Քոչարյանը, սակայն, կադրային շատ անսպասելի եւ արտառոց փոփոխություն կատարեց. ՆԳ նախարարի պաշտոնում Արմեն Իսագուլովի փոխարեն նշանակվեց Սամվել Բաբայանի ավագ եղբայր Կարեն Բաբայանը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 40-րդ
1996 թվականի աշնանը Հայաստանի եւ ԼՂՀ նախագահի ընտրությունները ժամանակային առումով անցան մոտ երկու ամսվա տարբերությամբ: Երեւանում ծավալվող դրամատիկ մրցապայաքարում, որի կողմերը գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն էին, պաշտոնական Ստեփանակերտն առերեւույթ հանդես էր գալիս որպես Տեր-Պետրոսյանի աջակից: Այդ վերաբերմունքը քվեարկությունից մոտ մեկ շաբաթ առաջ վերջնական տեսքի բերվեց «Արմենսպրեսին» Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցով: Այն ակնհայտորեն կազմակերպված էր եւ նպատակ ուներ կոտրել Երեւանում տարածված քարոզչությունը, որ ղարաբաղյան պատերազմում բեկում է մտել այն փուլում, երբ պաշտպանության նախարարի պաշտոնից Վազգեն Սարգսյանը հրաժարական է տվել եւ նրա փոխարեն նշանակվել է Վազգեն Մանուկյանը:
Հայաստանի ընդդիմության քարոզչությունը հատկապես կառուցված էր այն թեզի վրա, որ Վազգեն Մանուկյանի կողմից է մշակվել եւ ղեկավարվել Քելբաջարի եւ Աղդամի ազատագրման ռազմագործողությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հերքեց այս քարոզչակաղապարը եւ հստակ ձեւակերպեց, որ Քելբաջարի ռազմագործողության մշակման եւ կառավարման գործում «Վազգեն Մանուկյանի ներդրումը չնչին է»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունից օրեր առաջ նա հրամանագիր ստորագրեց զինվորական կոչումներ եւ պետական պարգեւներ շնորհելու մասին: Պաշտպանության բանակի մի քանի սպաներ արժանացան գեներալի, իսկ Մոնթե Մելքոնյանը եւ Յուրի Պողոսյանը՝ հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Հայաստանի վիճահարույց ընտրություններից կարճ ժամանակ հետո ԼՂՀ-ում նշանակվեցին նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններ:
Թեկնածուներ առաջադրվեցին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Բորիս Առուշանյանը: Վերջինս Պաշտպանության պետական կոմիտեում զբաղեցրել էր Ռոբերտ Քոչարյանի առաջին տեղակալի պաշտոնը: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձանց կազմում ներգրավվեց նաեւ ՊԲ հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Սեյրան Օհանյանը: Մինչ այդ նա քաղաքական շրջանակներին գրեթե անծանոթ էր, ուներ պատերազմում ծանր վիրավորում ստացած, բայց շարքերը չլքած կադրային զինվորականի համարում: Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչությունն անցնում էր պետական-վարչական ռեսուրսի, բանակի, ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության տոտալ ներգրավմամբ: Թեկնածուն ինքը նախընտրել էր փակ հանդիպումների տարբերակը, առաջնահերթություն տվել պաշտպանական շրջաններում գործող զինվորականության եւ նախկին աշխարհազորայինների հետ գործնական շփումներին:
Այդ ընթացքում ՆԳ եւ ԱԱԾ մարմիններն իրականացրին ապօրինի զենքի եւ զինամթերքի հայտանբերման եւ առգրավման մի քանի զանգվածային գործողություններ: Հրադադարից երկու տարի անց հարյուրավոր նախկին աշխարհազորայինների տներում եւ օժանդակ շինություններում անցկացվեցին մանրակրկիտ խուզարկություններ, առգրավվեցին հրաձգային զենքեր, նռնակներ, պայթուցիկ սարքավորումներ, անգամ նռնականետեր եւ գնդացիրներ: Բուն քվեարկությունն անցավ կատարյալ հանգստության պայմաններում եւ արձանագրեց միանգամայն կանխատեսելի արդյունքներ. նախագահի պաշտոնում ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Ութ տարվա քաղաքական կյանքում դա նրա առաջին հաջողությունն էր, որ, սակայն, չափազանց խնդրահարույց կլիներ, եթե Քոչարյանին չսատարեր Հայաստանի իշխանությունը, նրա թիկունքը չապահովեին Պաշտպանության բանակը, ՆԳ նախարարությունը եւ ԱԱԾ-ն, ինչպես նաեւ տասնյակ նախկին դաշտային հրամանատարներ, որ պատերազմ անցած լինելով՝ դեռեւս իրենց բնակավայրերում հեղինակություն էին եւ ձեւավորվում էին որպես ստեղծվող վարչա-հրամանատարական համակարգի մաս եւ նրա ուժային հենարան: Ստանձնելով նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանը կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակեց Լեոնարդ Պետրոսյանին, Սամվել Բաբայանը պահպանեց պաշտպանության, Արկադի Ղուկասյանը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Քոչարյանը, սակայն, կադրային շատ անսպասելի եւ արտառոց փոփոխություն կատարեց. ՆԳ նախարարի պաշտոնում Արմեն Իսագուլովի փոխարեն նշանակվեց Սամվել Բաբայանի ավագ եղբայր Կարեն Բաբայանը: Պատերազմի տարիներին Կարեն Բաբայանը հատուկ նշանակության գումարտակի հրամանատար էր եղել, այդ պահին էլ զինվորական ծառայության մեջ էր: Հանրությունն այդ նշանակումը հիմնականում բացասական ընդունեց: Տպավորություն էր, որ ուժային համակարգը կենտրոնանում է Բաբայան եղբայրների ձեռքում, հաստատվում բացարձակ ռազմա-ոստիկանական իշխանություն, որտեղ քաղաքական ուժերը եւ անհատները, ինչպես նաեւ պետական պաշտոնեությունը միայն արտաքին աչքի համար է:
(շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
