Ուժային կառույցներն ամեն ինչ արել էին, որպեսզի Բաբայանի հանրահավաքին քիչ մարդ մասնակցի: Հատուկ ծառայությունները հրապարակին հարող շենքերի կտուրներին դիպուկահարներ էին տեղաբաշխել, իսկ քարոզչությունն այնպիսին էր, որ «Բաբայանը պատրաստվում է զինված իշխանափոխություն իրականացնել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 88-րդ
2023 թվականի մարտի կեսերին տեւական բացակայությունից հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Երեւանից տեղափոխվեց Ստեփանակերտ: Այդ առթիվ նրա համակիրների շրջապատից տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում փոխարինած Գուրգեն Ներսիսյանը «միջանկյալ դեմք է, շուտով Բաբայանը կփոխարինի նրան»:
Տպավորությունն, իրոք, այնպիսին էր, որ Բաբայանը Ստեփանակերտ է տեղափոխվել կարեւոր առաքելությամբ: Նա մի քանի օրվա ընթացքում բացել էր գրասենյակ, որտեղ պարբերաբար հանդիպումներ էր ունենում նախկին զինվորականների, քաղաքական, հանրային եւ մտավորական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Այդ փուլում Արայիկ Հարությունյանը սուր քննադատության էր ենթարկվում, քանի որ ՀՅԴ-ն, ԱԺ «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, ինչպես նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի շրջապատից քարոզչություն էր տարվում, որ «Ռուբեն Վարդանյանը պաշտոնից հեռացվել է Իլհամ Ալիեւի պահանջով»:
Վարդանյանն իր հերթին հայտարարել էր, որ Արցախից չի հեռանա, կշարունակի պայքարը:
Այդ փուլը համընկավ Բաքվից տարածված տեղեկատվությանը, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմը «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրում է ինտեգրացիայի հարցերով քննարկումների»: Առայսօր ճշտված չէ՝ Ալիեւի աշխատակազմը գրավոր առաջարկություն ներկայացրե՞լ է, թե այդ տեղեկությունը միայն «ստուգողական նպատակ էր հետապնդում»,- բայց Ստեփանակերտի պատասխանը մերժողական էր այն իմաստով, որ դրվում էր միջազգային միջնորդության շրջանակներում եւ կարգավորման հայտնի սկզբունքների հիման վրա բանակցություններ սկսելու խնդիր:
Նույն շրջանում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական հակառակորդների ճամբարից տեղեկություն տարածվեց, որ նա «գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ»: Իշխող տեսակետ էր, որ այդ «բանակցությունները երկու տարի առաջ սկսել է Արայիկ Հարությունյանը, Բաբայանը շարունակում է եւ հանդես է գալիս որպես նախագահի իրավահաջորդ»: ՀՅԴ-ն եւ Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանը շրջապատը Սամվել Բաբայանի դեմ քաղաքական դաշինք ձեւավորելու գործընթացն ավարտին հասցրին արդեն հաջորդ երկու ամիսներին:
Մայիսի 15-ին Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք անցկացրեց, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ: Նրա կողքին կանգնած էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ինչից կարելի էր ենթադրել, որ «Ազատ հայրենիք» կուսակցության մի թեւը կարող է սատարել Բաբայանին: Ուժային կառույցներն ամեն ինչ արել էին, որպեսզի Բաբայանի հանրահավաքին քիչ մարդ մասնակցի: Հատուկ ծառայությունները հրապարակին հարող շենքերի կտուրներին դիպուկահարներ էին տեղաբաշխել, իսկ քարոզչությունն այնպիսին էր, որ «Բաբայանը պատրաստվում է զինված իշխանափոխություն իրականացնել»: Արցախի ԱԱԾ-ի եւ ՆԳՆ «մեծագույն ծառայությունը» Բաբայանի հանրահավաքի տապալումն էր։
(Շարունակելի)
