Քոչարյանը նշում էր, որ Հայաստանն ավելի մեծ միության մաս պետք է դառնա՝ ակնարկելով միութենական պետությանը։ Նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Քոչարյանը դեմ է Հայաստանի լիարժեք անկախությանը, և որ նրա ինչ-որ ժամանակյա հակառուսական կամ անկախական դիրքորոշումները պարզապես խորամանկություն էին։
Լիլիթ Դալաքյան
Armtimes-ը զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Քննարկումը կենտրոնանում է Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վրա, մասնավորապես անդրադառնալով նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դերակատարմանը և նրանց հնարավոր վերադարձին քաղաքական դաշտ:
Լիլիթ Դալաքյանը նշեց, որ իր նախորդ գրառման մեջ հիշատակված «մենք կմիջամտենք մեր ձևով» արտահայտության հեղինակն ըստ էության Ռոբերտ Քոչարյանն էր՝ 2002 թվականի իր հայտարարության համատեքստում։ Քաղաքագետը հիշեցրեց, որ 1998 թվականի հոկտեմբերի 28-ի դեպքերից հետո Վազգեն Սարգսյանի կողմնակից պատգամավորների և լայն հանրության շրջանում ձևավորվել էին ուժեղ կասկածներ, որ հոկտեմբերի 27-ի սպանությունները հնարավոր էր կանխել, հատկապես Նաիրի Հունանյանի ցուցմունքներից հետո, որոնք նա փոխեց անմիջապես Քոչարյանի խոսքից հետո։ Դալաքյանի գնահատմամբ՝ դա «վանգայական» ճշտությամբ կանխատեսում էր, ինչը ինքնին հարցեր էր առաջացնում։ Ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ընդդիմադիր պատգամավորները եզրակացրեցին, որ Քոչարյանը և ուժային կառույցները կարող էին կանխել հոկտեմբերի 27-ը և տեղյակ էին, որ նման վտանգ կարող էր լինել։ Այդ զեկույցը պետք է մտներ ԱԺ օրակարգ, սակայն Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը ամեն կերպ փորձում էր խուսափել քննարկումից և քվեարկությունից, քանի որ զեկույցը նաև ենթադրում էր Քոչարյանին անվստահություն հայտնելու հարցի կցում։
Դալաքյանը հիշեցրեց, որ հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ ամբիոնի գրավումը ընդդիմադիրների կողմից, ինչպես նաև Լևոն Սարգսյանի հայտնի սադրանքը։ Այդ իրադարձությունների ժամանակ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ եթե պատգամավորները դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից, «մենք կմիջամտենք մեր ձևով»՝ նրանց կարգի հրավիրելու համար։Քոչարյանը այդ խոսքը գործ դրեց, փոխելով ԱԺ կանոնակարգը՝ մամուլում հայտնի «ականջ քաշելու օրենքով»՝ արգելելով ամբիոնի գրավումը։ Դալաքյանը նշեց, որ դա հակաօրինական միջամտություն էր, և նմանատիպ գաղափարախոսություն ունեցող շրջանակները միջամտում են քաղաքական պրոցեսներին նույն մեթոդաբանությամբ։ Քաղաքագետը հավելեց, որ սա հենց այն անալոգիան է, որ ինքը անցկացրել էր՝ ոչ թե կապելով Սամվել Կարապետյանին Քոչարյանի հետ, այլ ցույց տալով նույն կոշտ, ճնշողական մտածողության մեխանիկան։
Դալաքյանը նշեց, որ վերջին տարիներին Քոչարյանն ու նրա շրջապատը փորձում են մաքրագրել իրենց իշխանության տարիները՝ առանձնապես հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից, Պողոս Պողոսյանի սպանությունից։ Նա ընդգծեց, որ նույնիսկ եթե քննություններ չեն իրականացվել, հանրային կասկածները ծանր էին։ Քաղաքագետը հիշեցրեց, որ 2003-ին ընդդիմությունն աննախադեպ աջակցությունուներ, և հանրությունը տեսել էր թե ինչպես էր Քոչարյանի իշխանությունը կիրառում բռնություն 2004 թվականի ապրիլի 12-ին։ Նա կարծում է, որ Քոչարյանի կողմից «հանրային համերաշխության» խոսակցության մեջ որևէ հավատ չկա, քանի որ նրա ողջ պատմական գործունեությունը հակասում է խաղաղության մասին իր խոսքին։
Քաղաքագետը անդրադարձավ նաև Քոչարյանի պատկերացրած երկրի մոդելին՝ հիշեցնելով նրա այն պնդումը, որ Հայաստանը 29 հազար քկմ-ով «չիկարող գործոն լինել»։ Նա հիշեցրեց նաև 2022-ի հարցազրույցը, որտեղ Քոչարյանը նշում էր, որ Հայաստանն ավելի մեծ միության մաս պետք է դառնա՝ ակնարկելով միութենական պետությանը։ Դալաքյանի համոզմամբ՝ նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Քոչարյանը դեմ է Հայաստանի լիարժեք անկախությանը, և որ նրա ինչ-որ ժամանակյա հակառուսական կամ անկախական դիրքորոշումները պարզապես խորամանկություն էին։ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների տարիներին Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվում էր որպես «Ռուսաստանի կցորդ», և նրանց կողմից քննադատվող նույն միութենական պետության գաղափարը այսօր նրանց իսկ հակասությունների արտացոլումն է։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե 2026-ի խորհրդարանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տեղ չենունենալու, Դալաքյանը ասաց, որ չի հավատում, թե դա քաղաքական որոշում է՝ նրանց քաղաքականապես չեզոքացնելու ուղղությամբ։ Նանշեց, որ Սերժ Սարգսյանը վաղուց ակնարկել է, որ չի մասնակցելու քաղաքականությանը, իսկ Քոչարյանի առումով իշխանության գործողությունները ավելի շատ նպաստում են նրան, քան վնասում՝ լրատվական դաշտում մշտապես պահելով նրա մասին օրակարգը։
Դալաքյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանին «հալածյալ» դարձնելը սխալ էր, եթե դա չի արվելհատուկ քաղաքական հաշվարկով՝ Քոչարյանին փոխարինելու համար։ Նրա կարծիքով՝ ավելի հավանական է, որ իշխանության նպատակն էր հենց այդ փոխարինումը՝ Սամվել Կարապետյանին ներկայացնելով որպես «ավելի կոռեկտ» և արևմտյան միջավայրում ընդունելի ընդդիմադիր։
Քաղաքագետը անդրադարձավ նաև Զատուլինի մասին իր հրապարակումներին։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պնդում են, որ Հայաստանում 2018-ի հեղափոխությունը «դրսից ուղղորդված» գործընթաց էր, սակայն, ըստ նրա, դրսի որևէ աջակցություն չի կարող արդյունավետ լինել, եթե ներսում չկա հզոր դժգոհություն։ Դալաքյանը հիշեց Արմեն Աշոտյանի խոսքերը, ըստ որոնց՝ «Նիկոլի սելֆիի ձողն էլ լիներ՝ կընդունվեր», ինչը ինքնին խոսում էր ժողովրդի խոր դժգոհության մասին։ Նա նշեց, որ նույնիսկ այսօր նախկին իշխանությունները այնքան անընդունելի են հանրության համար, որ իշխանությանը ձեռնտու է նրանց պահել քաղաքական դաշտում՝ որպես հակապատկեր։ Վերադառնալով Զատուլինի գաղտնալսումներին՝ Լիլիթ Դալաքյանը նշեց, որ այնտեղ խոսվում էր անգամ էլեկտրաշոկերի ձողեր և ռումբեր ներկրելու մասին Ուկրաինայի «հեղափոխության» համար։ Նա ասաց, որ Ռուսաստանը երբեք չփորձեց հեռու մնալ նման պրոցեսներից, պարզապես անվանեց այն «ռուսական գարուն»։ Դալաքյանը սա համեմատեց Հայաստանի նախկին գործերով, որտեղ նույնպես եղան նմանատիպ մեղադրանքներ։
Դալաքյանը ընդգծեց, որ եթե հաշվի առնենք Փաշինյանի 2018-ի հայտարարությունը՝ ընտրակեղծիքներին մասնակցած կուսակցություններին արգելելու մասին, իրավական հիմքերը առկա են։ Սակայն նա նշեց, որ ապօրինի գույքի գործերի ընթացքը ծիծաղելի է, վաղեմության ժամկետներն անցած են, և գործերը ավելի շատ քաղաքական շոու են, քան իրական իրավական պրոցես։
Անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին՝ Դալաքյանը նշեց, որ ընդդիմությունն իրարահաջորդ հայտարարություններով վստահեցնում էր՝ հաղթանակը իրենցն է լինելու, սակայն իրականում պարտություն կրելով՝ սկսեց վիրավորել ընտրողներին։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը երբեք լուրջ չի վերցրել քաղաքական պրոցեսները, և հիշեցրեց, որ ժամկետներ սահմանող ցանկացած ընդդիմություն դատապարտված է անհաջողության։ Նա ընդգծեց, որ ընդդիմությունն այս անգամ անգամ չէր վիճարկում ընտրությունների արդյունքները։Մասնակցության ցածր ցուցանիշը ցույց է տալիս՝ իրական այլընտրանք չի եղել։ Գյումրիի և Երևանի օրինակները, ըստ նրա, ապացուցում են, որ իրական այլընտրանքի դեպքում իշխանությունը կարող էր կորցնել զգալի ձայներ։ Իսկ ընդդիմության հարցում հասարակությունը վաղուց արդեն համոզված է, որ այն ներկայացնում է նույն շրջանակը՝ տարբեր դեմքերով։
Նա նաև հավելեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են լի լինել անակնկալներով՝ կոմպրոմատների շրջանի մտնելով։ Դալաքյանը նկատեց, որ Քոչարյանն ու Սարգսյանը գիտեն, որ չեն անցնելու, և պայքարը լինելու է կոմպրոմատների միջոցով։ Նա նշեց, որ այդ ամենը զգալիորեն ազդելու է ձայների բաշխման վրա։
Վերջում քաղաքագետը խոսեց նաև Էջմիածնի արդյունքների մասին՝ նշելով, որ դա կարևոր ազդակ էր եկեղեցու համար։ Նրա կարծիքով՝ Գարեգին Բ-ի նկատմամբ վստահության հանրաքվեն փաստացի «անհաջող» անցավ Էջմիածնում, ինչը շատ կարևոր քաղաքական հետևանքներ է ունենալու։ Նա նաև համատեղեց Խաչիկ գյուղում տեղի ունեցածը՝ նկատելով, որ վերջինը ևս ազդակ է, որ «օղակը սեղմվում է» եկեղեցական համակարգի շուրջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
