Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Վիտալի Բալասանյանը: Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կուսակցություններից «Արդարությունը» հանրային ընկալմամբ Վիտալի Բալասանյանի քաղաքական հենարանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համագործակցության փորձ ուներ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանից:
Վահրամ Աթանեսյան
Մաս 77-րդ
2020 թ. նոյեմբերի 10-ին նախապես ծանուցվել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ իշխանության վերսահմանադրական մարմնի ձեւավորումը պահանջում է նաեւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Ժամեր անց, սակայն, «Միասնական հայրենիք» կուսակցությունը պաշտոնապես հերքեց այդ լուրերը: Այդ ընթացքում Սամվել Բաբայանը գտնվում էր Երեւանում: Պահպանվել է տեսագրությունը, թե ինչպես է նա նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան մտնում Հայաստանի կառավարության շենք: Ի պատասխան լրագրողների հետաքրքրության, նա ասել է, որ «կարեւոր մարդու հետ հանդիպում ունի»:
Զինադադարի մասին եռակողմ հայտարարության ոչ պաշտոնական տարբերակն այդ պահին արդեն համացանցում տարածված էր: Ըստ տարածված տեսակետի, այն տեղադրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ ուղեկցելով մեկ բառից բաղկացած մեկնաբանությամբ. «Տվեց»:
Նոյեմբերի 10-ին Սամվել Բաբայանի հայտարարություն տարածեց, որ թողնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ հրաժարվում «Արցախի հերոս» կոչումից ու «Ոսկե արծիվ» շքանշանից: Հիմնավորումն այն էր, որ պատերազմում պարտությունից հետո ինքը չի կարող կրել «Արցախի հերոս» կոչումը:
Զինադադարին հաջորդած երեք շաբաթների ընթացքում Ստեփանակերտում կայացվեց քաղաքական կարեւոր նշանակության երկու որոշում. Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Վիտալի Բալասանյանը: Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կուսակցություններից «Արդարությունը» հանրային ընկալմամբ Վիտալի Բալասանյանի քաղաքական հենարանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համագործակցության փորձ ուներ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանից: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Բալասանյանի նշանակումն ընկալվեց որպես մի կողմից խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին համագործակցության առաջարկ, մյուս կողմից՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ հուսալի կապի ապահովում:
Կար իշխող տեսակետ, որ նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանն ունեցել է Մոսկվայի աջակցությունը: Երկրորդ սկզբունքային որոշումը Կամո Աղաջանյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը եւ Երեւանում Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ նշանակելն էր:
(Շարունակելի)
