությամբ, ճանապարհի ֆունկցիոնալության ապահովմամբ, այսինքն՝ եթե հետագայում դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ լինեն, այդ ծառայությունները կիրականացնի, երրորդը՝ անվտանգություն, որովհետև ադրբեջանցիները բազմիցս են մտահոգություն հայտնել, որ Հայաստանով անցնելիս իրենց կքարկոծեն, կկրակեն, կսպանեն և այլն: 

Հիմա կա այդ ամերիկյան առաջարկը, որը նման է 2022 թվականին արտապատվիրակմանը շվեյցարական ընկերությանը, բայց սահմանային բոլոր ընթացակարգերը լինելու են Հայաստանի բոլոր կանոններին ու պահանջներին համապատասխան, հետևաբար դա չի կարող դիտարկվել որպես միջանցք: 

Ինձ հայտնի տեղեկություններով՝ ամերիկյան այդ հայտնի առաջարկը 100 տարով չի եղել, ինչպես նշեց Բարաքը, շատ ավելի կարճ ժամանակի մասին է խոսքը եղել, բայց, իհարկե, սա հում առաջարկ է, ու կա մի կարևոր գործոն, որ ադրբեջանական կողմը հազիվ թե այս առաջարկին համաձայնի, որովհետև դա իրեն ձեռնտու չէ տարբեր պատճառներով:

– Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

– Ըստ իս՝ Ադրբեջանի համար նույնիսկ «միջանցքի» հարցն այնքան կարևոր չէ, որքան իրավիճակը պահել այնպես, ինչպես կա, այսինքն՝ փակ սահմաններ, որովհետև, իմ ընկալմամբ, Ադրբեջանը չունի վստահություն, որ այս գործընթացը երկարաժամկետ է, ու Հայաստանում ընտրություններից հետո չեն լինի ներքին կամ արտաքին փոփոխություններ: 

Ադրբեջանն ունի մտահոգություն՝ կապված ռուսական կողմի արձագանքի հետ, եթե այստեղ ինչ-որ ձևով Ռուսաստանը շրջանցող կոմունիկացիաներ բացվեն, ու բացի այս ամենից՝ Ադրբեջանը նաև մի մտահոգություն ունի. այս փուլում կոմունիկացիաները բացելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը նշանակում է, որ բացվում է նաև հայ-թուրքական սահմանը, որից հետո հետքայլ անելը շատ դժվար է լինելու: 

Քանի որ Ադրբեջանն այսօր, ի տարբերություն Հայաստանի, բոլոր առումներով բավականին լավ դիրքում է գտնվում, չունի այդ կոմունիկացիաների բացման կարիքը, որքան Հայաստանն ունի: Իմ պատկերացմամբ՝ այս բոլոր գործոններն ազդում են, որ Ադրբեջանը այս գործընթացը ավելի շատ հետաձգի, քան կոնկրետ լուծումներ տա, բայց այս հանդիպումներով նրանք նաև փորձում են որոշակի առաջընթաց գրանցել, որպեսզի լինի դրական փոփոխություն, որպեսզի դա ազդի Հայաստանում ներքին տրամադրությունների վրա, ու գալիք տարի ընտրություններում իրենց համար անցանկալի զարգացումներ չլինեն: 

Այսպիսով, Ադրբեջանը հիմա ավելի շատ ժամանակ է շահում, որպեսզի տեսնի, թե ինչպես կզարգանան աշխարհաքաղաքական իրադարձությունները ու նաև հնարավորինս թանկ վաճառի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը արտաքին ուժերի վրա: 

Եթե հայ-ամերիկյան կազմակերպության այդ լուծումը լիներ, ապա այն հայկական կողմի համար շատ ավելի բարենպաստ կլիներ, օրինակ՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական երաշխիք կլիներ։ Իհարկե, դա ԱՄՆ-ի ռազմական ներկայություն չէ Հայաստանի տարածքում, բայց լուրջ փոփոխություն է այն պատկերի, որ մենք ունենք, նաև ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայացվածություն տարածաշրջանում: Ամենևին պատահական չէ, որ Հայաստանն ավելի դրական է տրամադրված այս առաջարկի նկատմամբ, ու հիմա հիմնական խնդիրը Ադրբեջանինն է: 

– Պարո՛ն Մելիքսեթյան, ենթադրենք՝ Ադրբեջանը համաձայնում է այս առաջարկին, այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի Իրանի ու Ռուսաստանի արձագանքը:

– Իրանի դեպքում խնդիրն ավելի մեղմ է, ու Իրանի հետ այդքան խնդիրներ չեն առաջանա: Ռուսաստանի արձագանքը միանշանակ լինելու է բացասական, կարծում եմ, որ այն զարգացումները, որ ունենք հիմա ռուս-ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերություններում, նաև կապ ունեն այս առաջարկի ու այս առաջարկի վերաբերյալ կողմերի արձագանքի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.am

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *