Հայաստան

Բաքուն Փորձելու Է Խանգարել

Մենք տնտեսական և ենթակառուցվածքային շրջափակման մեջ ենք արդեն ավելի քան 30 տարի, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվեն ու փաստաթուղթ չլինի, այդ շրջափակումը շարունակվելու է։

Արմեն Պետրոսյան

«ԱՄՆ-ի առաջարկի մասին հստակ տեղեկատվություն որպես այդպիսին չկա, բայց որքանով ես եմ տեղեկացված՝ դեռևս բանակցություններն ընթանում են, այսինքն՝ այնպես չէ, որ հնչել է առաջարկ, այն քննարկվել է, մերժվել է և գործընթացը վերջացել է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ունի որոշակի հետաքրքրություն մեր տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման թեմայի հետ կապված․ «Թեպետ հայկական կողմից նշվեց, որ ՀՀ-ն մերժել է ներկայացված առաջարկը, բայց կարծում եմ, որ այդ մերժման պատճառներից մեկն էլ թերևս Ադրբեջանի  կողմից շարունակվող միջանցքային տրամաբանությամբ ակնկալիքներն են, որոնք անընդունելի են Հայաստանի համար և քանի որ գործընթացը եռակողմ է, չի բացառվում, որ ԱՄՆ-ի ներկայացրած նախագիծը պարունակում է նաև որոշակի ադրբեջանական կողմի ակնկալվող դիտանկյուններ և սա է պատճառը, որ հայկական կողմն այս պահին չի ընդունել ներկայացված առաջարկը։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի սպասել ամերիկյան կողմից նոր առաջարկների, որոնք դարձյալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հավելյալ քննարկումների արդյունքում գուցե ավելի ընդունելի լինեն»։ 

Արմեն Պետրոսյանն առանձնացրեց մեկ կարևոր հանգամանք․ «Կարևոր հանգամանք է Ադրբեջանի հակվածությունը՝ որևէ կերպ թույլ չտալ  երրորդ և հատկապես արևմտյան դերակատարի ներգրավվածություն այս ողջ գործընթացում, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ճանապարհը հենց միջանցքային տրամաբանությամբ։ Քանի դեռ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը հնարավորություն տալիս է Ադրբեջանին, նա փորձելու է պնդել հենց միջանցքային տրամաբանությամբ լուծումը»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն տեսնում է ԱՄՆ-ի փորձերը՝ միջամտելու տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին՝ Պետրոսյանը նշեց․ «Ռուսական ներգրավվածությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա է, այնտեղ այդ ներգրավվածությունը որոշակի անվտանգային գործառույթներ ապահովելու համատեքստում է, իսկ ԱՄՆ-ի պարագայում, որքանով առկա է հասանելի տեղեկատվություն՝ ավելի բիզնես համատեքստում է։ Բովանդակային տարբերություն միանշանակ առկա է, իսկ Զախարովայի հայտարարությունները ևս տրամաբանական են, որովհետև այս աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում փաստացի Ռուսաստանը կորցնում է հերթական խաղաթուղթը, որը նրան հնարավորություն էր տալիս Հարավային Կովկասում որոշակի ազդեցություն ունենալ, ընդ որում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Թուրքիայի վրա։ Քանի որ ականատես ենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում՝ նաև հաշվի առնելով ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջացած խնդիրները, այլևս չի խոսում նոյեմբերի 9-ով ապաշրջափակման մասին, հիմա ՌԴ-ն ունի որոշակի բարդություններ»։

Արմեն Պետրոսյանը նաև նկատեց, որ այս պահին Ադրբեջանը փորձում է բոլոր հնարավոր գործիքակազմով ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը շտապի և գնա պայմանավորվածության Ադրբեջանի հետ․ «Մենք տնտեսական և ենթակառուցվածքային շրջափակման մեջ ենք արդեն ավելի քան 30 տարի, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվեն ու փաստաթուղթ չլինի, այդ շրջափակումը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Ալիևի քաղաքական մեկուսացման մասին հայտարարությանը, ապա Ադրբեջանը փորձելու է օգատգործել այս համաձայնության չկայացումը՝ ներկայացնելով որպես ՀՀ-ի կողմից ապակառուցողական մոտեցում։ ԱՄՆ-ի հետ քննարկումների ընթացքում բնականաբար իրենք հենց Հայաստանի դիրքորոշումն են ներկայացնելու որպես այս ծրագրի տապալման հիմնական պատճառ, այլ ոչ թե իրենց մաքսիմալիստական պահանջները։ Ադրբեջանը փորձելու  է ցանկացած կառուցողական առաջարկ իր նոր պահանջներով արգելափակել»։

Աննա Բզնունի

Աղբյուրը՝zarkerak.am https://zarkerak.am/show/133824

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *