Հայաստան

Վարդանիկի Անփառունակ Վերադարձը

Նրա ձերբակալությունը ոչ միայն քրեական դեպք է, այլ խորհրդանշական քաղաքական ազդակ։ Այն ցույց է տալիս, որ հեղափոխությունից հետո, հին համակարգի որոշ մնացորդներ շարունակում են փորձել վերակենդանանալ՝ հին մոդելները վերադարձնելու նպատակով։

Մկրտիչ Իսրայելյան

Գյումրին կրկին հայտնվել է օրվա լրահոսի գլխագրերում։ Սակայն այս անգամ՝ ցավոք ոչ թե մշակութային և մարզական ձեռքբերումներով, կամ քաղաքային նոր ծրագրերով, այլ հին բարքերի վերադարձի աղմկոտ բացահայտմամբ։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է կոռուպցիայի, բիզնես-իշխանություն խառնվածքի և տեղական գողապետության խորհրդանիշի հետ, կրկին հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Նրա ձերբակալությունը ոչ միայն քրեական դեպք է, այլ խորհրդանշական քաղաքական ազդակ։ Այն ցույց է տալիս, որ հեղափոխությունից հետո, հին համակարգի որոշ մնացորդներ շարունակում են փորձել վերակենդանանալ՝ հին մոդելները վերադարձնելու նպատակով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վարդան Ղուկասյանը կրկին ներգրավված է եղել կաշառքի ու ազդեցության վաճառքի սխեմաներում։ Սխեմաները նոր չեն․ նույն մեթոդները, նույն ծանոթ շրջանակները, նույն մտածողությունը՝ թե կարելի է ժողովրդի վստահությունը վերածել անձնական եկամտի։

2018-ից հետո հասարակությունը սպասում էր, որ հին գողապետական համակարգը վերջնականապես անցյալում կմնա։ Սակայն հենց այն պահից, երբ Վարդանիկի նման դեմքերը կրկին սկսեցին վերադառնալ տեղական իշխանության դաշտ, պարզ դարձավ, որ պայքարը դեռ ավարտված չէ։ Ղուկասյանի նման մարդկանց վերադարձը ցույց է տալիս, որ հին մտածողությունը դեռ փորձում է շնչել։ Գյումրին վաղուց հոգնել է կեղծ խոստումներից։ Քաղաք, որն անցել է աղետի, աղքատության ու անարդարության միջով, այլևս չի հանդուրժում տեղական իշխանավորների գռեհիկ վերականգնումը։ 

Հուսանք այսօրվա դեպքը կդառնա հստակ սահմանագիծ՝ հին և նոր մոտեցումների միջև։ Հասարակությունը սպասում է ոչ թե հերթական աղմուկի, այլ հետևողական արդարադատության։ Գյումրին այլևս չի կարող թույլ տալ, որ հին սխեմաները կրկին արմատավորվեն քաղաքային կառավարման համակարգում։

Մկրտիչ Իսրայելյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *