Միջազգային

Անվերջ Տատանվող Թրամփը

Բացի «Տոմահավք»-ների շուրջ նախազգուշացումներից՝ Պուտինը, ըստ ամենայնի, կենտրոնացել է ոչ միայն Թրամփին, այլև նրա պահպանողական կողմնակիցներին գովելու վրա։ Նա ակնհայտորեն դիտարկում է Թրամփի կողմնակիցներին որպես դաշնակիցներ՝ այն պայքարում, որն ըստ Կրեմլի, Ռուսաստանն ունի Եվրոպայի և Վաշինգտոնի լիբերալ էլիտաների դեմ։

The New York Times

The New York Times․ Պուտինը կասկածում է, որ ԱՄՆ-ն «Տոմահավք» հրթիռներ կհանձնի Ուկրաինային։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինային հզոր թևավոր հրթիռների մատակարարման վտանգների մասին։ Սակայն նա միաժամանակ հավելել է, որ կասկածում է ու նման մատակարարումներ չի սպասում՝ ինչը դարձավ ևս մեկ ցուցանիշ, որ ռուս առաջնորդը շարունակում է հույս դնել նախագահ Թրամփի հետ ջերմ հարաբերությունների պահպանման վրա։ Եվ սա այն դեպքում, երբ Թրամփը խոչընդոտում է նրա պատերազմն ավարտելու հավակնություններին։

Փոխնախագահ Ջ. Դ. Վենսը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը կարող է համաձայնել ամերիկյան «Տոմահավք» հրթիռները վաճառել եվրոպական երկրներին, որոնք հետո դրանք կուղարկեն Ուկրաինա։

Պուտինը, հանդես գալով Ռուսաստանի արտաքին քաղաքականության տարեկան համաժողովում, ամերիկացի նախագահին բնորոշել է որպես մարդու, որը «սիրում է երբեմն շոկի ենթարկել», բայց նաև «կարող է լսել»։ Պուտինի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն իրապես մատակարարի Ուկրաինային «Տոմահավք» հրթիռներ, դա կհանգեցնի «էսկալացիայի որակապես նոր փուլին»։ Սակայն նա նաև կանխատեսել է, որ Թրամփը ի վերջո կմերժի Ուկրաինայի խնդրանքը՝ մասնավորապես իր վարչակազմի ներքին ուղղվածության պատճառով։

«Ես տեսնում եմ, որ այսօր էլ ԱՄՆ ղեկավարությունը հակված է վարել այլ քաղաքականություն՝ կենտրոնանալով ազգային զարգացման նպատակների իր ըմբռնման վրա», — ասել է Պուտինը։

«Տոմահավք» հրթիռների թռիչքի հեռավորությունը շուրջ 1500 մղոն է, ինչը յոթ անգամ ավելի է, քան այն ամերիկյան ATACMS համակարգերի հեռահարությունը, որոնք Ուկրաինան ստացել էր անցած տարի։ Սակայն «Տոմահավքը» նաև տեխնիկապես բարդ զինատեսակ է, որը ԱՄՆ զինված ուժերը ձգտում են պահել սեփական կարիքների համար։ Ուկրաինացի և արևմտյան վերլուծաբանները ևս կասկածում են, որ Թրամփի վարչակազմը կհամաձայնի այդ հրթիռների տրամադրմանը։

««Տոմահավք» հրթիռների ստացումը դժվար է պատկերացնել կանխատեսելի ապագայում», — նշել է Կիևում գործող անկախ հետազոտական «Նոր աշխարհաքաղաքականություն» ցանցի տնօրեն Միխայիլ Սամուսը։ Պուտինի մեկնաբանությունները ԱՄՆ-ի և Ուկրաինայի վերաբերյալ ամենածավալուններից էին այն պահից ի վեր, երբ նա օգոստոսին հանդիպեց Թրամփի հետ Ալյասկայում։ Դրանք ցույց տվեցին, որ Կրեմլի ռազմավարությունը՝ անտեսել Թրամփի սպառնալիքները՝ միաժամանակ գովաբանելով նրան, չի փոխվել։

Ռուս առաջնորդը, կարծես, նույնիսկ չէր շփոթվել Թրամփի կանխատեսումից, թե Ուկրաինան կարող է վերականգնել իր ամբողջ տարածքը՝ եվրոպական բավարար աջակցությամբ, ինչպես նաև նրա՝ Ռուսաստանի հասցեին արհամարհական արտահայտությունից, որ այն «թղթե վագր» է՝ Ուկրաինային դեռևս չկարողանալու պատճառով։ Պուտինը նախկինում էլ էր նախազգուշացրել, որ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր զինատեսակի տրամադրումը ավելի խոր կներքաշի Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ։ «Կվնասի՞ դա մեր հարաբերություններին, որոնցում մենք արդեն  թունելի վերջում լույս ենք տեսնում։ Իհարկե՝ կվնասի», — ասել է նա՝ պնդելով, թե եթե Ուկրաինան ստանար «Տոմահավք» հրթիռներ, ամերիկացի զինվորականները ստիպված կլինեին օգնել դրանց կիրառման հարցում։ Այնուհետև նա կրկին անդրադարձել է իր հաճախակի պնդմանը, թե Ռուսաստանի առավելությունը՝ ավելի մեծ թվով զինվորներ դաշտ դուրս բերելու կարողությունը, նշանակում է նրա վերջնական հաղթանակ, անկախ նրանից, թե ինչ զինատեսակներ կստանա Կիևը։ «Դա չի փոխի ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում», — ասել է Պուտինը։

Բացի «Տոմահավք»-ների շուրջ նախազգուշացումներից՝ Պուտինը, ըստ ամենայնի, կենտրոնացել է ոչ միայն Թրամփին, այլև նրա պահպանողական կողմնակիցներին գովելու վրա։ Նա ակնհայտորեն դիտարկում է Թրամփի կողմնակիցներին որպես դաշնակիցներ՝ այն պայքարում, որն ըստ Կրեմլի, Ռուսաստանն ունի Եվրոպայի և Վաշինգտոնի լիբերալ էլիտաների դեմ։ Պուտինը ցավակցություն է հայտնել պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս զոհվել է «նույն արժեքների համար պայքարելիս», ինչի համար էլ, ըստ նրա, կռվում են ռուս զինվորները Ուկրաինայում։

աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/10/03/world/europe/putin-trump-ukraine-tomahawk-missiles.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *