ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՀ Քաղաքացին Պետք Է Իմանա 30 Տարվա Ճշմարտությունը

Ընդդիմությունը միայն մի կարգախոս ունի. «Ոչ նիկոլիզմին»: Իսկ թե իշխանություն ունենալու դեպքում ինչ ծրագիր է իրականացնելու, այդ մասին գերադասում է լռել: Եւ ստացվում է, որ նա ժողովրդին ասում է. «Տուր մեզ իշխանություն, հետո կասենք, թե ինչ ենք անելու, եւ ովքեր են անելու»: 

Վահրամ Աթանեսյան

Facebook-ի անձնական էջում Թբիլիսիից Երուսաղեմ ներգաղթած Նիլի Լաչովսկին, որ մասնագիտությամբ բժիշկ է, դիմել է Իսրայելում վարչապետ Բեինիամին Նաթանյահուի դեմ ձեւավորվող «Ոչ Բիբիին» շարժման կազմակերպիչներին. «Ես իրոք կուզենայի փաստարկված պատասխան լսել, թե ինչ է նշանակում «Ոչ Բիբիին» կոչը: Լոզունգներ պետք չեն, պատասխանեք այս հարցերին. Նրա փոխարեն կոնկրետ ի՞նչ եք դուք առաջարկում, նշեք ազգանուններ, որոշումներ, քայլեր, ոչ թե «ժամանակավոր կոմիտեի առաջնորդ չգիտես ինչի դեմ պայքարում», ո՞րն է անվտանգության ասպարեզում ձեր ծրագիրը, դուք ինչպե՞ս եք երկիրը պաշտպանելու Իրանից, ՀԱՄԱՍ-ից «Հըզբալա»-ից, ի՞նչ եք անելու տնտեսության բնագավառում, դատական եւ անվտանգության համակարգում, տվեք կոնկրետ ծրագիր, ոչ թե «միայն թե Բիբին չլինի» մանտրա»: 

Եկող տարի Իսրայելում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Ընդդիմությունը վարչապետ Նաթանյահուին ամեն ինչի մեջ մեղադրում է, անգամ քարոզում, որ նա է «կազմակերպել ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որպեսզի ձեւավորի ռազմական կաբինետ եւ պահպանի խորտակվող իշխանությունը»: Նաթանյահուն միանգամից չորս քերական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան կասկածում են Կատարից «ճամպրուկներով առձեռն գումար ստանալու եւ պաղեստինցի ահաբեկիչներին գաղտնի ֆինանսավորելու» մեջ: Ընդդիմությունը պահանջում է ստեղծել «սեւ հոկտեմբերի 7-ի» հետաքննության Պետական հանձնաժողով, Նաթանյահուն դիմադրում է, փորձում խնդիրը վերապահել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի իրավասությանը: Այդուհանդերձ, մեջբերված գրառման հեղինակը չի ընդունում «ամեն ինչում Բիբին է մեղավոր» եւ «միայն թե Բիբին չլինի» մանտրան: Նրան հուզում է, թե Իսրայելին ինչ է սպասում Նաթանյահուից հետո, ուստի առաջադրում է խնդիր, որ ընդդիմությունը հրապարակի վարչապետի եւ կառավարության անդամների թեկնածուների անունները, ներկայացնի ոչ թե կարգախոսեր եւ կոչեր, այլ՝ իրական ծրագիր, գործնական քայլեր: 

Հայաստանում գրեթե նույն իրավիճակն է, ընդդիմությունը միայն մի կարգախոս ունի. «Ոչ նիկոլիզմին»: Իսկ թե իշխանություն ունենալու դեպքում ինչ ծրագիր է իրականացնելու, այդ մասին գերադասում է լռել: Եւ ստացվում է, որ նա ժողովրդին ասում է. «Տուր մեզ իշխանություն, հետո կասենք, թե ինչ ենք անելու, եւ ովքեր են անելու»: Ավելի քան չորս տարի է, Հայաստանի ընդդիմությունը չի կողմնորոշվում վարչապետի իր թեկնածուի եւ կառավարության անդամների հարցում: Բայց, ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում հանրային շրջանակներն ընդդիմությունը վերը բերված կարգի հարցեր չեն առաջադրում: Քաղաքացիների մի շատ զգալի հատվածը սատարում է Փաշինյանին, մյուսները բաժանված են տարբեր թեւերի, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի «փրկչի» իր պատկերացումը, «փրկության տեսլականը», որ, սակայն, վերջնարդյունքում հանգում է «Նիկոլը չլինի, ամեն ինչ կկարգավորվի» մտայնության: 

Ունենալով աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը, վայելելով Միացյալ Նահանգների բացահայտ աջակցությունը, Իսրայելը չկարողացավ լուծել Գազայի հարցը: Ավելին, նրա միջազգային վարկը լրջորեն սասանված է, իսկ Պաղեստինի պետության հռչակումն առավել, քան երբեք օրախնդիր է դարձել: «Իսկ ու՞ր են, որո՞նք են ձեր կառավարման տարիների հաջողությունները, ինչու՞ ժամանակին ահաբեկչության դեմ պայքարի հարցը չի լուծվել»,-Իսրայելի նախկին իշխանություններին հարցնում է Նիլի Լաչովսկին: Այս հարցն առավել քան արդիական է նաեւ Հայաստանում, որտեղ հինգ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Արցախը «հանձնելու» մեջ: Հայաստանում պետք է ձեւավորվի համանման խոսույթ: Հայաստանը, ինչպես Իսրայելը, կանգնած է ճակատագրական ընտրության առջեւ: Հայաստանի քաղաքացին պետք է իմանա անցած երեսուն տարվա իրադարձությունները: Դա կարող է շատ ցավոտ, բայց միակ օգտակար «վիրահատությունը» լինել: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *