Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»


Հայտնի չէ, թե ով է տեսագրել Անվտանգության խորհրդի փակ նիստը, տեսնյութն ինչպես է հայտնվել Բաբայանի քաղաքական հակառակորդների տրամադրության տակ: Նույն օրերին համացանցում լայնորեն տարածվել է նաեւ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 75-րդ

Քառասունչորսօրյա պատերազմից կարճ ժամանակ հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ նոյեմբերի 7-ին մշակել է «Շուշիի ազատագրման օպերացիա»: Ըստ մտահղացման, պահեստազորայիններից եւ կամավորականներից կազմված հատուկ զորախումբը պետք է շրջանցեր Շուշին եւ փակեր այնտեղ գտնվող ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի թիկունքային ապահովության ճանապարհը: Բաբայանի մտահղացմամբ, այդ դեպքում հակառակորդն ստիպված կլիներ նահանջել, իսկ դա թույլ կտար, որպեսզի Ստեփանակերտից օժանդակ ուժերը մտնեին Շուշի: 

Այդ ռազմագործողությունը չի իրականացվել: Բաբայանի ասելով, պայմանավորված ժամին աշխարհազորային գումարտակներից մեկի հրամանատարն ասել է, որ ինքը «ստացել է այլ հրաման եւ պիտի պաշտպանի հանձնարարված դիրքերը»: Ո՞վ է նախապես Սամվել Բաբայանի հրամանատարությանը ենթարկված գումարտակի հրամանատարին «այլ հանձնարարություն տվել», իրակա՞ն է այդ պատմությունը, թե քառասունչորսօրյա պատերազմի հերթական «առասպելներից» մեկը, ոչ ոք ոչ միայն չի պարզաբանել, այլեւ նույնիսկ դրան չի անդրադարձել: 

Փոխարենը Սամվել Բաբայանի ընդդիմախոսները տարածել են տեսանյութ, որտեղ նա, լինելով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտարարում է, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Բաբայանը վկայակոչում է, որ Պաշտպանության բանակի զրահատեխնիկան եւ հրետանային միջոցները գրեթե լիովին սպառված են, հետագա դիմադրությունը ռազմական եւ քաղաքական առումով անիմաստ է: Ե՞րբ է գումարվել Արցախի Անվտանգության խորհրդի այդ նիստը՝ ստույգ հայտնի չէ, ինչպես նաեւ կասկածելի է, որ տարածված տեսանյութն ամբողջական է: Այդ ելույթում Բաբայանը նաեւ ասում է, որ պետք է անհապաղ կապ հաստատել ռուսական կողմի հետ եւ վճռականորեն ասել, որ կամ Ռուսաստանը մատակարարում է անհրաժեշտ սպառազինությունները, կամ «մենք թողնում եւ դուրս ենք գալիս»: 

Հայտնի չէ, թե ով է տեսագրել Անվտանգության խորհրդի փակ նիստը, տեսնյութն ինչպես է հայտնվել Բաբայանի քաղաքական հակառակորդների տրամադրության տակ: Նույն օրերին համացանցում լայնորեն տարածվել է նաեւ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ռուսլան Իսրայելյանը նախագահական ընտրություններում եղել է Արայիկ Հարությունյանի մրցակիցը, իսկ մինչ այդ «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ավելի վաղ նա աշխատել է հարկային մարմիններում, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից է: Այդ հեռախոսազրույցի ընթացքում նա շատ կոպիտ արտահայտություններ է թույլ տալիս Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ Արայիկ Հարությունյանը դժգոհում է, որ երրորդ օրն է՝ խնդրում է «Հայաստանից մարդ ուղարկել»: 

Ակնհայտ է, որ Շուշիի կորստի եւ դրան նախորդած օրերին Ստեփանակերտում փաստացի անիշխանություն է տիրել, իսկ հատուկ ծառայությունները կենտրոնացել են ներքին հակասությունների հետագա սրացման վրա: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *