Կան զորամիավորումներ, որտեղ նկատելի են փոփոխությունները, կան զորամիավորումներ, որոնց դեպքում դեռևս ահռելի աշխատանք կա տանելու։ Օրինակ, եթե հրետանային զորամիավորումների դեպքում մեծածավալ գնումներ կան և կարելի է ասել, որ արդյունքը եթե լիովին գոհացուցիչ չէ, բայց բավարարում է, ապա զրահատանկային զորամիավորումների պարագայում լուրջ խնդիր ունենք։
Լեոնիդ Ներսիսյան
1inTV-ն զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2026թ․ բյուջեում ռազմական ծախսերը շուրջ 100 մլրդ դրամով կրճատելու տեղեկատվությունը։
Ռազմական փորձագետը նշել է, որ այս տարվա ռազմական բյուջեի կտրուկ ավելացման ֆոնին, եկող տարվա կրճատումն իհարկե նկատելի է։ Հասկանալի է, որ շուրջ 100 մլրդ դրամի կրճատումը տնտեսության վրա որոշակիորեն դրական կարող է ազդել, բայց նման կտրուկ կրճատումը խելամիտ չէ։ Հատկապես, որ մենք այս պահին դեռևս այն խաղաղ վիճակում չենք գտնվում, որ կարողանանք ապագայի հանդեպ վստահ լինել։ Տնտեսության աճին զուգահեռ ռազմական բյուջեի ավելացումը տրամաբանական է ու եթե կրճատման պահանջ կա, ապա կարելի էր դա անել երկու փուլով, որպեսզի նախ տարբերությունը կտրուկ չլինի և միաժամանակ տնտեսական աճի վրա ազդեցությունը շատ նկատելի կերպով չերևար։
Ներսիսյանն այն կարծիքը հայտնեց, որ մենք դեռևս բավական մեծ աշխատանքներ ունենք անելու և ոչ մի կերպ չի կարելի ասել, որ արել ենք ամեն ինչ, որպեսզի մոտակա տարիների համար գոնե գնումների մակարդակով աճը դադարեցվի։ Կան զորամիավորումներ, որտեղ նկատելի են փոփոխությունները, կան զորամիավորումներ, որոնց դեպքում դեռևս ահռելի աշխատանք կա տանելու։ Օրինակ, եթե հրետանային զորամիավորումների դեպքում մեծածավալ գնումներ կան և կարելի է ասել, որ արդյունքը եթե լիովին գոհացուցիչ չէ, բայց բավարարում է, ապա զրահատանկային զորամիավորումների պարագայում լուրջ խնդիր ունենք։ Այդ լուրջ խնդիրները լուծել է պետք։ Նույնպես մեծ աշխատանք կա կատարելու նաև ավիացիոն ու հակաօդային պաշտպանության ոլորտում։
Ներսիսյանը նշեց, որ ոչ մի կերպ չի կարելի կրկնել Վրաստանի օրինակը, որը ներկայումս ունի շատ փոքրաթիվ բանակ, որն ըստ էության չունի ծանր զենքեր, գրեթե բացակայում է ավիացիան և այլն։ Վրաստանում այն կարծիքին են, հատկապես 2008-ից հետո, որ իրենց հակառակորդն է մի երկիր, որի դեմ միևնույն է չեն կարողանալու պայքարել(նկատի ունեն Ռուսաստանը․ խմբ), ապա Հայաստանի դեպքում այդ իրավիճակը չէ։ Նաև չի կարելի պնդել, որ 2020-ի պատերազմն այնպիսի հարված է հասցրել, որ առնվազն մի քանի տասնամյակ է պետք ուշքի գալու համար։ Նման երկարատև վերականգնում եղել է երկրորդ համաշխարհայինից հետո, հիմա այս դեպքը չէ։ Միաժամանակ չմոռանանք, որ Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական բյուջեի ավելացումը, այլև ավելի է միլիտարիզացվում ու ընդլայնում զորավարժությունները։
Փորձագետն ասաց, որ զորավարժությունների մասին մեզանում ավելի քիչ են սկսել հրապարակավ խոսել, բայց ակներև է, որ համաբանակային մեծ զորավարժություններ չեն լինում ու եթե փոքր զորավարժությունների դեպքում հնարավոր է վաշտի ու գումարտակի պարագայում հասնել արդյունքների, ապա բրիգադի կամ կորպուսի պարագայում գուցե չստացվի։ Բանակը մարտունակ է դառնում կամ պատերազմի հետաևանքով, կամ զորավարժության, այլ տարբերակ չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
