Ռուսաստանի վիճակը ծանր է. ռազմական ծախսերը նվազել են, նավթի գինն ընկել է, Հնդկաստանը և Չինաստանը նվազեցրել են գնումները, արտաքին ֆինանսական միջոցներ չկան, Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից էլ ոչինչ չեն ստանալու։ Նույնիսկ 100 միլիարդ դոլարի՝ Ուկրաինայի վերականգնման համար նախատեսված գումարի գաղափարին էին համաձայնել, միայն թե գոնե մի մասը հետ ստանան։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարձությունները, ներառյալ Ուկրաինայի և Ադրբեջանի վերաբերմունքը մեծ տերությունների նկատմամբ, Մոլդովայի հակառուսական փորձի կարևորությունը Հայաստանի համար։ Զրույցը նաև շոշափում է ընտրական գործընթացում ապօրինի ֆինանսավորման կանխարգելման և անցյալի իշխանության բռնազավթման դեպքերով պայմանավորված «փաստահավաք խմբի» ձևավորման անհրաժեշտությունը։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր այդքան ոգևորվել էին ամերիկա-ռուսական վերջին պայմանավորվածություններից, հատկապես այդ հայտնի 28 կետերից, շատ շուտ են ուրախացել։ Նա դիտարկում է, որ հիմա Ռուբիոն բանակցում է Ուկրաինայի ներկայացուցչի՝ Ումարովի հետ, նաև Եվրոպայի հետ, իսկ Թրամփը, երբ հարցրել են՝ կզրկի՞ արդյոք Ուկրաինային զենքի մատակարարումներից, եթե Կիևը չհամաձայնվի, պատասխանել է՝ «կտեսնենք, կքննարկենք»։ Զելենսկու հայտարարությունից հետո, երբ նա ակնարկեց, որ դա արժանապատվության հարց է և Ուկրաինան կընտրի արժանապատվությունը, այլ ոչ թե «ցուրտ ձմեռը», ակնհայտ դարձավ՝ Թրամփին դեմք փրկելու հնարավորություն են տալիս։ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ արդյունքում արդեն համաձայնեցնում են կետերը հենց Ուկրաինայի հետ, քանի որ Պուտինը շտապեց հայտարարել՝ պատրաստ են բանակցել։ Նա ընդգծեց, որ Պուտինն այլևս ոչ թե դեմք, այլ երկիր և իշխանություն փրկելու խնդիր ունի։
Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանի վիճակը ծանր է. ռազմական ծախսերը նվազել են, նավթի գինն ընկել է, Հնդկաստանը և Չինաստանը նվազեցրել են գնումները, արտաքին ֆինանսական միջոցներ չկան, Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից էլ ոչինչ չեն ստանալու։ Նա նշեց, որ նույնիսկ 100 միլիարդ դոլարի՝ Ուկրաինայի վերականգնման համար նախատեսված գումարի գաղափարին էին համաձայնել, միայն թե գոնե մի մասը հետ ստանան։ Այդ ամենը ցույց է տալիս՝ այն մարդիկ, ովքեր հույս ունեին, թե Ռուսաստանը շուտով կկտրի Ուկրաինայի «կտորները» և կվերադառնա տարածաշրջան, շատ շուտով կտեսնեն իրականությունը։ Նա դիտարկում է, որ ԱՄՆ-ն արագ տեմպերով մտնում է Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, իսկ Ռուսաստանը առանձնապես չի դիմադրում, քանի որ Ուկրաինայի շուրջ Թրամփի հետ բանակցություններն ավելի կարևոր են համարում։
Ըստ նրա՝ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքը փաստորեն ապահովում է Ռուսաստանի մեղմ դիրքը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցում։ Խուրշուդյանը հիշեցրեց C5+1 ձևաչափը, ԱՄՆ-ի ներդրումային խոստումները, բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների արտադրություն, պետքարտուղարի տեղակալի այցը, Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցը և լուրջ պայմանավորվածությունները։ Ղազախական նավթը Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գնալը մեզ դարձնում է էներգետիկ առումով լիովին ինքնաբավ և ռազմավարական նշանակության երկիր։ Նա կարծում է, որ տրանզիտային վճարներից բացի, շատ ավելի եկամտաբեր են բարձր տեխնոլոգիական ոլորտները, իսկ նավթի և գազի վրա կարելի է կառուցել նավթավերամշակման գործարաններ, ժամանակակից ջերմաէլեկտրակայաններ, լուծել էներգետիկ խնդիրները։ Այս ամենը հնարավոր է միայն այն նոր քաղաքական ուղեգծի շնորհիվ, որով Հայաստանը սերտացնում է հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, որտեղ կան տեխնոլոգիաները, փողը և, ամենակարևորը, անվտանգության երաշխիքները։
Հովսեփ Խուրշուդյանը նաև կանգ առավ Մոլդովայի փորձի վրա, որտեղ վերջերս մասնակցել էր անվտանգության ֆորումի։ Նա ասաց, որ Մոլդովան հաջողությամբ դիմադրել է ռուսական հիբրիդային պատերազմին, և այդ փորձը պետք է փոխանցվի Հայաստանին։ Ըստ նրա՝ բոլոր քայլերը նույնական են, քանի որ ուղղորդվում են Կրեմլի Կիրիենկոյի գրասենյակից։
Խուրշուդյանը հիշեցրեց, թե ինչպես են անցած տարի մոլդովացի և հայ երիտասարդներին միասին տարել Մոսկվա «պատմությանը ծանոթացնելու» քողի տակ, իսկ հետո պարզվել էր, որ դա նախընտրական արշավ էր՝ ռուսական նարատիվներ սերմանելու համար։ Նա նշեց, որ Մոլդովայի իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկել՝ փակել են Շորի օլիգարխի ֆինանսական հոսքերը, բռնել կաշառք բաժանողներին, արգելել որոշ ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Հայաստանում էլ հնարավոր է նույնը՝ զտել այն ուժերին, որոնք կօգտագործեն հակաօրինական մեթոդներ, և թույլ չտալ նրանց մասնակցել ընտրություններին։ Նա ընդգծեց, որ այդ գործընթացին միջազգային աջակցություն կլինի։
Խոսելով փաստահավաք խմբի մասին՝ Խուրշուդյանը դժգոհություն հայտնեց, որ խումբը ձևավորվել է խիստ սահմանափակ կազմով, առանց բավարար ֆինանսավորման և հաղորդակցման։ Նա ինքն էլ առաջադրվել էր, բայց մրցույթը ձախողվել է՝ ընդամենը 4 դիմումի պատճառով։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է վերաբացի մրցույթը, նորմալ ժամկետ և հաղորդակցություն ապահովի, որպեսզի խումբը կարողանա մինչև ընտրություններ նախնական զեկույց ներկայացնել, իսկ վերջնականը ազդի սահմանադրական փոփոխությունների վրա։
Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ իշխանության բռնազավթումը ամենամեծ հանցագործությունն է, և այն մարդիկ, ովքեր դա արել են, չեն կարող նորից քաղաքական գործիչներ լինել ու մասնակցել ընտրություններին։
Վերջում նա ընդգծեց, որ պետք է վճռականություն ցուցաբերել ներքին ռուսական պրոքսիների նկատմամբ, քանի որ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, գալիս են բացառապես Արևմուտքից։ Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանը փորձում է նաև Ադրբեջանի միջոցով ազդեցություն գործել, բայց Ալիևն արդեն «թռել» է ռուսական պայմանավորվածություններից և ընտրել Արևմուտքի հետ համագործակցությունը, քանի որ հասկանում է Ռուսաստանի թուլացումը և տարածաշրջանում Արևմուտքի թափը։ Հարավային Կովկասն այսօր դիտարկվում է որպես միասնական տարածք, և Հայաստանն այդ փազլի կենտրոնական մասն է կազմում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
